ՆԳ նախարարին ներկայացվող պարտադիր պահանջ չէ համակարգից լինելը, պաշտոնը քաղաքացիական է․ Արմեն Խաչատրյանը՝ ՆԳՆ ստեղծելու նախագծի մասին |tert.am|
15:09 - 13 փետրվարի, 2020

ՆԳ նախարարին ներկայացվող պարտադիր պահանջ չէ համակարգից լինելը, պաշտոնը քաղաքացիական է․ Արմեն Խաչատրյանը՝ ՆԳՆ ստեղծելու նախագծի մասին |tert.am|

tert.am: Այսօրվա Ոստիկանությունը համարժեք չէ երկրում տիրող իրավիճակին, հանցավորությանը, որովհետև Ոստիկանությունը չունի այն գործիքակազմը, լիազորությունները, որոնք անհրաժեշտ են իր առաջ դրված խնդիրները լուծելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ստեղծման նախագծին:

«Նախկինում, երբ Ներքին գործերի նախարարությունը դարձավ Կառավարությանն առընթեր Ոստիկանություն, որևէ էական փոփոխություն չունեցավ Ոստիկանության կազմում և գործելաոճում ընդհանրապես: Ներքին գործերի նախարարություն դառնալու անհրաժեշտությունը պայմանավորված է խորհրդարանական և քաղաքացիական վերահսկողությունն ավելի արդյունավետ դարձնելու, քաղաքական պատասխանատվությունն ավելի բարձր մակարդակի վրա դնելու համար: Այն ներառելու է ոչ միայն ոստիկանական ծառայությունը, այլև մի շարք այլ՝ ոչ ոստիկանական ծառայություններ»,- ասաց Խաչատրյանը՝ կարծիք հայտնելով, թե մշակված ռազմավարությունը բավականին լավ փաստաթուղթ է:

«Օրվա իշխանությանը ծառայող և հարկադրանք կիրառող ոստիկանության իմիջը կփոխակերպվի հասարակական անվտանգությունը պահպանող, հարգանք վայելող ոստիկանի կերպարով»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ Ոստիկանությունը պետք է ունենա լիազորություն գործերն ամբողջությամբ քննելու, ուղարկելու դատարան և պատասխանատվություն կրելու այդ գործերի ամբողջ ընթացքի համար:

Պատգամավորի խոսքով՝ նախատեսված է, որ ոստիկանության պետին կնշանակի ՀՀ վարչապետը՝ նախարարի ներկայացմամբ, սակայն ոստիկանության պետը կունենա որոշակի ինքնուրույնություն: «Նախարարին ներկայացվող պահանջների մեջ չկա պայման, որ նա պարտադիր պետք է լինի համակարգից, պաշտոնը քաղաքացիական է, կարող է լինել այն անձը, որը բավարարում է պատգամավոր դառնալու պահանջներին»,-նշեց նա:

Հարցին՝ մեկ տարվա ընթացքում իրատեսակա՞ն է այդ փոփոխություններին հասնելը, Խաչատրյանը պատասխանեց, որ կազմված փաստաթուղթը շատ լուրջ վերլուծությունների հիման վրա է կազմվել՝ 1-1.5 տարվա ընթացքում:

«Նախատեսված է ամբողջ ծավալով իրականացնել 2020-2020 թթ. ընթացքում: Կարճ ժամանակահատվածը ստիպելու է, որ քայլերը լինեն շատ գործուն: Բայց վստահ եմ, որ կառավարությունը ռեսուրսները հաշվի է առել, և ռազմավարական խնդիրներն ամբողջությամբ կլուծի»,-ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ կլինեն որոշակի պայմաններ, որոնց համապատասխանելու դեպքում միայն հնարավոր կլինի դառնալ աշխատակից: «Կընդունվեն բուհեր ավարտած նոր կադրեր, կապ չունի, թե ինչ կրթություն են ունեցել, կարևորը՝ բարձրագույն կրթություն ունենան, որից հետո ոստիկանության կրթահամալիրում կանցնեն համապատասխան կուրսեր: Կարևոր են նաև լեզուների իմացությունը, բարետես արտաքինը, ֆիզիկական կարողությունները, առողջությունը, ՀՀ ԶՈւ-ում ծառայած լինելը»,-ասաց Խաչատրյանը՝ նշելով, թե ստեղծվելու է հանձնաժողով, որում ներառված կլինեն նաև հոգեբաններ, որոնք թեստերի, հարցազրույցների միջոցով վեր կհանեն խնդիրներն ու կառանձնացնեն այն մարդկանց, որոնք բավարարում են պահանջներին:

Պատգամավորի խոսքով՝ կավելանան նաև սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել