Նիկոլ Փաշինյանին չի գոհացնում հակակոռուպցիոն գործերի քննության ընթացքը |armenpress.am|
21:03 - 06 ապրիլի, 2020

Նիկոլ Փաշինյանին չի գոհացնում հակակոռուպցիոն գործերի քննության ընթացքը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակակոռուպցիոն գործերի քննության ընթացքից գոհ չէ: Այս մասին ՀՀ վարչապետը նշեց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում քաղաքացիներից մեկի հարցին ի պատասխան: Քաղաքացու հարցն այն մասին էր, թե այդ առնչությամբ քանի քրեական գործ կա հարուցված և երբ են բռնագանձվելու հափշտակումները, եթե այդպիսիք կան:

«Վերջերս խորհրդակցություններ ենք անցկացրել, և ես տվել եմ հստակ հանձնարարականներ, որպեսզի հակակոռուպցիոն գործերի էֆեկտիվությունն էականորեն ավելանա: Մենք փորձել ենք դուրս բերել պատճառները, հիմա էլ այդ պրոցեսն ընթացքի մեջ է, փորձում ենք հասկանալ, թե որոնք են օբյեկտիվ պատճառները, որոնք են սուբյեկտիվները, որ այդ գործերը բավարար արդյունավետությամբ առաջ չեն ընթանում: Իմ գործընկերները գիտեն, որ եթե այդ արդյունավետությունը չբարձրանա, ապա արդեն այլ կարգի որոշումներ պիտի մենք կայացնենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Ինչ վերաբերում է վերադարձված գումարներին, ապա ՀՀ վարչապետը նշեց, որ խնդիրը միայն բռնագանձված և բռնագանձվելիք գումարները չեն: Խնդիրն այն է, որ 2018 թվականից ի վեր, մինչև այս պահը Հայաստանի բյուջեի եկամուտներն էականորեն ավելացել են:

«Դա ի կատարումն իմ նախահեղափոխական խոստման, որ բյուջեի եկամուտները պետք է աճեն 30-35 տոկոսով: Հիմա մենք ունենք 40-45 տոկոսով աճ: Դա ստվերի դեմ պայքարն է, մենաշնորհի դեմ պայքարն է, դա կոռուպցիայի դեմ պայքարն է, որոնց արդյունքներով այդ գումարները վերադարձվել են պետական բյուջե:

Ասեմ, որ քրեական գործերով 40 մլրդ դրամ հետ է բերվել, իսկ հարուցված քրեական գործերը վերաբերում են 190 մլրդ դրամի չարաշահումներին, բայց սա ամբողջը չէ»,-ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է, ամեն ինչ արվելու է դրա էֆեկտիվությունը մաքսիմալ բարձրացնելու համար: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել