Նիկոլ Փաշինյանի տակտիկական հաղթանակը և ռազմավարական պարտությունը Արցախում |civilnet.am|
18:36 - 04 ապրիլի, 2020

Նիկոլ Փաշինյանի տակտիկական հաղթանակը և ռազմավարական պարտությունը Արցախում |civilnet.am|

civilnet.am: Մարտի 31-ին Արցախում տեղի ունեցան նախագահական և խորհրդարանական ընտրություններ,  որոնք բացառիկ կարևորություն ունեին երկրի շարժման ուղեգիծը որոշելու հարցում: Թավշյա հեղափոխության արդյուքնում տեղի ունեցած քաղաքական ազատականացումը նպաստավոր պայմաններ էր ստեղծել մրցակցային և առողջ պայքարի համար: Այդ իսկ պատճառով  ընտրությունները` մասնակցող ուժերի և թեկնածուների քանակի առումով, աննախադեպ էին Արցախի համար: Աննախադեպ էր նաև այս ընտրությունների ընթացքում ծախսված գումարների ծավալը: Տարբեր կուսակցությունների և թեկնածուների կողմից չհայտարարագրված միլիոնավոր դոլարներ են ծախսվել  թանկարժեք նախընտրական տեսահոլովակների և թեկնածուների մասին վավերագրական ֆիլմերի, հսկայական պաստառների, հարյուրավոր նախընտրական շտաբների ու ուղիղ ընտրակաշառքի վրա:

Վստահաբար կարելի է նշել, որ դեռ երբեք փողի գործոնը այսքան մեծ դեր չի ունեցել  ղարաբաղյան որևէ ընտրությունների ընթացքում: Եվ սա բավական տրամաբանական է: Ընտրական գործընթացի միջոցով իշխող ռեժիմի վերարտադրության գործիքակազմը զգալիորեն նոսրացել է հայաստանյան փոփոխություններից հետո: Եթե նախկինում քաղաքական համակարգը փակ էր, և արդյունքի կարելի էր հասնել ռեպրեսիվ և վարչական լծակների միջոցով, ապա նոր պայմաններում այդ մեխանիզմների արդյունավետությունը զգալիորեն նվազել է: Ընտրողների վրա ազդելու ամենաարդյունավետ միջոցը ինքնըստինքյան դարձել են ընտրակաշառքի տարբեր տեսակները: Պատահական չէ, որ քվեարկության օրը արձանագրված բազմաթիվ խախտումների մեծամասնությունը (բաց քվեարկություն, քվեաթերթիկները նկարելը) փոխկապակցված էր հենց ընտրակաշառքի հետ: Այս առումով դժվար է զուգահեռներ չանցկացնել 2020 թվականի արցախյան ընտրությունների և 2017 թվականի հայաստանյան խորհրդարանական ընտրությունների միջև:

Այսպիսի պայմաններում ընտրությունները վերածվեցին աճուրդի, և հաջողության հասան այն ուժերը, որոնք բոլորից շատ գումար ծախսեցին: Իշխող ռեժիմի օլիգարխիկ թևը, օգտագործելով տարիների ընթացքում կուտակած կարողությունները, պարզապես գնեց հաղթանակը և եկավ իշխանության: Սա լրջագույն պարտություն է արցախյան հասարակության համար: Պատմական այն հնարավորությունը, որ ընձեռվել էր հայաստանյան հեղափոխության արդյունքում, չօգտագործվեց: Ժողովրդավարական անցումը, որին շատերն էին սպասում, տեղի չունեցավ:

Արցախում օլիգարխիկ թևի հաղթանակի համար պատասխանատվության իր բաժինն ունի նաև պաշտոնական Երևանը: Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո Արցախում քաղաքական ակտիվության փուլ  էր սկսվել: 2018 թվականի հունիսին Ստեփանակերտում տեղի ունեցած բողոքի ցույցերի արդյունքում  հրաժարական տվեցին ոստիկանապետ Կամո Աղաջանյանը, ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանը և պետնախարար Արայիկ Հարությունյանը:

Բակո Սահակյանը ևս կանգնած էր իշխանությունը կորցնելու վտանգի առաջ: Եվ միայն Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակցության շնորհիվ Սահակյանը կարողացավ դուրս գալ  այդ ճգնաժամային իրավիճակից և շարունակել իր պաշտոնավարումը: Հայաստանի վարչապետն այս ամենի դիմաց արցախյան հասարակությանը խոստացավ համակարգային բարեփոխումներ Բակո Սահակյանի կողմից, որոնք այդպես էլ խոստում մնացին: Մեկ տարի անց Ստեփանակերտում կազմակերպված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանն արդեն խոսեց համահայկական կոնսենսուսների մասին, որոնց մեջ առանցքային տեղում էր Արցախում ազատ և արդար ընտրությունների անցկացման խնդիրը:

Փաշինյանը, մասնավորապես, նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալու որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման և այդ կամարտահայտման միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորման երաշխավոր։ Այս հայտարարությունը կյանքի կոչելու հիմնական մեխանիզմ էր ընտրվել ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ արցախյան ընտրությունների վերահսկողությունը դիտորդական առաքելությունների միջոցով:

Սակայն Փաշինյանի կառավարության հայտարարությունները չէին համընկնում գործողությունների հետ: Եվ ժամանակի ընթացքում ՀՀ կառավարությունը անկողմնակալ մրցավարից վերածվեց շահագրգիռ կողմի: Այս ամենը տեղի էր ունենում ՀՀ և ԼՂՀ իշխանությունների միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին: Ինչքան ավելանում էին ՀՀ նոր իշխանությունների դեմ ուղղված թշնամական հայտարարությունները Ստեփանակերտից, այնքան Արցախում լեգիտիմ և ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություն ունենալու խնդիրը փոխարինվում էր լոյալ իշխանություն ունենալու խնդրով:

Միևնույն ժամանակ Արցախում Սերժ Սարգսյանի քաղաքական հիմնասյուն հանդիսացած նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և նրա ղեկավարած «Ազատ հայրենիք» կուսակցությունը փորձեր էր անում նոր իրավիճակում հարմար դիրքավորվելու համար:

Սերժ Սարգսյանի ու Բակո Սահակյանի իշխանության տարիներին տեղի ունեցած բոլոր աղմկահարույց հանցագործությունների համար քաղաքական պատասխանատվություն կրող քաղաքական ուժը հեղափոխությունից հետո դարձավ «հեղափոխական» և ջանքեր չխնայեց Նիկոլ Փաշինյանի սիրտը շահելու համար: Այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք տարան նաև նոր իշխանությունների մաս հանդիսացող բարձրաստիճան լոբբիստներ, որոնք արցախյան համակարգային կոռուպցիայի հորը լեգիտիմացնում էին ինչպես մեդիա դաշտում, այնպես էլ Հայաստանի վարչապետի մոտ: Ստեղծվում էր արհեստական մի պատկեր, ըստ որի Արայիկ Հարությունյանին չաջակցելու դեպքում Արցախում իշխանության են գալու հակահեղափոխական ուժեր` Վիտալի Բալասանյանի գլխավորությամբ: Եվ հենց Բալասանյանի փուչիկը հավանաբար որոշիչ գործոն դարձավ Նիկոլ Փաշինյանի վերջնական որոշման ժամանակ:

ՀՀ իշխանությունների աջակցությունը Հարությունյանին արտահայտվում էր հիմնականում Հայաստանի հանրային հեռուստատեսության վարած քաղաքականության միջոցով: Ամիսներ շարունակ Արայիկ Հարությունյանի ամեն մի քայլ լուսաբանվում էր Հանրային հեռուստատեսության կողմից: Ու դա այն դեպքում, երբ արցախյան այլ քաղաքական ուժերի խոշոր միջոցառումները պարզապես անտեսվում էին: Երբեմն հանրայինի գործելաոճը զավեշտի էր հասնում: Տեսանյութերից մեկը, օրինակ, պատմում էր այն մասին, թե ինչպես է Արցախի անտառները բրիկետ դարձրած ու գետերը ՀԷԿ-երի խողովակների մեջ մտցրած Հարությունյանը կանաչ հեղափոխություն իրականացնում երկրում` էլեկտրամոբիլ վարելով:

Երևանի կողմից Արայիկ Հարությունյանին աջակցությունը արտահայտվում էր նաև ավելի բացահայտ քայլերով: Այսպես, Հարությունյանը և նրա խորհրդարանական խմբակցությունը միակն էին, որոնք արժանացան ընդունելության ՀՀ վարչապետի և Ազգային ժողովի նախագահի կողմից: Այսպիսի գործելակերպը  Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության երաշխավորի գործելակերպ չէր: Ցածրորակ աճուրդի վերածված ընտրությունների գովաբանությունը ևս ազատ ու արդար ընտրություններ խոստացած ՀՀ վարչապետին հարիր պահվածք չէ:

Արայիկ Հարությունյանին աջակցելու որոշումը իրավիճակային էր և բխում էր այդ ժամանակահատվածում տիրող իրողություններից: Այդ առումով մարտի 31-ին արձանագրված արդյունքները կարելի է տակտիկական հաղթանակ և ռազմավարական պարտություն համարել Փաշինյանի համար:

 

Շարունակությունը՝ civilnet.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել