armtimes.com: Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար:

Այս մասին ասաց նրա պաշտպաններից Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ միջնորդություն է ներկայացվել դատարան նրան կալանավորելու վերաբերյալ:

Ամրամ Մակինյանի խոսքով՝ Միքայել Մինասյանի դրվագը ներառված է մի գործում, որը ՊԵԿ-ում քննվում է շատ վաղուց եւ որեւէ առնչություն չունի իրենց հետ. «Պարոն Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալների մուտգաքրման համար այն դեպքում, երբ նրա մասով ապացույցները խոսում են ոչ թե մեղադրանքի առկայության, այլ դրա բացակայության մասին»:

Ըստ Մակինյանի՝ Միքայել Մինասյանը իր 2017 թվականի հայտարարագիրը լրացնելու համար լիազորել է մի ընկերության, որի աշխատակիցը թվերի հանրագումարի առումով տեխնիկական վրիպակ է թույլ տվել, եւ հայտարարագրում ներկայացրել է ավելի շատ գումար, քան Մինասյանն ունի իրականում, իսկ այդ ֆինանսական միջոցների փոխանցումը իր մի հաշվից մյուս հաշվին դիտարկվել է փողերի լվացում.

«Սա վերջին երկու տարում ինձ հանդիպած ամենազավեշտալի գործերից մեկն է, այդ առումով մեզ մոտ տարակուսանք է առաջացրել այն, թե ինչպես է վարույթն իրականացնող մարմինը անձի օրինական միջոցների փոխանցումները, որը ինքը կասկածի տակ չի դնում, դիտարկել փողեր լվացում, եւ ինչպես է հայտարարագրում տեխնիկական սխալը, որից եկամուտ չի առաջանում ապօրինի հարստացման հանցակազմի իմաստով, դիտարկում ապօրինի հարստացում. պիտի շատ վառ երեւակայություն ունենաս, որ այսպիսի մեղադրանք առաջադրես, չնայած ասեմ, որ մեղադրանքը, քննարկելով ու անցկացնելով այն քաղաքական հայտարարությունների լույսի ներքո, որ վերջին ժամանակներում բազմաթիվ անգամներ արել են հայտնի քաղաքական գործիչները նրա անձի վերաբերյալ, սպասելի է դառնում»:

Ըստ պաշտպանի՝ Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել մոտ մեկ ամիս առաջ՝ մարտի 23-ի մոտակայքում, եւ այս մեկ ամսվա ընթացքում ինքը բազմաթիվ միջնորդություններ է ներկայացրել, որպեսզի հարցաքննվի հայտարարագիրը լրացրած այդ անձը, ինչը, ըստ պաշտպանի, ՊԵԿ-ն ու Դատախազությունը չեն ցանկանում անել.

«Այդ հարցաքննության արդյունքում քրեական գործի համար շատ կարեւոր տեղեկություններ կստանանք, այդ վրիպակը նրա անփութության հետեւանքով է եղել, սակայն քննիչն ու դատախազը, լինելով պրոֆեսիոնալ իրավաբաններ, շատ լավ հասկանում են, որ եթե այդ հարցաքննությունը կատարվի, մեղադրանքը կտեղափոխվի քաղաքական դաշտ»: Մակինյանի կարծիքով՝ նրանց նպատակը Մինասյանին կալանավորելն է. երբ դրան հասնեն, նոր միայն այդ հարցաքննությունը կկատարեն:

Շարունակությունը՝ armtimes.com-ում