armtimes.com: ՀՀ պետական պարտքը վերջին ամիսներին սկսել է փոքր չափով նվազել: Այս տարվա մարտի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 934.2 մլն դոլար, մինչդեռ փետրվարի վերջին այն 6 մլրդ 943.6 մլն դոլար էր, իսկ հունվարի վերջին՝ 6 մլրդ 951 մլն դոլար էր: Այսինքն, ստացվում է՝ վերջին 2 ամսվա ընթացքում ՀՀ պետական պարտքը նվազել է 16 մլն 800 հազար դոլարով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկագրից:
Բնականաբար, պետական պարտքի մեծ մասը կառավարության պարտքն է՝ 6 մլրդ 389.5 մլն դոլար, որից 4 մլրդ 943.6 մլն դոլարը արտաքին պարտքն է:

«Այդ պարտքի կուտակումը ստեղծել է այնպիսի իրավիճակ, որ այս տարի եւ նաեւ հաջորդ տարիների ընթացքում պետական բյուջեի ծախսերի մեջ զբաղեցնում է բավականին մեծ կշիռ»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը:

- Պարոն Առաքելյան, վերջին ամիսներին նկատում ենք, որ ՀՀ պետական պարտքը նվազում է: Ինչո՞վ է դա պայմանավորված:

- Պետական պարտքը, որն իր մեջ ներառում է արտաքին եւ ներքին պարտքը, բաղկացած է վարկային պայմանագրերից, որոնք ունեն իրենց մարման ժամանակացույցը: Այստեղ կան որոշակի պայմանագրեր, որոնց մարումը լինում է ամսական, կան պայմանագրեր, որոնց գծով պարտավորությունների կատարումը պետք է լինի ժամկետի վերջում եւ այլն: Հետեւաբար որոշակի ժամանակահատվածում մենք կարող է ունենանք ավելի շատ մարումներ, քան նոր վարկային պայմանագրերով միջոցների ներգրավում եւ այդ պարագայում ունենանք որոշակի նվազում: Սակայն անկեղծ լինենք եւ ցավով պիտի նշենք, որ արտաքին պարտքի այդ նվազումը, որը կա, չունի էական անդրադարձ ընդհանուր արտաքին պարտքի ծավալի վրա: Ու ասել, որ մեր արտաքին պարտքը գնում է նվազման, դա այդպես չէ:
Դա ավելի շատ պայմանավորված է ընթացիկ պարտքերի սահմանված գրաֆիկով մարումներով, որը մեր պարտավորությունն է եւ ի սկզբանե կա: Այսինքն, եթե մենք իրականացնենք հաշվարկ, կարող ենք նաեւ ապագայում՝ ցանկացած ժամանակահատվածի համար ամրագրել, թե ընդհանուր մեր պարտավորությունների չափով ինչ մարումներ ենք ունենալու: Սակայն հաշվի առնելով, որ կան նաեւ որոշակի վարկային պայմանագրեր, որոնց գծով նաեւ ապագայում նախատեսում ենք միջոցներ ներգրավել, մենք անընդհատ ունենում ենք արտաքին եւ պետական պարտքի ընդհանուր վերջնական ծավալային փոփոխություններ:

- Տեսակետներ են հնչում, որ արտաքին պարտքի նվազումը կապված է նրա հետ, որ նոր իշխանությունները ավելի քիչ վարկ են վերցնում եւ ավելի շատ նախընտրում են խնայել: Կա՞ նման բան:

- Ե՛ւ վարկերի ներգրավվումը ե՛ւ խնայողությունները չպետք է լինեն ինքնանպատակ: Ընդհանրապես նախորդ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում բազմաթիվ երեւույթների, գործարքների նկատմամբ մեր հանրությունը իրավամբ ունի բացասական գնահատական: Դրանցից մեկը նաեւ պարտքի ներգրավումն է: Ո՞րն է պարտքի ներգրավումը. մենք վերցնում ենք փոխառու միջոցներ, որը մեզ հնարավորություն է տալիս ստեղծել որոշակի հավելյալ արժեք: Այսինքն, պատկերավոր ասած, եթե մենք վերցնում ենք վարկ եւ կարողանում ենք իրականացնել գործընթաց, որի արդյունքում ավելի շատ փող ենք աշխատում, քան այդ վարկի սպասարկումն է եւ դա նպաստում է պետության զարգացմանը, ՀՆԱ-ի աճին, պետական բյուջեի եկամուտների աճին, այդ պարտքը դրական է, եթե մենք բիզնես տեսանկյունից դիտարկենք:
Այսինքն, մենք վերցնում ենք իքս տոկոսադրույքով վարկ եւ այդ վարկային միջոցները տնտեսությունը բերում է այնպիսի իրավիճակի, որ մենք ունենում ենք ավելի շատ բյուջետային եկամուտներ եւ կարողանում ենք մարել այդ վարկի տոկոսները, ու դեռ մի բան էլ մնա տնտեսության զարգացմանը՝ իհարկե, նման վարկային միջոցներից օգտվելը խելամիտ է:
Նախորդ 10 տարում մեր պարտքը մոտավորապես 5 մլրդ դոլարից ավելի աճել է: Ո՞ւր է այդ 5 մլրդ-ի ստեղծած արդյունքը: Այդ 5 մլրդ-ը հիմնականում գնացել է սպառման: Եթե ավելի մասնավոր հատվածից նայենք, կարծես մարդը վարկ վերցնի, սպառի՝ իր օրվա ծախսերը հոգա եւ հետո գա այդ վարկը փակելու ժամանակը: Բայց, եթե մարդը վարկ է վերցնում, իրականացնում է մի գործողություն, որի արդյունքում ավելի շատ փող է ստեղծում, այդ տեսանկյունից շատ դրական է:
Հիմա նոր կառավարությունը գնում է այնպիսի փոխառու միջոցների ներգրավման, որոնք իրականում նպաստելու են կապիտալ ծախսերի աճին եւ իրականում նպաստելու են տնտեսության զարգացմանը: Հաշվի առնելով, որ կա նաեւ որոշակի ուսումնասիրության փուլ՝ նաեւ նախկինում վերցրած միջոցներ, դրանց արդյունավետության գնահատման փուլում ենք մենք այս պահին գտնվում եւ արդեն այս պահին այո, մենք անհրաժեշտություն ունենք ամրագրել այդ արդյունավետ ծրագրերը: Այսինքն, վերցնել ուղղակի գումար եւ ասել՝ մենք գումար ենք վերցրել ու ծախսենք... ո՞ւր է գնում այդ փողը: Կարծում եմ, որ առաջիկայում այս մասով մենք կունենանք էականորեն այլ մոտեցումներ, այլ սկզբունքներ, որ մեր վերցրած յուրաքանչյուր դրամը, որն ի վերջո պետական բյուջեից է մարվում եւ որն ի վերջո հարկատուների հաշվին է մարվում, ուղղվի բացառապես տնտեսությանը:

Շարունակությունը կարդացեք armtimes.com-ում։