Նաիրա Զոհրաբյանի արձագանքը Լիլիթ Մարտիրոսյանի ելույթին խտրականության դրսևորում էր․ Արա Ղարագյոզյան
17:24 - 09 ապրիլի, 2019

Նաիրա Զոհրաբյանի արձագանքը Լիլիթ Մարտիրոսյանի ելույթին խտրականության դրսևորում էր․ Արա Ղարագյոզյան

Վերջին օրերին ամենաքննարկվող թեմաներից է Ազգային ժողովում «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Իրավունքի կողմ» ՀԿ-ի ղեկավար Լիլիթ Մարտիրոսյանի ելույթը և ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի արձագանքն այդ ելույթին:

Տասից ավելի իրավապաշտպան ՀԿ-ներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Զոհրաբյանի արձագանքը գնահատելով խտրական: Միջադեպին անդրադարձել է նաև վարչապետ Փաշինյանը՝ ասելով, որ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի նման պահվածքը կասկածի տակ է դնում ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակը:

Այս թեմայի, խտրականության, դրա օրենսդրական կարգավորումների ու բացերի շուրջ զրուցել ենք «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանի հետ:

Ըստ նրա՝ Նաիրա Զոհրաբյանի արձագանքը Լիլիթ Մարտիրոսյանի ելույթին խտրականության դրսևորում էր:

«Նախ, ԱԺ-ում այդ օրվա ելույթներից շատերն էին օրակարգից դուրս, երկրորդ, թեկուզ այն շեղված էր օրակարգից, բայց չէ՞ որ դրանով իրավապաշտպանը հայտարարեց բազմաթիվ բռնությունների մասին: Եվ Նաիրա Զոհրաբյանը՝ որպես ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, պետք է վրդովվեր ոչ թե այն պատճառով, որ ԱԺ ամբիոնից նման հարց է հնչեցվել, այլ որ տարիներ շարունակ եղել է այդ բռնությունն ու ատելության խոսքը և մնացել անպատիժ: Նա պետք է հանձնաժողովի նիստ գումարեր ու քննարկեր ամբիոնից բարձրաձայնված խնդիրը:

Ցավոք, ոչ միայն նա, այլև իրենց կուսակցության այլ անդամներ ևս իրենց խոսքում խտրական վերաբերմունքն են դրսևորում խոցելի խմբերի նկատմամբ: Բարձրաստիճան անձանց էթիկական հանձնաժողովը պետք է նրանց այս վարքագիծը քննարկման դնի»,- ասաց փաստաբանը:

Անդրադառնալով խնդրի օրենսդրական կարգավորումներին՝ Արա Ղարագյոզյանը նշեց, որ խտրականության դեմ առավել արդյունավետ պայքարելու համար անհրաժեշտ է հակախտրական օրենք ունենալ: «Կա «Հավասարության մասին» օրենքի նախագիծ, որը տարիներ շարունակ քննարկվում է հանրության կողմից, սակայն, դեռևս օրենք չի դարձել, չի էլ մտել Ազգային ժողով՝ քննարկումների»,- նշեց նա:

«Այս օրերին ավելի շատ է զգացվում օրենքի անհրաժեշտությունը, քանի որ տեսնում ենք ատելության խոսքի դրսևորումներ, շատ դեպքերում նույնիսկ մարդկանց կյանքին վտանգ սպառնացող հայտարարություններն են հնչում: Տեսանք, որ այդ ամենից զերծ չեն մնում նույնիսկ ԱԺ որոշ պատգամավորներ, սակայն քանի որ մեր երկրում ատելության խոսքը քրեականացված չէ, օրենսդրական որևէ լծակ չկա՝ նման երևույթները կանխելու ու այդ մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկելու:

Ատելության խոսքի տարածումը լուրջ վտանգներ է պարունակում նաև այն առումով, որ դրա հաճախակի հնչեցումը կարող է բերել ավելի դաժան հետևանքների»,- ասաց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի փաստաբանը:

Ղարագյոզյանի խոսքերով՝ մեր օրենսդրությունը քրեական պատասխանատվություն սահմանում է կյանքին սպառնացող իրական վտանգի դեպքում, իսկ համացանցում և ԱԺ շենքի դիմաց տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հենց այդպիսի սպառնալիքներ էին հնչում. «Եվ քանի որ այդ ամենը նաև մամուլով է հրապարակվել, ոստիկանությունը պետք է քրեական գործ հարուցի: Այսինքն՝ մեր օրենսդրությամբ սահմանված միակ լծակը քրեական պատասխանատվության ենթարկելու Քրեական օրենսգրքում սպանության սպառնալիք տալու հոդվածն է: Սակայն, պրակտիկայում դեռ որևէ նախադեպային դատավճիռ չունենք»:

Փաստաբանն անդրադարձավ նաև միջազգային պրակտիկային՝ նշելով, որ Եվրոպական դատարանի շատ որոշումներ քրեական պատասխանատվություն են ենթադրում խտրականության դեպքում, եվրոպական մի շարք զարգացած երկրներում ևս խտրականությունը, ատելության խոսքը քրեականացված են: «Եվրոպական կոնվենցիայով, ինչպես նաև քաղաքական և քաղաքացիական դաշնագրով սահմանված է խտրականության արգելքը, ու թեև մենք օրենք չունենք, բայց կա Կոնվենցիան, Հայաստանը միացել է դրան, ստանձնել է պարտավորություն, որ պետք է պաշտպանի բոլոր քաղաքացիներին, բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առաջ և զերծ խտրական վերաբերմունքից: Կոնվենցիան թույլ է տալիս, որ նմանատիպ դեպքերում կիրառվի բարձրագույն օրենքը և ոչ ներպետականը»,- ասաց Արա Ղարագյոզյանը:

Աստղիկ Քեշիշյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել