Նորություններ կորոնավիրուսի մասին, Հայաստան, 20.03.20 (թարմացվող)
01:21 - 21 մարտի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, Հայաստան, 20.03.20 (թարմացվող)

00։ 54- Քանի որ ունենք  հաստատված դեպքերի աճ,Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը այլևս միակը չէ, որտեղ որ մեր քաղաքացիները գտնվում են կամ բուժում են ստանում։ Մենք ունենք շուրջ հինգ բուժհաստատություն ևս երկու մարզային բուժհաստատությունում կան հատուկենտ պացիենտներ։ Հիվանդանոցների թիվը միգուցե աճի, իհարկե հնարավոր է, որ ընթացքում ռազմավարությունը փոխվի։ Այն քաղաքացիները, ովքեր ունեն որոշակի սիմպտոմներ գտնվում են Նորքի հիվանդանոցում, ովքեր չունեն՝ այլ հիվանդանոցներում։ [Արսեն Թորոսյան]

00։ 46- Այս պահին ունենք թոքաբորբի՝ ռենտգենով հաստատված 11 դեպք, որոնցից միայն 3-ին է անհրաժեշտ ինտենսիվ թերապիա։ Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։Ունենք 600-ից ավելի մեկուսացված մարդ։ [Արսեն Թորոսյան]

00։03- Երևանի շախմատի ֆեդերացիայի այսօրվա նիստում որոշվեց հետաձգել հունիսի 9-19-ը անցկացվելիք «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը՝ ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակից։ [ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, պատգամավոր Մխիթար Հայրապետյան]

23։03- ԵՊԲՀ գիտական խորհրդը որոշել է ըստ ամիսների վճարվող ուսման վարձերի վճարումն հետաձգել մեկ ամսով։Վերջին վճարումը սահմանվել է՝  25.06.2020թ.-ը
Համալսարանի ուսանողների համար սահմանվում է արձակուրդային շրջան՝ 16.03.2020-14.04.2020թ.-ը (ամառային արձակուրդի մի հատվածը): 1-3-րդ կուրսորում դասընթացները կվերսկսվեն 15.04.2020թ.-ից, իսկ 4-6-րդ կուրսերում՝ 20.04.2020թ.-ից: 
Արտակարգ իրավիճակի հնարավոր երկարացման դեպքում համալսարանի բոլոր ամբիոնները կանցնեն առցանց ռեժիմով՝ ,,ZOOM’’ հարթակով դասերի անցկացմանը:  [ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան]

22:32- Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների իրականացման նախագիծը։


22:10- Հայաստանում կորոնավիրուսի 136 վարակակիրներից 4-ի մոտ թոքաբորբ կա, հիվանդներից 2-ը ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]|azatutyun.am|


21:45-Պարետատան նիստին քննարկել ենք.

✅Արտադրական ընկերությունների բնականոն աշխատանքը կազմակերպելու նպատակով Իրանի և Հայաստանի միջև թույլատրելի ապրանքների և հումքատեսակների ցանկի ընդլայնման հարցը,
✅տարեցներին ու նրանց ապրելակերպին վերաբերող հարցեր, նրանց համար որոշակի հնարավորությունների սահմանման ու որոշակի ռիսկերից պաշտպանելու միջոցառումներ,
✅փոստատարների անվտանգության ապահովումը և սանիտարահիգիենիկ պաշտպանիչ միջոցներով հագեցվածությունը,
✅տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքների կիրառումը կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում
✅արտակարգ դրության պայմաններում գործատու-աշխատակից փոխհարաբերությունների կարգավորումը: [ ՀՀ պարետ Տիգրան Ավինյան ]


21:25- Քրեական օրենսգիրքում առաջարկվում է լրացում կատարել  277․1 հոդվածով՝ արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության  ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման(ցուցումով ինքնամեկուսացման) պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչև երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամկետով։  [Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը՝ մեկուսացման և ինքնամեկուսացման կարգը չպահպանող անձանց նկատմամբ քրեական պատասխանատվություն սահմանող օրենքի նախագծի քննարկման ժամանակ։]


21:22- Առաջարկվում է փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-ի 11-րդ հոդվածում՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը, որը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով։ [Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյան]


21:20- Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում  առաջարկվում  է 182-ի երրորդ հոդվածում լրացնել 10-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ՝
արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որի դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով։ [Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյան]


21:00- Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում քննարկվում  է կառավարության կողմից ներկայացված՝  Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների իրականացման նախագիծը , որով պատասխանատվություն կսահմանվի մեկուսացման և ինքնամեկուսացման անհրաժեշտություն ունեցող և դրանց չհետևող անձանց նկատմամբ։ Նախագիծը ներկայացնում է Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։

19։38- Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը եւ Պարետատանը`
֊ անհապաղհ ուժը կորցրած ճանաչել ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին 2020 թ. մարտի 16-ի Կառավարության N 298–Ն որոշման 23, 24, 25 եւ 26 կետերը;
֊ մշակել տեղեկատվության տարածման ռեժիմը սահմանող նոր կարգավորում, որն այս բարդ իրավիճակում կհստակեցնի հնարավոր սահմանափակումները, կնպաստի լրատվամիջոցների կողմից մասնագիտական պատասխանատվության նորմերին հավատարմությանը եւ կապահովի պաշտոնական կառույցների եւ լրատվամիջոցների միջեւ արդյունավետ և հանրօգուտ գործընկերությունը:
Մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցել նման փաստաթղթի մշակման աշխատանքներին:
Երեւանի մամուլի ակումբ
Մեդիա նախաձեռոնթությունների կենտրոն
Ինֆորմացիայի ազատության կենտրոն
Հանրային լրագրության ակումբ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստան
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ
Գորիսի մամուլի ակումբ
«Իրավունքի գերակայություն» ՀԿ

19։18- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ՝ մեկ ամսվա սննդի անհրաժեշտ պաշար կհատկացվի 4041 միայնակ տարեցի: «Առաքելություն Հայաստան» և «Գերմանական Կարմիր խաչ» ընկերություններն այսօր սկսել են տարեցներին անհրաժեշտ սնունդով ապահովման ծրագիրը:
 «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը Երևանում սնունդ կտրամադրի 1934 մարդու, ևս 1892 միայնակ տարեցի սնունդ կտրամադրվի մարզերում:
«Գերմանական Կարմիր Խաչ» ընկերությունը, ընդհանուր առմամբ, սննդի մեկամսյա պաշարով կապահովի 215 միայնակ տարեցի: [ՀՀ պարետատուն ]

19։15- Մարտի 25-ին Հայաստան վերադարձող այն ուղևորները, ովքեր Կիևի Բորիսպիլ օդանավակայան են ժամանելու Ուկրաինայի մարզերից, պետք է նկատի ունենան, որ հասարակական տրանսպորտով ուղևորափոխադրումները մարզերի միջև առժամանակ կասեցված են (ներքին թռիչքներ, երկաթ գիծ, ավտոբուս)։ Ուղևորներին խորհուրդ է տրվում օգտվել ծանոթների, բարեկամների ծառայությունից, ովքեր կարող են իրենց Կիև հասցնել անձնական տրանսպորտով։ Անձնական ավտոմեքենաների միջմարզային տեղաշարն, ըստ իշխանությունների տրամադրած տեղեկությունների, սահմանափակված է, բայց ոչ արգելված։ [Ուկրաինայում Հայաստանի դեսպանություն]

19։11- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը սոցիալական ցանցերում գրանցված օգտատերերի է հայտնաբերել, որոնց էջերում արված գրառումներում ապատեղեկատվություն կա՝ ՀՀ-ում կորոնավիրուսից մտացածին մահացության դեպքերի առնչությամբ: Մասնավորապես՝ հաքերները, որոշ դեպքերում Ադրբեջանից, կոտրել են առանձին հայ օգտատերերի էջեր և տարածել ապատեղեկատվություն:
ԱԱԾ-ն, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, մշտադիտարկում է նաև տեղեկատվական տիրույթում և սոցցանցերում տարածվող լուրերի շրջանակը:

18։22- Կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցության 900005001947 հաշվին 20.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 321 միլիոն 167 հազար  610 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 1355:
[ՀՀ ֆինանսների նախարարություն]

17։23- Պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման պատճառով օտարերկրա պետություններում գործող սահմանափակումներով, ինչպես նաև Արցախի Հանրապետություն վարակի տարածումը կանխելու և համաճարակային վիճակը կայուն պահպանելու նպատակով՝
✅ Արցախի մշտական ներկայացուցչությունների միջոցով սահմանափակված է նստավայր երկրներից պատվիրակությունների, առանձին անձանց Արցախ նախատեսված այցերը, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներին Արցախ մուտքի արտոնագրերի տրամադրումը,
✅ Սահմանափակված է բոլոր օտարերկրյա քաղաքացիների մուտքը Արցախ՝ բացառությամբ Արցախի իշխանություների կողմից նախատեսված բացառիկ դեպքերի։
✅ Ներկայումս արտերկրում գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացիներին՝ կապ հաստատել ԱՀ ԱԳՆ Հյուպատոսական բաժնի և/կամ տվյալ երկրներում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, իսկ հայրենիք վերադառնալիս նախապես ստուգել տարանցիկ երկրներով ՀՀ ժամանման չվերթների հասանելիությունը։
[Արցախի Հանրապետության ԱԳՆ]

17։15- Մարտի 19-ին ֆեյսբուքյան օգտատեր Վիկա Բերբերյանը հրապարակում էր կատարել այն մասին, որ Մասիս-Երևան ավտոբուսը երթևեկում է գերբեռնված՝ նշելով, որ 50-ից 60 մարդ գտնվում է տվյալ ավտոբուսում, այն դեպքում, երբ անգամ հուղարկավորության և հոգեհանգստի ժամանակ պաշտոնապես արգելվել է 20 հոգուց ավել մարդկանց նույն վայրում գտնվելը։ Այսօր ժամը 8։00-ից սկսած երթուղու ողջ երկայնքով իրականացվել են վերահսկողական միջոցառումներ, իսկ երթուղին սպասարկող կազմակերպության պատասխանատուներին տրվել է պարտադիր կատարման ցուցումներ, որպեսզի արտակարգ դրության ժամանակահատվածում բացառվի երթուղու գերբեռնվածությունը։ [ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին]

16։39- Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում կատարվող բարեկարգման/վերանորոգման աշխատանքների պատճառով այն հոսանքազրկված է 1 ժամով։
Հորդորում ենք պահպանել հանգստություն, խուճապի չմատնվել և չտարածել կեղծ տեղեկատվություն։ [«Նորք» ԻԿՀ տնօրինություն]

16։33- Համացացնի տարբեր սոցիալական կայքերերի հայկական սեգմենտում հայտնաբերվել են անհատական որոշ էջեր, որոնց միջոցով տարածվում է ապատեղեկատվություն՝ բնակչության շրջանում խուճապ ստեղծելու նպատակով։ ՀՀ ոստիկանությունը պարզել է, որ անհատական էջերի օգտատերերը տեղյակ չեն եղել իրենց էջերով կատարված գրառումների մասին։ Գրառումները հայ օգտատերերի անհատական էջերով կատարվել են ադրբեջանական ինտերնետային սեգմենտի IP հասցեներից։ Կատարվածի վերաբերյալ քաղաքացիներից ընդունվել է հաղորդում։ Նախապատրաստվում են նյութեր։ [ՀՀ ոստիկանություն]

16։08- Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակով պայմանավորված՝ սույն թվականի մարտի 23-ից ՀՀ կենտրոնական բանկը դադարեցնում է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը։
Քաղաքացիները և իրավաբանական անձինք դիմումները և գրությունները կարող են ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով կամ ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական էլեկտրոնային կայքի միջոցով: Կենտրոնական բանկի կողմից պատասխան գրությունները կուղարկվեն դիմումներում և գրություններում նշված էլեկտրոնային հասցեներին։
Իրավիճակի կարգավորման, փոփոխման դեպքում ՀՀ կենտրոնական բանկը հանդես կգա նոր հայտարարությամբ։ [ՀՀ կենտրոնական բանկ]

15։45- Կորոնավիրուսով վարակված և Հայաստանից ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացու շփման շրջանակը պարզված է: Մեր հաստատված պացիենտներից մեկի կոնտակտն է եղել։ [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան] |panarmenian.net|

15։28- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը կորոնավիրուսի տարածման կանխարգելման եւ հաղթահարմանն ուղղված ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումներին աջակցելու նպատակով փոխանցել է 3 մլն ՀՀ դրամ։
[ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին] |armenpress.am|

15։06- Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում Արագածոտնի մարզպետարանը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորներ:
Խնդրում ենք [email protected] էլ. հասցեին կամ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի ֆեյսբուքյան էջին անձնական նամակով ուղարկել հետևյալ տվյալները
✅անուն, ազգանուն, տարիք
✅հեռախոսի համար, համայնք
✅մասնագիտություն ( կամ որևէ հմտություն, որով կարող եք աջակցել տարատեսակ աշխատանքների իրականացմանը)
Հարկավոր են նաև մեքենաներով վարորդ կամավորներ:

Կամավորները նախապես անցնելու են բուժզննում, նրանց տրամադրվելու են բժշկական դիմակներ, ախտահանիչ նյութեր:

‼️Խնդրում ենք  տվյալներն ուղարկել ամբողջական և հնարավորինս Էլեկտրոնային եղանակով, իսկ դրա անհնարինության դեպքում կարող եք զանգահարել 0232-3-24-64 հեռախոսահամարով և գրանցվել:
[Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյան]

15։04- Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման նպատակով բացված հաշվեհամարին Ճարտարապետության և շինարարության  Հայաստանի ազգային  համալսարանը (ՃՇՀԱՀ) մարտի 20-ին փոխանցել է 2 միլիոն դրամ։
 [ՃՇՀԱՀ մամուլի քարտուղար] |armenpress.am|

15։03- ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալներով՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել մարտի 11-ին Հայաստանից ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացու մոտ:

Վերջինս ներկայումս գտնվում է Կրասնոդարի երկրամասի հիվանդանոցներից մեկի` COVID-2019-ով վարակվածների մեկուսացման համար նախատեսված բաժանմունքում:
[ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]

15։01- «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը միանում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումների աջակցման գործընթացին և ռեկտորատի որոշման համաձայն գանձապետական համապատասխան հաշվին փոխանցում է 3․000000 ՀՀ դրամ։ [ՀԱՊՀ Ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյան]  |armenpress.am|

15։00- ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից 2020-ի մարտի 16-ից՝ ամենօրյա ռեժիմով Ստեփանակերտ քաղաքում գործող 30 առևտրային օբյետկտներում իրականացվում են դիտանցումներ՝ արագ սպառման ապրանքատեսակների իրացվող գները և առկա պաշարները դիտարկելու նպատակով:
Դիտարկումների արդյունքում որոշ խանութներում հետևյալ ապրանքատեսակների համար արձանագրվել է գների աճ՝ «Ոսպ», «Հնդկաձավար», «Բրինձ» (բրինձի տեսակներ), «Ձեթ»(ներմուծվող) և «Շաքարավազ»:
Գնաճը վերաբերվում է բացառապես ներմուծվող ապրանքատեսակներին, իսկ տեղական արտադրության ապրանքատեսակների գները չեն փոխվել. գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից գնաճ չի իրականացվել:
Տեղեկացնում ենք նաև, որ առևտրային օբյեկտներում առանձին ապրանքների պակասուրդ չի նկատվում և մեծաքանակ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

14։48- ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը ևս անցել է հեռավար ուսուցման։ Ընտրված ծրագրերը և հարակից նյութերը տեղադրվել են ԳԿՄԿ հեռավար ուսուցման հարթակում։

14։24- Հարգելի քաղաքացինե՛ր, հաշվի առնելով, որ առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից տրվել են առողջության պահպանման հստակ ցուցումներ, այդ թվում՝ նաև մարդաշատ վայրերում գտնվելուց խուսափելը, կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով խնդրում և հորդորում ենք՝ անձնագրային և վիզաների վարչության, ճանապարհային ոստիկանության վարչական մասի, ինչպես և այլ ստորաբաժանումների վարչական շենքեր այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և միայնակ, առանց ուղեկցող կողմնակի անձանց։
Տեղեկացնում ենք նաև, որ բացի անձնագիր ստանալու և ՀՀ քաղաքացության դիմում ներկայացնելու դեպքերից, մյուս բոլոր գործողությունները հնարավոր է կատարել նաև լիազորված անձի միջոցով, հետևաբար, մեկ անձը՝ կարող է դիմել նաև այլ անձանց համար՝ հասարակ գրավոր լիազորագրի առկայությամբ, իսկ մինչև 16 տարեկան երեխայի համար ցանկացած անձնագրային գործողություն կատարվում է առանց երեխայի պարտադիր ներկայության: Հետևաբար, անձնագրային ծառայություններ այցելելիս զերծ մնացեք երեխաների հետ ներկայանալուց:
[ՀՀ ոստիկանություն]

13։58- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը անցել է առցանց ուսուցման։ Մինչև հանրապետությունում արտակարգ դրության ավարտը՝ ապրիլի 14-ը, բուհի դասախոսներն ուսանողներին էլեկտրոնային փոստով կուղարկեն տեսական դասընթացների նյութերը՝ գրականության ցանկով և քննարկվող թեմայի առանցքային հարցերով, ինչպես նաև գործնական դասընթացների նյութերը և առաջադրանքները:

13:18 - Հանրագումարով հաստատված 136 դեպքից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի հետ:
[ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյան]

12:52 - Բարեբախտաբար այսօրվա դրությամբ Արցախում նոր կորոնավիրուսով վարակման դեպք գրանցված չէ, սակայն պարտադրված ենք մեր ունեցած հնարավորություններն առավելագույնս արդյունավետ օգտագործելով` դիմակայել համաշխարհային այդ սպառնալիքին և դրա բացասական ազդեցությունները մեղմելու ուղղությամբ ջանքեր գործադրել:
[ԱՀ պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյան]

11:25 - Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն անցած ուրբաթ օրվանից ինքնամեկուսացված է եղել և աշխատանքի կվերադառնա միայն այսօրվանից: Այս մասին նա հայտարարել է Հանրային հեռուստաընկերության եթերում:
Գասպարյանն ասել է, որ շփում է ունեցել հայտնի նշանդրեքի մասնակիցների հետ, ինչով պայմանավորված էլ ինքնամեկուսացել է: Քաղաքապետը հայտնել է, որ երկու անգամ թեստ է հանձնել, երկու դեպքում էլ պատասխանը բացասական է եղել, հետևաբար՝ դուրս կգա աշխատանքի:

10:02 - 20.03.2020՝ ժամը 10։00-ի դրությամբ.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 136
Բուժվածներ - 1
Մահվան ելքեր - 0
Վերջին 24 ժամում ավելացել է 14 դեպք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել