Մեր բոլոր դատաիրավական բարեփոխումների նպատակն իրապես անկախ դատական համակարգ ունենալն է, անկախ ոչ միայն գործադիրից և օրենսդիրից, այլև արտաքին ազդեցություններից․ Ռուստամ Բադասյան |tert.am|
17:25 - 12 փետրվարի, 2020

Մեր բոլոր դատաիրավական բարեփոխումների նպատակն իրապես անկախ դատական համակարգ ունենալն է, անկախ ոչ միայն գործադիրից և օրենսդիրից, այլև արտաքին ազդեցություններից․ Ռուստամ Բադասյան |tert.am|

tert.am: Մեր բոլոր դատաիրավական բարեփոխումների նպատակն իրապես անկախ դատական համակարգ ունենալն է, անկախ ոչ միայն գործադիրից և օրենսդիրից, այլև արտաքին ազդեցություններից, որոշ շրջանակների ազդեցություններից, և մենք հետևողականորեն գնալու ենք այդ ուղղությամբ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Վերջինս նշեց, որ թեպետ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը հայտնի է, բայց հանրաքվեի նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկելու հարցը կքննարկեն եվրոպացի գործընկերների հետ։

Անդրադառնալով ՍԴ-ի և սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ միջազգային կառույցների արձագանքներին՝ նախարարն ասաց, թե ինքը չի տեսել որևէ այնպիսի հայտարարություն, որը մտահոգիչ կլինի կամ կարող է դիտվել մտահոգիչ:

«Ես տեսել եմ, որ Հայաստանում մեկնարկած դատաիրավական, հակակոռուպցիոն բարեփոխումներին միջազգային կառույցների կողմից տրվել են լավ, բարձր գնահատականներ, նշվել է, որ այն, ինչն այսօր կատարվում է Հայաստանում, հնարավոր չէր տասը տարի առաջ, հնարավոր չէր նախկին պայմաններում, և ողջունել են Հայաստանում մեկնարկած բարեփոխումները»,-ասաց Բադասյանը՝ նշելով, թե այս փուլում իրենց խնդիրը ցույց տալն է, որ բարեփոխումները շարունակական են լինելու:

Դիտարկմանը, թե ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ իրավական առումով խնդիր է տեսնում, որ երկրի ղեկավարը հայտարարել է, թե պատրաստ է հանդիպել ՍԴ բոլոր դատավորների հետ, Բադասյանն արձագանքեց.

«Կարծում եմ՝ խնդիրը նրանում է, որ եթե որոշակի պարզաբանման հարցեր կան կամ, օրինակ, ՍԴ դատավորները ճնշում են տեսնում որևէ կողմից իրենց նկատմամբ, կարող են նաև այդ հարցով դիմել ՀՀ վարչապետին. նա որևէ միտում չուներ որևէ կերպ կասկածի տակ դնելու որևէ անկախ մարմնի անկախության խնդիրը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել