Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
09:44 - 03 հուլիսի, 2019

Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Համաշխարհային բանկի տրանսպորտային ոլորտի մասնագիտական խմբի պատվիրակությանը։

Նախարար Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստանի ու Համաշխարհային բանկի երկարամյա և արդյունավետ փոխգործակցությունը՝ ընդգծելով բանկի հետ հարաբերությունների դինամիկ զարգացման և որակապես նոր հանգրվան տեղափոխելու հայկական կողմի շահագրգռվածությունը։ Նախարարը միաժամանակ հարկ է համարել նշել, որ բանկի հետ համատեղ իրականացված և ընթացքի մեջ գտնվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիրը Հայաստանի տնտեսական զարգացման և ենթակառուցվածքային արդիականացման համար կարևոր նախադրյալներ է ստեղծում։

ՀԲ-ի տրանսպորտի մասնագետ Նարգիզ Ռիսկուլովան շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և համոզմունք հայտնել, որ Հայաստանի հետ գործընկերային ու արգասաբեր համագործակցությունը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ իրականացվող ծրագրերի միջոցով զարգացման նոր դրսևորումներ կստանա։

Նարգիզ Ռիսկուլովան նաև ուրախությամբ հայտնել է, որ ՀԲ-ի տնօրենների խորհուրդը ս․թ․ մայիսին հաստատել է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար երկրորդ լրացուցիչ 13,4 մլն եվրո ֆինանսավորումը, որով նախատեսվում է վերականգնել շուրջ 65 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ ՀՀ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզերում։

Նկատենք, որ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի առաջին փուլով նախատեսված 170 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհ արդեն վերականգնվել է։ Ավելին՝ ծրագրի տնտեսումների հաշվին հնարավոր է եղել վերականգնել ծրագրով նախատեսվածից ավելին՝ լրացուցիչ 41,1 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհներ։ Ֆինանսավորման ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում նախատեսվում է վերականգնել 360 կմ ընդհանուր երկարությամբ (ներառյալ հիմնական ծրագրի 170կմ-ը) կենսական նշանակության ճանապարհահատվածներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել