Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13.03.20 (թարմացվող)
22:22 - 13 մարտի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13.03.20 (թարմացվող)

22:15- Վրաց միլիարդատեր Բիձինա Իվանիվիլիին պատկանող «Քարթու» հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել ցանկացած ֆինանսական կամ այլ տիպի վնասի դեպքում, սեփական միջոցներից պետությանը հատկացնել այն ծավալի ֆինանսական ռեսուրս, որն անհրաժեշտ կլինի։


22:00- Կորոնավիրուսով վարակի ընդհանուր դեպքերի թիվը գերազանցեց 140.000-ը։ Ներառված չեն վերջին 24 ժամում Ֆրանսիայում և Իտալիայում գրանցված դեպքերը։


21:53- Իտալական «Սամպդորիայի» ևս չորս ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով՝ Ա սերիայի ֆուտբոլիստների շրջանում վարակակիրների թիվը հասցնելով 6-ի։ Ավելի վաղ  կորոնավիրուս էր հաստատվել թիմի  մեկ այլ հարձակվողի և  «Յուվենթուսի» պաշտպան Դանիելե Ռուգանիի մոտ։


21:38- Պերուն հայտարարել է, որ երկուշաբթի օրվանից 30 օրով կասեցնում է Եվրոպա մեկնող ու Եվրոպայից վերադարձող բոլոր թռիչքները։


21:32- Հունաստանի առողջապահության գերատեսչությունները հայտարարել են հակավիրուսային միջոցառումների խստացման մասին։ Մասնավորապես, փակվում են բոլոր բարերը, ռեստորանները, արագ սննդի կետերն ու գեղեցկության սրահները։ Սուպերմարկետներն ու դեղատները կարող են շարունակել աշխատել սովորական ռեժիմով։


21:30- Վենեսուելայում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը։


21:28- Անգլիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հետաձգվել են մինչև 2021թ մայիս։


21:15- Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում որոշել ենք մարտի 16-ին  արտակարգ հանդիպում կազմակերպել G7-ի բոլոր ղեկավարների հետ՝ տեսակոնֆերանսի միջոցով: Մենք կհամակարգենք պատվաստանյութերի և բուժումների վերաբերյալ հետազոտությունները, նաև  կաշխատենք տնտեսական և ֆինանսական միջոցառումների ուղղությամբ։ [Էմանուել Մակրոն]


21:13- Շվեյցարիան փակում է բոլոր դպրոցները։ Կառավարությունը նաև որոշում կայացրեց մոտ 10 միլիարդ շվեյցարական ֆրանկ հատկացնել որպես օգնություն վիրուսի համաճարակից տուժած գործարարների համար։


21:11- Մեծ Բրիտանիայում դպրոցները կմնան բաց այնքան ժաման, մինչև որ կառավարությունը փակման որոշում կայացնի: [Մեծ Բրիտանիայի կրթության քարտուղար Գևին Ուիլյամսոն]


21:05- Apple-ի՝ հունիսին կայանալիք ծրագրավորողների ամենամյա WWDC 2020 կոնֆերնսն այս տարի առաջին անգամ կանցկացվի առցանց։


21:04- Եվրոպան դարձել է կորոնավիրուսի համավարակի կենտրոն: Մեկ օրվա ընթացքում այդ տարածաշրջանից վարակման ու մահվան ավելի շատ դեպքերի մասին ենք հայտարարություն ստացել, քան Չինաստանից էինք ստանում հիվանդացության պիկի ժամանակ: [ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեիսուս]


21:00- Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Իրանի անվտանգության աշխատակիցները կդատարկեն Իրանի բոլոր քաղաքների փողոցները առաջիկա 24 ժամվա ընթացքում, այդ մասին հայտնել է պաշտոնական հեռուստաալիքը։ Որոշումը կայացվեց նրանից հետո, երբ ԱՀԿ-ն նշեց, որ Իրանը պետք է խստացնի վարակի դեմ ձեռնարկվող միջոցները։


20:30- Առաջիկա հանգստյան օրերին նախատեսված Գերմանիայի Բունդեսլիգայի 26-րդ տուրի հանդիպումները հետաձգվել են։ Նախատեսված էր դրանք անցկացնել առանց հանդիսականների, սակայն ղեկավարությունը որոշել է ռիսկի չդիմել։ Երկրում Ֆուտբոլային մրցաշարերը դադարեցվել են մինչև ապրիլի 2-ը, որից հետո կընդունվի իրադրությանը համապատասխան որոշում։


20:05- Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Facebook-ի իր էջում նա գրել է, որ անցկացված թեստը բացասական արդյունք է տվել, ապա հորդորել է չհավատալ կեղծ լուրերին։ Ավելի վաղ բազմաթիվ միջազգային պարբերականներ հայտնել էին, որ Բոլսոնարուի՝ կորոնավիրուսի առկայության առաջին թեստը դրական է:


19:17- Չինական Ալիբաբա առցանց առևտրայի հարթակի կողմից հիմնադրված Ջեկ Մա բարեգործական հիմնադրամը հայտարարել է, որ ԱՄՆ-ին կնվիրի 500,000 թեստ ու մեկ միլիոն դիմակ։


19:15- Վրաստանի կառավարության որոշմամբ՝ հյուրանոցներին, ռեստորաններին, տուրիստական գործակալություններին, տրանսպորտային և էքսկուրսիաներով զբաղվող կազմակերպություններին հնարավորություն է տրվել 4 ամսով երկարաձգել եկամտային ու սեփականության հարկերի վճարումը: Խոսքը մոտ 18.000 կազմակերպության ու 50.000 ֆիզիկական անձի մասին է: [Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիա] 


19:02- Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11.364-ի, որոնցից 514-ը մահացել է: Միաժամանակ, վարակվածներից 3.529-ն առողջացել է: Այս մասին գրում է ԻՌՆԱ-ն՝ վկայակոչելով Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրին:


18:50- Մեծ Բրիտանիայի խնամքի կենտրոններն արգել են ցանկացած տեսակի այցելություններ։ 


18:46- Իսպանայի կառավարությունը կհայտարարի արտակարգ իրավիճակ: Երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը անցել են 4,200-ը, իսկ մահացածների թիվը՝ 120-ը։ Իտալիայից հետո Իսպանիան 2-րդ ամենաշատ դեպքեր գրանցած եվրոպական երկրին է։ Հիշեցնենք, որ Իտալիայում վարակվածների թիվը գերազանցել է 15,000-ը, 1,000-ից ավել մարդ մահացել է։ 

18:42 -Մալդիվներում աշխարհում առաջին կղզային առողջարանն են բացել այն զբոսաշրջիկներին մեկուսացնելու համար, որոնք կարող են ախտահարված լինել COVID-19 կորոնավիրուսով: Այդ մասին հայտնել Է Մալդիվների կառավարությունը։ 

18:30 - Ներկայում վարակվածների թիվն ամբողջ աշխարհում ավելացել Է մինչեւ 134 հազար, մահացել Է 5055 մարդ՝ ախտահարվածների մոտավորապես 3,75 տոկոսը: |ՏԱՍՍ|

18:16- Ուկրաինայում այսօր գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը։ Այն գրանցվել է Ժիտոմիրի շրջանում, մահացածը 71-ամյա կին է, որի մոտ հիվանդությունն ախտորոշվել է մարտի 12-ին։

18:12- Ըստ Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախարարության, երկրում այս պահի դրությամբ կա կորոնավիրուսի 798 գրանցված դեպք, 290-ով ավելի, քան երեկ։ 

18:10- Վրաստանը կփակի սահմանը ցանկացած պետության հետ, որը վտանգ կներկայացնի կորոնավիրուսի տարածման տեսանկյունից: Խոսքը միայն Ռուսաստանի մասին չէ: Ռիսկերի նվազեցման համար մենք սահմանին միջոցներ կձեռնարկենք ցանկացած երկրի նկատմամբ: [Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան՝ Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը ժամանակավոր փակելու հավանականության վերաբերյալ]


18:04- ԵՄ տնտեսության համար կորոնավիրուսը խոշորագույն շոկ է դարձել, բայց չպետք է պերմանենտ վնաս պատճառի: ԵՄ-ում կորոնավիրուսի տարածումն անհնար է կանգնեցնել, հնարավոր է միայն դրա տարածումը դանդաղեցնել, ինչի համար կպահանջվի Եվրամիության տնտեսական կյանքի դանդաղեցում։ ԵՄ-ն առավելագույնս կմեղմի կորոնավիրուսի հետեւանքով տուժած ձեռնարկություններին պետական օգնության տրամադրման կանոնները: Մենք պատրաստ ենք ավելին անել այն բանին զուգահեռ, թե իրավիճակն ինչպես կզարգանա։ [Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայեն]


18։02- Վրաստանի կառավարության որոշմամբ՝ մինչեւ 18 հազար ընկերություն, որոնք վնաս են կրել նոր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, 4 ամսով կազատվեն հարկերի վճարումից: |news.am|

 

18։00- Մալթա ժամանող յուքարնչյուր ոք պետք է պարտադիր 2-շաբաթյա կարանտին անցնի, այսօր հայտարարել է երկրի վարչապետ Ռոբերտ Աբելան։

 

17։56- Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 45-ի: Հիվանդության նոր դեպքեր են հայտնաբերվել Մոսկվայում (5 դեպք), Սանկտ Պետերբուրգում (3 դեպք), մեկական հիվանդ Լենինգրադյան, Մոսկովյան շրջաններում, ինչպես նաև Պերմի երկրամասում: Հիվանդ քաղաքացիները եղել են երկրներում, որտեղ կորոնավիրուսի տարածման առումով անբարվոք վիճակ է՝ Իտալիա, Ֆրանսիա, Ավստրիա: |panarmenian.net|

 

17։54- Բուլղարիայի խորհրդարանը երկրում մեկ ամսով արտակարգ դրություն է մտցրել՝ կորոնավիրուսի տարածման պատճառով:  Արտակարգ դրություն հայտարարելը տեղական իշխանություններին հնարավորություն է տալիս փակել մանկապարտեզները, դպրոցները, համալսարանները, չեղարկել հանրային միջոցառումները: Բուլղարիայում հաստատված է հիվանդության 23 դեպք, մեկ մարդ մահացել է: |aysor.am|

 

17։54- Ավստրիան Իտալիայի օրինակով փակում է բոլոր խանութները՝ բացառությամբ մթերայինների ու դեղատների։

 

17։53- Ֆրանսիան խստացնում է հակավիրուսային միջոցառումները։ Այսօր հայտարարվել է, որ արգելվում են 100+ զանգվածային հավաքները նախկին հազարի փոխարեն։

 

17։52- Ռումինիայի վարչապետի պաշտոնակատար Լյուդովիկ Օրբանն այսօր հայտարարել է, որ ինքը և իր գլխավորած Ազգային լիբերալ կուսակցության մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ 14 օրով ինքանամեկուսանում են, քանի որ կուսակցության մի ներկայացուցչի մոտ կորանավիրուս է աշխտորոշվել։

 

17։50- Մալդիվներում աշխարհում առաջին կղզային առողջարանն են բացել այն զբոսաշրջիկներին մեկուսացնելու համար, որոնք կարող են ախտահարված լինել կորոնավիրուսով: Հյուրանոցը կառուցել են 10 օրում՝ Վիլիվարու կղզում, որը գտնվում Է Մալե մայրաքաղաքից 24 կիլոմետր հեռավորության վրա: Բուժանձնակազմն այստեղ անվճար Է աշխատելու մեկուսացվածների համար, իսկ ֆինանսավորումը կատարվելու Է կառավարության հաշվին: |armenpress.am|

 

17։45- Կորոնավիրուսով վարակվածների թիվն Իսպանիայում մեկ օրում ավելացել Է ավելի քան հազարով, ախտորոշվել Է վարակման 4209 դեպք, 120 մարդ մահացել Է: |armenpress.am|

 

17։43- Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտենկորոնավիրուսի տարածման պատճառով որոշել է չեղյալ հայտարարել օլիմպիական ջահի փոխանցումավազքը: Որոշումը համատեղ կայացրել են միջազգային օլիմպիական կոմիտեն և Հունաստանի առողջապահության նախարարությունը: Կողմերը համաձայնել են, որ արդեն վառվող ջահը «Տոկիո-2020»-ի կազմկոմիտեին փոխանցվի մարտի 19-ին «Պանատինաիկոս» մարզադաշտում` առանց հանրության ներկայության: |tert.am|

 

17։40- Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կարծիքով պետությունները պետք է ավելի լավ համակարգեն գործողությունները՝ պայքարելու կորոնավիրուսի դեմ։ Ջոնսոնը անցած մի քանի օրվա ընթացքում հարցը քննարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոյի հետ։ Այօսր ևս պետք է այդ հարցը քննարկի։ Այս մասին  ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ջոնսոնի պաշտոնական խոսնակը։

 

17:05- Վրացական իշխանությունները պատրաստ են անհրաժեշտության դեպքում օգնել Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: Ավելի վաղ Հարավային Օսիան փակել էր Վրաստանի հետ սահմանին գտնվող բոլոր անցակետերը՝ կորոնավիրուսի պատճառով: Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 25 դեպք: |aysor.am|

 

17:00- Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 500-ը, ընդհանուր առմամբ գրանցվել է վարակվելու 11․364 դեպք: Ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 3259 մարդ: |panarmenian.net|

 

16:55- Ադրբեջանի ևս 4 քաղաքացու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Նրանք վերադարձել են Իտալիայից և Իրանից։ Հիվանդները հոսպիտալացվել են հատուկ ռեժիմով հիվանդանոցներում: Նրանց վիճակը նորմալ է, բուժումը շարունակվում է։ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 16-ի: |panarmenian.net|

 

16։40- Եթովպիան գրանցեց կորոնավիրուսի առաջին դեպքը։ Հիվանդը 48-ամյա ճապոնացի տղամարդ է, որը մարտի 4-ին Եթովպիա է ժամանել Բուրկինա Ֆասոյից։

 

16։30- Շվեյցարիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1100 -ը։ |aysor.am|

 

16:27- Իհարկե, մենք զգում ենք կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։ Սա չի նշանակում, որ ինչ-որ բան խստացվում է, համենայնդեպս, տարրական միջոցառումները մեր գործընկերների հանդեպ հարգանքի դրսևորում են: Մենք շատ հաճախ ենք հարբուխով և հազով աշխատանքի գնում: Պարզապես, այս իրավիճակում ավելի լավ է դրան վերաբերվել կրկնակի ուշադրությամբ: [ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով] |aysor.am|

 

16:25- Չեխիայի կառավարությունն այսօր որոշում է ընդունել մարտի 16-ից արգելել արտասահմանյան այն քաղաքացիներ մուտքը Չեխիա, որոնք այդ երկրում կեցության իրավունք չունեն: Կարգելվի նաև Չեխիայի քաղաքացիների ելքը երկրից: Մարտի 13-ի տվյալներով՝ Չեխիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 117 դեպք, հիվանդներից 2-ը գտնվում են ծանր վիճակում: |tert.am|

 

16:20- Մարտի 13-ի դրությամբ աշխարհում գրացվել է

  •  կորոնավիրուսով վարակման  135․318 դեպք (առավոտվանից + 6,975 դեպք),
  •  կորոնավիրուսի վարակից բուժվելու 69․645 (առավոտվանից + 1․321 դեպք),
  •  մահվան 4․981 դեպք (առավոտվանից + 261 դեպք),
    Վիրուսի առկայությունը հաստատված է 120 երկրում (առավոտվանից + 4 երկիր)։

 

16։10- Բելգիայում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդների թիվն աճել է՝ հասնելով 556-ի։ Նախօրեին 399 դեպք է գրանցվել: |aysor.am|

 

16։05- Դպրոցների և համալսարանների փակման կտրուկ աճով պայմանավորված` կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպել է գլոբալ տեսակոնֆերանս բարձրագույն կրթության ոլորտի պատասխանատուների համար: Տեսակոնֆերանսի նպատակը արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման ակտիվացումը և ամբողջ աշխարհում ուսումնական գործընթացի խանգարումները նվազագույնի հասցնելու ռազմավարությունների մշակման վերաբերյալ տեղեկատվության փոխանակումն է:

 

16։00- Մեծ Բրիտանիայի ազգային առողջապահական համակարգի աշխատակազմը դիմել է երկրի կառավարությանը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հիվանդների բուժման համար օգտագործվեն նաև մասնավոր հիվանդանոցները, եթե կորոնավիրուսի տարածվածության պատճառով պետական բուժհիմնարկների կարողությունները չբավարարեն։

 

15։50- Իտալիայի իշխանությունները պատրաստ են ձեռնարկել նոր, ավելի կոշտ միջոցներ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար, եթե կառավարության վերջին որոշումները չունենան ակնկալվող արդյունքը։ Այս մասին հայտարարել է Իտալիայի ներքին գործերի նախարար Լուչիանա Լամորջեզեն։ |aysor.am|

 

15:40- Կորոնավիրուսի համաճարակը փոփոխություններ է մտցրել Հունաստանի նոր նախագահ Եկատերինա Սաքելարոպուլուի երդման արարողության օրակարգում. արարողությունը կանցկացվի գրեթե առանց հյուրերի և խիստ կանխարգելիչ միջոցառումներով։ |aysor.am|

 

15:35- Անգլիայի Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումները մինչև ապրիլի 3-ը հետաձգվել են: Պատճառն աշխարհում մոլեգնող կորոնավիրուսի համաճարակն է: |armsport.am|

 

15:22- Երկուշաբթի օրվանից Խորվաթիայի բոլոր դպրոցները կփակվեն։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ երկրում մինչ օրս պաշտոնապես գրանցվել է վարակի 27 դեպք։

 

15:20- ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թարմփը նշել է,  որ կորոնավիրուսի դեմ պայքարում ԱՄՆ կառավարության բացթողումների համար պատասխանատու է երկրի նախկին նախագահ Բարաք Օբաման։ Թրամփի խոսքով՝ տասնամյակներ շարունակ Համաճարակների կառավարման ու կանխարգելման կենտորնը դիտում էր ու ուսումնասիրում իր թեստավորման համակարգը, բայց ոչինչ չէր անում։ Նախագահ Օբաման ձեռնարկեց փոփոխություններ, որոնք իրավիճակն էլ ավելի բարդացրին։

 

14։45- Կորոնավիրուսի պատճառով Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել է 2 շաբաթով: Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը ևս դադարեցվել է, բայց հայտնի չէ՝ որքան ժամանակով։ |armenpress.am|

 

14։30- Կորնավիրուսի պատճառով Ուեֆան հետաձգել է մյուս շաբաթ տեղի ունենալիք Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի բոլոր խաղերը։

 

14։25- Մեքսիկայի համաճարակաբանական ծառայության ղեկավարը հայտնել է կորոնավիրուսով վարակվելու երեք նոր դեպքի մասին. վարակված քաղաքացիները ավելի վաղ այցելել են Իսպանիա և Ֆրանսիա: Երկրում կորոնավիրուսով վարակների դեպքերի ընդհանուր թիվը հասել է 15-ի։ |aysor.am|

 

14։20- Չինաստանի ԱԳՆ  խոսնակ Գեն Շուանը չի հաստատել վերջերս ստացված տեղեկությունը, թե ամերիկյան զինուժը կորոնավիրուսը բերել է Ուհան: Շուանը շեշտել է, որ գիտնականները պետք է փնտրեն հիվանդության աղբյուրը: Այս հարցում, ինչպես ասել է դիվանագետը, անհրաժեշտ է լսել մասնագետների կարծիքը: Նա նաև հավելել է, որ հիվանդության տարածման ֆոնին վիրուսի աղբյուրի վերաբերյալ շատ ոչ հուսալի և ոչ գիտական տարբերակներ են առաջ գալիս, որոնք «սևացնում են» Չինաստանը: |shantnews.am|

 

14։17- Մադրիդի ղեկավարությունը չի բացառում, որ քաղաքը փակվի։ Այս մասին այսօր հայտնել է Մադրիդի քաղաքապետ Խոսե Լուիս Մարտինեզ–Ալմեյդան այն բանից հետո, երբ տարածաշրջանում վարակվածների թիվը գերազանցել է 2000-ը։

 

14։15- Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը բրիտանացիներին հորդորել է պատրաստ լինել կորոնավիրուսի պատճառով հարազատների կորստին, քանի որ վարակվածների թիվը կարող է շատ ավելին լինել, քան պաշտոնական տվյալները: Ըստ գիտնականների՝ երկրում կարող է լինել մինչև 10 հազար վարակակիր մարդ: |aysor.am|

 

14։12- Բուլղարիան դարձավ վերջին եվրոպական երկիրը, որը հայտարարել է արտակարգ դրություն։ Երկրի խորհրդարանը միաձայն ընդունել է որոշում երկրում մտցնել արտակարգ դրություն այն բանից հետո, երբ վարակվածների թիվը հասել է 23-ի։ Սահմանափակվում են թռիչքները դեպի վարակվածության բարձր ցուցանիշ ունեցող երկրները, ինչպես նաև՝ այդ երկրներից մուտքը, փակվում են դպրոցներն ու համալսարանները, ոստիկանությունը տրվում է թույլտվություն միջամտել այն դեպքերում, երբ խախտվում են վարակված մարդկանց մեկուսացման պայմանները։ Կառավարությունը նաև կվերանայի 2020թ բյուջեն՝ հատկացնելու ֆինանսական միջոցներ երկրի առողջապահական համակարգին։

 

14։10- Չեխիայի հանրապետությունը հայտարարել է արտակարգ իրավիճակ։ Փակվում են բոլոր սպորտային համալիրները, թատրոնները, կինոթատրոնները և այլ ժամանցային վայրերը, կասեցվում են մշակութային, կրոնական, համայնքային միջոցառումներն ու հանդիպումները։ Կառավարությունը նաև կարգադրում է, որ բարձր ռիսկայնություն ունեցող երկրներից վերադարձող քաղաքացիները ինքնմեկուսացվեն։

 

14։05- Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դը Բլազիոն հայտարարել է քաղաքում արտակարգ դրություն սահմանելու մասին՝ կորոնավիրուսի տարածման պատճառով: Ներկայումս վարակված է 95 քաղաքացի: Ըստ նրա` ճգնաժամային ժամանակահատվածը կարող է տևել ևս կես տարի: Պարոն Բլազիոյի որոշմամբ՝ Նյու Յորքի աշխատողների 10 տոկոսը  (մոտ 35 հազար) աշխատողներ կկատարեն իրենց պարտականությունները հեռակա կարգով: |aysor.am|

 

13։55- Նեպալի կառավարությունը մինչև ապրիլի վերջ կասեցրել է զբոսաշրջային մուտքի արտոնագրերի տրամադրումը և չեղարկել լեռնագնացների բոլոր արշավները, այդ թվում՝ դեպի Էվերեստ: Դա պայմանավորված է նոր կորոնավիրուսի համաճարակի բռնկմամբ: |panarmenian.net|

 

13։40- Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսի վարակից մահվան առաջին դեպքը: Ադրբեջանի մահացած քաղաքացին վերադարձել էր Իրանից: Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը 15 է: |aliq.ge|

 

13։35- Վարակն անձնագիր չունի: Մենք պետք է համատեղենք ջանքերը, կազմակերպենք մեր պատասխան գործողությունները, համագործակցենք: Մենք անպայման պետք է միջոցներ ձեռնարկենք, բայց պարտադիր չէ, որ դա լինի ազգային սահմանների փակումը։ [Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ի պատասպան Դոնալդ Թրամփի՝ Շենգենի գոտուց ԱՄՆ մուտքն արգելելու որոշմանը] |aliq.ge|

 

13։25- Ղազախստանի առողջապահության նախարարը հայտարարել է, որ երկրի 2 քաղաքացու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, սա վարակի առաջին գրացված դեպքն է Կենտրոնական Ասիայում։ 2 վարակված քաղաքացիները վերադարձել են Գերմանիայից ու այժմ հոսպիտալացված են Ալմաթիի մասնագիտացված հիվանդանոցում։

 

13:15- Չինաստանի ողջ տարածքում վերջին 24 ժամերին կորոնավիրուսի ընդամենը 8 նոր հաստատված դեպք է գրանցվել: Նույն ժամանակահատվածում կորոնավիրուսի հետևանքով 7 մարդ է զոհվել: Դեպքերի մեծամասնությունը գրանցվել է կորոնավիրուսի ծագման օջախ Հուբեյ նահանգում: Հարավային Կորեայի իշխանությունների տեղեկություններով ևս կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը օրեցօր նվազում է: Վերջին 24 ժամերին կորոնավիրուսի 110 նոր դեպք է արձանագրվել: 177 մարդ ամբողջությամբ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից։ |azatutyun.am|

 

13:10- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումով պաշտոնապես կասեցվել են բոլոր պետական ծառայողների ցանկացած տեսակի այցերն արտերկիր: Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով Թուրքիայի առողջապահության նախարարությանը կից գործող կորոնավիրուսի դեմ պայքարի գիտական խորհրդի կարգադրությունները: |tert.am|

 

12։45- ՉԺՀ-ից բուժաշխատողների բրիգադ Է ժամանել Հռոմ՝ իտալացի գործընկերներին օգնություն ցուցաբերելու կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման գործում: Չինաստանի մասնագետներն իրենց հետ բերել են բժշկական և պաշտպանիչ անհրաժեշտ նյութեր։ Ավելի վաղ չին բուժաշխատողները ժամանել Էին Իրան եւ Իրաք՝ օգնություն ցուցաբերելու ինֆեկցիան հաղթահարելու գործում: |armenpress.am|

 

12:25- Քենիայում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը, որից հետո կառավարությունը որոշում է կայացրել արգելել բոլոր տեսակի զանգվածային միջոցառումները։ Վարակվածը կին է, որը Մեծ Բրիտանիայով Քենիա է վերադարձել ԱՄՆ-ից։

 

12։05- Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական, նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին կորոնավիրուս ունի։ Իրանի իշխանությունները խոստովանել են, որ կորոնավիրուսի դեմ պայքարում որոշակի դժվարությունների են բախվում, ինչի հիմնական պատճառը երկրի դեմ կիրառվող պատժամիջոցներն են: Իրանի կենտրոնական բանկը նախօրեին հայտարարեց, որ պաշտոնապես դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին (IMF)` երկրին շուրջ 5 միլիարդ դոլարի վարկ տրամադրելու խնդրանքով: |azatutyun.am|

 

11։55- Թուրքիայում կորոնավիրուսով ախտահարման երկրորդ դեպքն է գրանցվել։ Թուրքիայի առողջապահության նախարարը հայտարարել է, որ բոլոր քայլերը ձեռնարկվում են վարակի տարածումը կանխելու համար։ |tert.am|

«Անցյալ գիշերվա թեստը շատ վատ պատասխան է տվել: Մենք ևս մեկ հիվանդ ունենք: Մենք բոլոր քայլերը ձեռնարկում ենք վարակի տարածումը կանխելու համար: Մենք կլուծենք այս խնդիրը»,-հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարարը:

 

11։50- Առավորտյան երբ արթնացա, ունեի ջերմություն, ու կոկորդս էր ցավում։ Ես անմիջապես կապ հաստատեցի Քվինսլենդի առողջապահության վարչության հետ ու հանձնեցի կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը դրական էր։  Քվինսլենդի առողջապահության վարչության կարգադրությամբ՝ բոլոր ախտորոշվածերը պետք է հոսպիտալացվեն, ուստի ես ևս հետևեցի նրանցխորհրդին։ Ես ինձ լավ եմ զգում ու կտեղեկացնեմ դեպքերի զարգացումների մասին։ [Ավստրալիայի ներքին գործերի նախարար Փիթեր Դոթոն]

 

11:40- Բելգիայում մարտի 12-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո որոշվել է փակել կրթական հաստատություներն ու ժամանցի վայրերը: Մթերային խանութներն ու դեղատները բաց կմնան, բոլոր մյուս խանութները շաբաթվա ընթացքում բաց կլինեն և կփակվեն հանգստյան օրերին: Հասարակական տրանսպորտը շարունակելու է աշխատել: |tert.am|

 

11։20- Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում նոր կորոնավիրուսից զոհերի թիվն աճել Է յոթով, վարակվածների թիվն ավելացել Է ութով, ապաքինվել Է ևս 1318 մարդ: ՉԺՀ-ի սահմաններից դուրս ամենից շատ վարակվածներ կան Իտալիայում, Հարավային Կորեայում եւ Իրանում: Ախտահարման դեպքեր են հայտնաբերվել ավելի քան 100 երկրում։ |armenpress.am|

 

11:02- ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել Է 1645-ի, մահացել Է 41 մարդ: |armenpress.am|

 

11։00- Ե՞րբ է ԱՄՆ-ում հայտնվել առաջին հիվանդը։ Քանի՞ մարդ է վարակված։ Ի՞նչ են հիվանդանոցների անունները։ Հնարավոր է, որ հենց ԱՄՆ-ի բանակն է  համաճարակը բերել Վուհան։ Եղե՛ք թափանցիկ: Հրապարակե՛ք ձեր տվյալները: ԱՄՆ-ը պարտավոր է մեզ բացատրություն տալ։ [Չինաստանի ԱԳՆ խոսնակ] |civilnet.am|

 

10։55- ԱՄՆ ֆոնդային շուկան փակվել է վերջին 33 տարվա ընթացքում անկման խոշորագույն ցուցանիշով: Մարտի 12-ի երեկոյի դրությամբ՝ Dow Jones, S&P 500, Nasdaq և Russell 2000 ֆոնդային ցուցիչներն արձանագրել են 9-12% անկում: Եվրոպական բորսաները 5-6% անկում են արձանագրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Եվրոպայից դեպի ԱՄՆ մուտքի երեսնօրյա արգելքի մասին հայտարարության ֆոնին: Այս հայտարարության հետևանքով 5%-ով նվազել է նավթի գինը: |tert.am|

 

10։45- Իրանի առողջապահության նախարարության հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ղեկավար Ք. Ջահանփուրի տեղեկացմամբ՝ վերջին 24 ժամում երկրում արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակման 1,075 դեպք, որից 75-ը՝ մահվան ելքով: Ընդհանուր առմամբ վարակվել է 10,075 մարդ, որից 429-ը մահացել է: Ապաքինվել է 3,276 հիվանդ: Մարտի 12-ին ԻԻՀ արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն արժույթի միջազգային հիմնադրամին կոչ է արել աջակցել Իրանին կորոնավիրուսի դեմ պայքարում: |armtimes.com|

 

10։35- Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահացության առաջին դեպքը։ Մահացածը 76 տարեկան տղամարդ է, որը գնացել էր Մեքքա ուխտագնացության և Հնդկաստան վերադառնալուց հետո՝ փետրվարի 29-ին, իրեն վատ զգացել։ Նա մահացել է երեքշաբթի օրը, որից հետո անալիզները բացահայտել են, որ տղամարդը վարակված էր կորոնավիրուսով։ Այժմ իշխանությունները փորձում են հայտնաբերել այն մարդկանց շրջանակը, որոնց հետ նա շփումներ է ունեցել։

 

10։30- Walt Disney կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիորուսի հետագա տարածումը կանխելու նպատակով ժամանակավորապես կդադարեցնեն իրենց աշխատանքը Walt Disney World-ը և Disneyland Paris–ը։ Որոշումն ուժի մեջ է մտնում՝ կիրակի օրվանից սկսած, ու կպահպանվի մինչև մարտի վերջ։

 

10։10- Հունվարի 20-ին կորոնավիրուսի առաջին դեպքի գրանցումից ի վեր՝ Հարավային Կորեան հայտարարել է, որ ուրբաթ օրն ավելի շատ մարդ է ապաքինվել, քան վարակվել, ինչը հույս է ներշնչում, որ Չինաստանից հետո ամենախոշոր համաճարակի տարածումը դանդաղել է։

 

10։00- Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոյի կնոջ մոտ հաստատվել է կորոնավիրուսով վարակվածությունը։ Հիշեցնենք, որ երեկվանից, երբ դեռ հայտնի չէին անալիզների պատասխանները, Թրուդոն ինքնամեկուսացվել էր ու աշխատում էր տնից։

 

09։40- Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին Ավստրալիայի վարչապետ Սքոտ Մորիսոնն ասել է, որ մարդիկ կարող են զբաղվել իրենց առօրյա գործերով, ինչպես միշտ։

Բայց, ամեն դեպքում, երկուշաբթի օրվանից սկսած, խորհուրդ է տրվում խուսափել մասսայական միջոցառումներից, որտեղ հավաքված կլինի 500 ու ավելի մարդ՝ բացի դպրոցներ ու համալսարաններ այցելելուց, նաև զերծ մնալ անհարկի ճանապարհորդություններից։

Միաժամանակ Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը հայտարարել է․

«Դպրոցներ այցելելն անվտանգ է։ Երբ կդառնա վտանգավոր, մենք կփակենք այդ կոնկրետ դպրոցներն ու կաշխատենք դպրոցների աշխատակիցների հետ, որպեսզի դպրոցները վերաբացվեն պատշաճ ժամանակ»։

 

09։20- Նորվեգական թագավորական ընտանիքին, ինչպես նաև Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Ինե Էրիկսեն Սերեյդին և արդյունաբերության նախարար Իսելին Նյուբեին, կարանտին են տեղափոխել պաշտոնյաների և արքայական անձանց արտասահմանյան ուղևորությունից վերադառնալուց հետո: |aysor.am|

 

09։10- Սինգապուրը երկուշաբթի օրվանից արգելում է մուտք կամ փոխադրում այն մարդկանց համար, որոնք վերջին 14 օրվա ընթացքում եղել են Իտալիայում, Իսպանիայում, Ֆարնսիայում կամ Գերմանիայում։ Նույն սահմանափակուն արդեն գործում է Հարավային Կորեա, Չինաստան ու Իրան այցելած մարդկանց համար։

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել