Փետրվարի 17-18-ը Նյու Յորքում տեղի են ունեցել Միջխորհրդարանական միության և Միավորված ազգերի կազմակերպության «Կրթությունը՝ որպես խաղաղության և կայուն զարգացման խթանիչ, դեպի կայուն զարգացման նպատակ 4-ի իրականացում» խորագրով լսումներ, որի ժամանակ ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության հայկական պատվիրակության անդամ, Միջխորհրդարանական միության ՄԱԿ-ի հարցերով հանձնաժողովի անդամ Միքայել Մելքումյանը։ Ելույթը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի' գործընկերներ,

Անշուշտ, քննարկվող հարցը չափազանց կարևոր է, և մենք պետք է գտնենք արդյունավետ լուծումներ։ Այսօր կան երկրներ, որտեղ կան աշխատատեղեր, սակայն չկան աշխատողներ՝ որակի և աշխատավարձի չափի պատրվակով: Մարդիկ նաև համեմատաբար աղքատ երկրներում համաձայն չեն ստանալ միայն գոյատևման աշխատավարձ և համարվել աշխատող աղքատներ: Սա լուրջ հարց է:

Կրթական իրավունքի ապահովման խնդիրը, ինչպես և մարդկանց ապրելու, աշխատելու, առողջության պահպանման իրավունքները, համամարդկային նորմեր են, որոնք արձանագրված են նաև ՄԱԿ-ի համապատասխան փաստաթղթերում: Եվ այս առումով շատ կարևոր է, որ դա չմնա թղթի վրա, այլ իսկապես բոլորի համար իրականություն դառնա: Իսկ կարո՞ղ եք ասել՝ ինչպես այդ իրավունքից օգտվեն, ասենք, չճանաչված պետություններում ապրող երեխաները, ուսանողները, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի, Արցախի Հանրապետությունում ապրող և սովորող դպրոցականներն ու ուսանողները: Պետություն, որն արդեն 30  տարի է դե ֆակտո անկախ է և ձևավորել է պետականության բոլոր ինստիտուտները, արդարացիորեն ապրում է իր ապուպապերի հայրենիքում, որտեղ են իրենց նախնիների գերեզմանները, եկեղեցիները: Եվ այս ժողովրդի մոտ հարգի է եղել կրթությունը, գիտությունը, մշակույթը:

Հիմա խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք անկախ, չճանաչված պետության կարգավիճակում գտնվող Արցախի Հանրապետությունում չպետք է հստակ լուծել կրթական և մյուս իրավունքների իրացման հարցը: Ինչպե՞ս: Ըստ էության՝ դրա մասին կոնկրետ իրավական փաստաթղթեր ընդունելով: Չճանաչված պետությունների կարգավիճակը չպետք է խոչընդոտ հանդիսանա կրթության ոլորտում: ՄԱԿ-ի Կրթության ոլորտում խտրականության դեմ պայքարի կոնվենցիայի դրույթների կիրառումը պետք է նպաստի այդ պետությունների բնակչության կրթական իրավունքի իրացմանը»: