Մոր ամուսնու կողմից բռնության ենթարկված անչափահաս աղջիկը ապաստան է գտել Վանաձորի մանկատանը |hetq.am|
09:13 - 07 մայիսի, 2019

Մոր ամուսնու կողմից բռնության ենթարկված անչափահաս աղջիկը ապաստան է գտել Վանաձորի մանկատանը |hetq.am|

hetq.am: Թումանյանի բաժնի ավագ տեսուչ Գայանե Ձավարյանը պատմեց, որ մարտի 31-ին Լիլիթը եկել է ոստիկանություն և հայտնել, որ չի ցանկանում տուն վերադառնալ, ուզում է մանկատուն գնալ: «Մենք այդ մասին շտապ տեղեկացրինք դպրոցի տնօրենին և ոստիկանություն հրավիրեցինք նրա նկատմամբ բռնություն իրականացրած Դավիթ Լալայանին»,- պատմեց ավագ տեսուչը:

13-ամյա Լիլիթը սովորում էր Ալավերդու դպրոցներից մեկում: Մարտի 31-ին նա ոստիկանությունում հաղորդում է տվել, որ իրենց հարևան Դավիթ Լալայանը ոտքով հարվածել է իր ձախ ոտքին, քաշքշել, վայր է գցել, պատճառել է մարմնական վնասվածք, նաև ձեռքով հարվածել է իր դեմքին:

Ոստիկանության Թումանյանի բաժնի անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման բաժանմունքի ավագ տեսուչ Գայանե Ձավարյանը ասում է՝ Դավիթ Լալայանն իրականում ոչ թե հարևանն է, այլ Լիլիթի մոր ամուսինը, որը ոչ միայն բռնության է ենթարկել անչափահաս երեխային, այլև նրան պարտադրել բնակվել անտանիք սենյակում:

«Դավիթն ուզում է, որ ես այդ տանը մենակ ապրեմ, բայց այնտեղ շատ կռիսներ կան, ես վախենում եմ այնտեղ մենակ ապրել: Ինձ մի կտոր հաց է տալիս, ասում է՝ այդքանը քեզ հերիք է, գնա էնտեղ կեր: Իրենք ինձ իրենց հետ սեղան թույլ չեն տալիս նստել»,- ոստիկանության ավագ տեսուչին և իր դասղեկ Մարգարյանին պատմել է Լիլիթը:

Դեպքի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում հարուցվել է քրեական գործ:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Դավիթ Լալայանի բռնության արդյունքում Լիլիթի առողջությանը պատճառվել է թեթև վնաս:

Լիլթի մայրը՝ Ք. Կ.-ն, սոցիալական աջակցության Թումանյանի տարածքային գործակալությանը գրած իր դիմումում հայտնել է, որ ունի 3 երեխա: Նրանցից մեծը՝ Լիլիթը, առաջին ամուսնուց է: Երեխան դեռ չէր ծնվել, երբ հայրը մահացել է: Մայրն ամուսնացել է 3 անգամ: Ներկայիս ամուսնուց՝ Դավիթ Լալայանից, ունի մեկ որդի:

«Մենք ընտանիքում հաճախակի ունենում էինք վեճեր, ամուսինս մանավանդ աղջկաս չի կարողանում ընդունել որպես ընտանիքի անդամ, բացարձակ ոչ մի դրական հարաբերություն չունի Լիլիթի հետ, հաճախ հայհոյում է նրան: Մենք բնակվում ենք Դավիթ Լալայանին պատկանող տանը: Նա մարտի 31-ին սկսեց կրկին հայհոյել Լիլիթին, և մեզանից աննկատ նա լքեց տունը»,- հայտնել է մայրը: Վերջինս խնդրել է իր աղջկան տեղավորել խնամքի որևէ կենտրոնում:

Դավիթ Լալայանը ոստիկանությունում բացատրություն է տվել, թե ինքը դաստիարակում և մաքրություն է պահանջում Լիլիթից: Ասել է՝ իր երեխայի նման է նրան պահում:
Դեպքից հետո մայրական կողմի պապն ու մորաքույրը մի քանի օրով Լիլիթին տարել են իրենց տուն, այն մտադրությամբ, որ երեխան կհանդարտվի, կվերադառնա տուն: Հաջորդ օրը մորաքույրը Լիլիթին դպրոց է տարել:

Ճանապարհին Լիլիթը մորաքրոջից աննկատ մոտեցել է մի ոստիկանի և հայտնել, որ իրեն իրենց տուն են ուզում տանել, ասել է՝ վախենում է, չի ուզում տուն գնալ, խնդրել է իրեն տանել ոստիկանություն և ուղարկել մանկատուն: Ոստիկանը Լիլիթին ուղեկցել է ոստիկանություն:

«Երկուշաբթի էր, ոստիկանություն հրավիրեցինք համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Կարեն Կոնինյանին և սոցիալական աշխատողին: Նրանք Լիլիթին փորձեցին համոզել տուն գնալ: Լիլիթը մնաց անդրդվելի: Փորձում էինք երեխայից իմանալ, թե Դավիթ Լալայանը ինչ բռնության է իրեն ենթարկում: Պատասխանում էր ՝ վախենում եմ, չեմ ուզում տուն գնալ»,- պատմում է Գայանե Ձավարյանը:

Ապրիլի 3-ին Գայանե Ձավարյանը և դասղեկ Հասմիկ Մարգարյանը այցելում են երեխայի տուն: Դավիթ Լալայանը ոստիկանության ավագ տեսուչի և դասղեկի ներկայությամբ սկսում է հայհոյել Լիլիթին: 

«Ասաց` ինքն էստեղ մնալու գործ չունի, թող տանից դուրս գա, թող կողքի տանն ապրի, ես իրեն մի կտոր լափ կտամ: Ես իրեն չեմ պահում: Լիլիթը դա լսելուն պես տանից դուրս է փախչում»,- պատմեց Գ. Ձավարյանը:

Դասղեկի և Գայանե Ձավարյանի նկարագրելով` Լիլիթը ապրել է սարալանջին գտնվող անտանիք մի տան մեջ: Ոստիկանության ավագ տեսուչի խոսքով, երեխայի հետ Դավիթ Լալայանի կռիվն ու ծեծը սկսվել է այն բանից հետո, երբ Լիլիթը ցանկություն է հայտնել գարնանային արձակուրդներին հյուր գնալ տատին և պապին: Դավիթն ասել է՝ «բա էս տան գործերն ո՞վ է անելու, փոխանակ մորդ օգնես, փոխանակ ծախ բերես»:

Հետո հանձնարարել է սանրը մաքրել: Դավիթը սանր լավ մաքրած չլինելու պատրվակով ոտքով հարվածել է աղջնակին, ինչից հետո Լիլիթը փախել է: Նրա պատմելով՝ պատշգամբի երկաթե աստիճանների վրա Դավիթը իրեն հրել է, Լիլիթը աստիճանների վրա վայր է ընկել, ազդրը խփել է աստիճանի երկաթի սուր ծայրին, վնասել ոտքը: Մարտի 31-ին կրկին Դավիթի հայհոյանքներից հետո Լիլիթը փախել է տնից և դիմել ոստիկանություն՝ իրեն մանկատուն ուղարկելու համար:

 

Ավելին՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել