Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց Կուրթանի բնակչից
14:22 - 11 մարտի, 2020

Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց Կուրթանի բնակչից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց Կուրթան գյուղի բնակիչ Մեխակ Առաքելյանից՝ ընդունելով իր սխալը։ Վարչապետ  Փաշինյանն այս մասին ասաց Սիսիան քաղաքում տեղի ունեցած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի հանրահավաքի ընթացքում։

«Մի տղա մոտեցավ ինձ, ասաց, որ երկրաշարժից տուն է կորցրել, ասացի, որ պետք է պարզենք՝ պետությունը պարտավորություն ունի, թե ոչ։ Հետո ասաց, որ տուն չունի, տնակում է ապրում, ես ասացի, որ առողջ տղամարդը չի դիմի մեկ ուրիշ առողջ տղամարդու՝ տան հարցով։ Ես նրան իմ պատկերացումն ասացի, որ պետք է աշխատի առողջ տղամարդն ու իր ընտանիքի կարիքները հոգա, և ոչ միայն տղամարդը՝ առողջ կինը նույնպես, այլ հարց է, որ պետությունը պետք է դրա համար պայմաններ ստեղծի։ Մենք աջակցում ենք 1000 ընտանիքների հաղթահարելու աղքատությունը։ Գումար տալով աղքատությունը չենք կարող հաղթահարել, ամեն օգնության մեջ պետք է զարգացման նպատակ դնել, որ մարդը զարգանա։ Երեկ տեսանյութ հայտնվեց, որտեղ այդ տղան պատմում է, որ առողջական խնդիրներ ունի։ Ես վերլուծել եմ իմ ասածը և ուզում եմ խոստովանել իմ կողմից թույլ տված սխալներ՝ ես ցանկանում եմ ընդունել իմ երկու սխալները։ Առաջինը, որ գերագնահատել եմ մարդու առողջական վիճակը գնահատելու իմ ընդունակությունը, իսկ երկրորդը, որ թերագնահատել եմ այն, որ քաղաքացին կարող է վարչապետի հետ խոսելիս կաշկանդվել ու չնշել իր առողջական վիճակի մասին։ Այժմ ներողություն եմ խնդրում Մեխակից ու Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից »,- ասաց Փաշինյանը։

 

Փաշինյանը նշեց, չնայած, որ բոլորն են սխալական, բայց իրենք քաղաքացու  նկատմամբ անազնիվ քայլեր չեն անի։ Վարչապետը հույս հայտենց, որ Մեխակ Առաքելյանի ընտանիքը կստանա զարգացման աջակցություն։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել