Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ
13:51 - 02 ապրիլի, 2019

Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ապրիլի 2-ին հանդիպել է խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ:

Հանդիպման ընթացքում զինծառայողների ծնողները նշել են, որ իրենք ունեն առավել քան հիմնավոր փաստեր, որ իրենց որդիներին սպանել են, այնուհետեւ սպանությունը վերաորակավորվել է ինքնասպանություն:

Հանձնաժողովի նախագահը, նշելով, որ այս պահին չի կարող անմեղության կանխավարկած խախտել, վստահեցրել է, որ յուրաքանչյուր գործով հանձնաժողովն առանձին զբաղվելու է, պատկան մարմինների հետ քննարկում է սկսելու զինվորներից յուրաքանչյուրի գործով, որպեսզի կարողանա վերականգնել արդարությունը: Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ եթե նոր Հայաստանում այս եւ նմանօրինակ դեպքերով չվերականգնվի արդարությունը, ապա իրավունք չենք ունենա ասելու, որ դատաիրավական համակարգում ինչ-որ բան փոխվել է:

«Դուք կորցրել եք ամենաթանկը: Մենք ձեր որդիներին վերադարձնել չենք կարող, բայց մենք՝ որպես օրենսդիր մարմին, պարտավոր ենք անել առավելագույնը, որ դուք ունենաք արդարության զգացում»,-ընդգծել է Նաիրա Զոհրաբյանը:

Հանձնաժողովի նախագահը վստահեցրել է, որ ինքը մշտապես լինելու է խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների բոլոր այն ծնողների կողքին, ովքեր այսօր իրավական համակարգում փնտրում են արդարություն:

ՀՀ ԱԺ

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել