Նիկոլ Փաշինյանը՝ Ամուլսարի հարցով հանրաքվեի հնարավորության մասին |armenpress.am|
19:57 - 04 մարտի, 2020

Նիկոլ Փաշինյանը՝ Ամուլսարի հարցով հանրաքվեի հնարավորության մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ եթե քննարկումների արդյունքում գան եզրակացության, որ անհրաժեշտություն կա Ամուլսարի հանքի շահագործման հարցը  հանրաքվեի դնել, ապա որևէ բանով կաշկանդված չեն: Սակայն, թե այդ առումով ինչպիսի իրավական կարգավորումներ կան, վարչապետը այս պահին դեռ չգիտի: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին:

Պատգամավորը  նկատեց, որ Ամուլսարի խնդիրը մնում է համապետական արդիական հարց և անմիջական ազդեցություն ունի քաղաքացիների անվտանգության և առողջության վրա, և  ՀՀ քաղաքացին ունի բոլոր իրավունքները որոշելու՝ Ամուլսարը շահագործվելու է, թե մնալու է սար: Նա հետաքրքրվեց, թե արդյոք պատրաստվում են հանրաքվեի դնել Ամուլսարի շահագործման հարցը:

«Եթե քննարկումների արդյունքում կգանք նրան, որ կա այդպիսի անհրաժեշտություն,  որևէ բանով կաշկանդված չենք: Եթե մինչև հիմա այդպիսի նախաձեռնությամբ հանդես չենք եկել, նշանակում է, որ չենք եկել այն եզրակացության, որ այդ հարցով պետք է հանրաքվե անցկացնել»,-ասաց վարչապետը:

Անի Սամսոնյանը նշեց, որ ուղիղ ժողովրդավարությունը որպես գործիք կիրառելու հարցը վերջերս դարձել է արդիական, և ինքը կարծում է, որ հասունացել է պահը, որ ժողովուդրը որոշի՝ արդյոք սարը շահագործվելու է, թե ոչ, քաղաքացիները հույս ունեն, որ սարը հանք չի դառնալու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Եթե ՀՀ օրենսդրությունը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել հանրաքվեով,  Հայաստանի օրենսդրությունը հնարավորություն է տալիս նաև, որ հանրաքվե լինի քաղաքացիական նախաձեռնությամբ, եթե այդպիսի հնարավորություն կա, ինչու այդպիսի նախաձեռնություն չկա, եթե չկա այդպիսի հնարավորություն, ուրեմն պետք է նայել, դա զուտ իրավական հարց է, որին այս պահին պատրաստ չեմ պատասխանել: Կդիտարկենք Ձեր առաջարկը և կտեսնենք, թե ինչպիսի իրավական դաշտ է գործում այդ առումով»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել