Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինին
13:07 - 28 հոկտեմբերի, 2019

Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, նորանշանակ դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրին՝ նախարարը շնորհավորել է Անդրեա Վիկտորինին դեսպանի բարձր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և նկատել, որ Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև ձևավորվել են կայուն և շարունակաբար զարգացող հարաբերություններ, որոնք երկուստեք ջանքերի շնորհիվ բարձրանալու են որակական նոր հարթություն:

Անդրեա Վիկտորինը իր հերթին կարևորել է ձևավորված հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերի հետագա ակտիվացումը և վերահաստատել Եվրամիության՝ Հայաստանում տարածքային զարգացմանն ուղղված քայլերին տեխնիկական աջակցություն տրամադրելու և միջազգային ֆինանսական հաստատությունների հետ փոխգործակցելու պատրաստակամությունը:

Զրուցակիցները քննարկել են համատեղ աշխատանքների ընթացքը և փոխգործակցության ընդլայնման ուղղությունները կոշտ թափոնների կառավարման, ջրային ռեսուրսների, էներգետիկայի, տարածքային զարգացման պիլոտային ծրագրերի ոլորտներում: Նախարարն ընդգծել է տարածքային համաչափ զարգացմանն ուղղված ԵՄ աջակցության և ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումների փոխլրացման անհրաժեշտությունը: Սուրեն Պապիկյանը նաև կարևորել է էներգետիկ ոլորտում առկա համագործակցությունը՝ շեշտելով, որ Հայաստանի համար առանցքային է էներգետիկ անվտանգությունը, ինքնուրույնությունը և այս ասպարեզում բալանասավորված անկախությունը:
Կողմերն անդրադարձել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային հանգույցին, Կովկասյան էլեկտրահաղորդակցման ցանցում տարվող աշխատանքային հարցերի:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակվել համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվական ռեսուրսներով և գործադրել առավելագույն ջանքեր՝ ենթակառուցվածքների զարգացման արդյունավետ համագործակցություն ապահովելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել