Մեր մանդատը իրացնելու հնարավորությունները սահմանափակված են․ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյան
14:17 - 07 մարտի, 2020

Մեր մանդատը իրացնելու հնարավորությունները սահմանափակված են․ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյան

Երեկ՝ մարտի 6-ին, Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի տնօրենի ընտրությանը հետևելու հնարավորություն չտրվեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գրիգոր Երիցյանին։ Մինչև ընտրության մեկնարկը դպրոցի կառավարման խորհուրդը որոշեց ներս չթողնել նրան։ Այս թեմայով զրուցել ենք Գրիգոր Երիցյանի հետ։

- Պարո՛ն Երիցյան,  ինչո՞ւ Ձեզ թույլ չտվեցին ներկա գտնվել տնօրենի ընտրության գործընթացին։

- Քանի որ նախապես չէի հավատարմագրվել, խորհուրդը դրեց քվեարկության, թե արդյո՞ք նպատակահարմար են գտնում ինձ դիտորդի կարգավիճակում թույլ տալ մասնակցել դպրոցի տնօրենի մրցույթին, և փաստորեն իրենք գտան, որ նպատակահարմար չէ իմ մասնակցությունը, և սահմանափակեցին իմ՝ դիտորդ լինելու հնարավորությունը։ Ազգային ժողովի պատգամավոր կար, որին նույնպես  որոշ ժամանակ թույլ չէին տալիս ներս մտնել։ Սկզբում պատճառն այն էր, որ  վկայականը  իր մոտ չէր, հետո նա բերեց վկայականը, ապա ասացին, որ խորհուրդը որոշել է, որ նաև իրեն թույլ չեն տալիս մասնակցել։

Ինձ մոտ բնական կասկած առաջացավ, որ գուցե դա արվում է միտումնավոր, քանի որ որոշ լրատվամիջոցներ նույնպես կարողացան ներս մտնել առանց հավատարմագրման։ Ի սկզբանե ես եկել էի առանց որևէ կասկածի, բարի կամքով,  որպեսզի տեսնեմ՝ ինչպես է ընթանում այս մրցույթը։ Քանի որ նախկինում էլ ահազանգեր էի լսել դպրոցի կառավարման խորհրդի ներկայացուցիչներից՝ որոշակի խնդիրների վերաբերյալ, ուզում էի ինքս համոզվել, սակայն  դա ինձ մոտ չստացվեց։ Ես խնդրեցի, որ Երևանի  փոխքաղաքապետն անձամբ գա, մասնակցի այդ մրցույթին և ճշտի, թե որն է պատճառը, որ իմ մուտքը սահմանափակել են։ 

- Պարո՛ն Երիցյան, արդյոք չկա՞ն համապատասխան օրենսդրական կարգավորումներ, Դուք իսկապե՞ս չունեիք ներս մտնելու հնարավորություն։

- Երևանի ավագանու դեպքում և առհասարակ ավագանու դեպքում օրենսդրական բացեր կան, և դա չի կարգավորվում, ցավոք սրտի։ Ես կարծում եմ, որ որևէ խոչընդոտ չպետք է լիներ, որ մենք կարողանայինք մասնակցել մի մրցույթի, որը տեղի է ունենում մի հիմնարկում, որը փաստացիորեն կոչված ենք վերահսկելու։ Այսինքն, ես իմ վերահսկելու գործառույթը չկարողացա իրականացնել։

Նախապես գրանցվելու վերաբերյալ․ հասարակական կազմակերպությունները նախապես գրանցվում են դիտորդության համար, ինչպես նաև մամուլի ներկայացուցիչները, բայց որպես Երևանի ավագանու անդամ՝ նման կարգ գոյություն չունի, որ դիմեմ և խնդրեմ, որ ինձ նույնպես որպես դիտորդ գրանցեն։ Եթե նախապես գրանցվում եմ, այտեղ կորչում է վերահսկման գործառույթը, որովհետև բոլորը իմանում են, որ ես գալու եմ։ Կարծում եմ՝ կան օրենսդրական խնդիրներ, բայց ինձ համար ամեն դեպքում տհաճ է։ Քանի որ ընտրությունը հեռարձակվում էր օնլայն, առանց որևէ պատճառաբանության իմ մուտքը սահմանափակելը ճիշտ չէր։

Մի քանի պատճառաբանություն տվեցին․ մեկը, որ ներսում տեղ չկա, որը աբսուրդային պատճառաբանություն է ինձ համար, երկրորդը, որ նախապես չեմ գրանցվել, երրորդը՝ խորհուրդը որոշեց, որ ներս չենք թողնի, որովհետև, եթե այդպես լինի, ով ասես՝ կգա։ Երրորդը ամենաաբսուրդային բացատրությունն էր, և նաև ինձ համար գաղտնիք է մնում, թե որն էր խորհրդի անդամների մոտիվացիան՝ դեմ քվեարկելու իմ մասնակցությանն այն դեպքում, երբ, կարծես թե, թափանցիկության բոլոր կանոնները պահպանված էին․ լրագրողներ կային, օնլայն հեռարձակվում էր մրցույթը, չգիտեմ՝ որն էր իրենց մոտիվացիան առհասարակ դա խորհրդի քննարկմանը դնելու։ 

- Նշեցիք, որ Ձեր խնդրանքով դպրոց էր եկել փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։ Արդյո՞ք ընտրությունից հետո քննարկել եք այս խնդիրները։

- Այո՛, իր հետ քննարկել եմ պատճառը և նաև տեղեկացել եմ իրենից ներսում տեղի ունեցող իրավիճակից՝ արդյո՞ք բոլոր օրենքները պահպանվում են և այլն։ Խոսել եմ իր հետ, արձանագրել ենք, որ այս պահին օրենսդրական բացեր ունենք, և մեր մանդատը իրացնելու հնարավորությունները սահմանափակված են։ Փաստորեն որոշումը մնում է կառավարման խորհրդի բարի կամքին։ Քննարկեցինք ավագանու լիազորությունները ընդլայնելու անհրաժեշտությունը  և կարգ սահմանելու, որը թույլ կտա, որ մենք վերահսկողություն իրականացնենք։ Այսինքն՝ այսպես թե այնպես թողնվելու է խորհրդի կամքին, և թե՛ քաղաքապետարանը, թե՛ ավագանին ոչ մի լծակ չունեն ազդելու և չեն էլ ցանկանում ունենալ լծակ ազդելու այդ խորհուրդների որոշումների վրա։

Խոսեցի նաև հանրակրթության վարչության պետի հետ, և նա նույնպես զարմացած էր, ասաց, որ որևէ խնդիր չպետք է լիներ, որ ես մասնակցեի այդ մրցույթին։ Այնուամենայնիվ, պետք է խորհրդի անդամներից հարցնենք իրենց մոտիվացիանների մասին։ Խորհրդի անդամներից միայն մեկն է եղել քաղաքապետարանի ներկայացուցիչ, որը, որքան տեղյակ եմ, նույնպես դեմ է քվեարկել։ Դա  էլ իմ զարմանքը և զայրանքն է առաջացրել, իրենց հետ անպայման կքննարկեմ՝ հասկանալու համար, թե դա ինչու էր արվել։

- Եթե հետևել եք տնօրենի ընտրության գործընթացին,  ինչպիսի՞ն է  Ձեր գնահատականը։

- Ճիշտն ասած, թե՛ դպրոցում եղած ժամանակ, թե՛ քաղաքապետարան վերադառնալիս դիտել եմ ամբողջ օնլայն հեռարձակումը։ Դիտել եմ նախկին և արդեն ընտրված տնօրենի պրեզենտացիան, հարցերի  պատասխաները և այլն։ Պետք է ասեմ, որ այդքան էլ տպավորված չեմ թե՛ իր զարգացման ծրագրով, թե՛ այն հարցերի պատասխաններով, որոնք ավելի քննադատական էին։ Որոշ հարցերի տրվեցին շատ զազրելի պատասխաններ։ Օրինակ, երբ հարց ուղղեցին, թե ինչպես է նման քանակի խնայողություններ արվել, պատասխանն էր՝ ես տնային տնտեսուհի եմ և գիտեմ՝ ինչպես խնայել։ Ընդհանրապես նրա մոտեցումները ինձ դուր չեկան։

Մյուս թեկնածուներին նույնպես լսել եմ։ Քանի որ արդեն ունենք ընտրված տնօրեն, ես իմ կողմից խոսք եմ տալիս, որ հետևողական եմ լինելու, ճշտելու եմ և գնալու եմ այն ահազանգերի հետևից, որոնք կստանամ։ Այսօրվա դիպվածի հետ կապված էլ հետագայում կփորձեմ պարզաբանումներ ստանալ, նաև ահազանգեր ունեմ, որ ինքը չի կարողանում պատշաճ կերպով ապահովել մասնակցային կառավարումը։

Նաև գիտեմ, որ նախկինում այդ դպրոցը ղեկավարել է իր մայրը, այսինքն՝ դա վերածվել է ժառանգաբար փոխանցվող գործունեության, որը նույնպես, կարծում եմ, շահերի բախում է և առողջ երևույթ չէ, շատ դպրոցներում ունենք նման երևույթներ։ Այդ պատճառով այս դպրոցը և մի քանի այլ դպրոցներ լինելու են իմ ուշադրության կենտրոնում։

Իմ այդ կարճ այցի ընթացքում զրուցեցի դպրոցի աշխատակիցների՝ փոխտնօրենի, պահակների հետ,որոնք այնտեղ էին, և էլի հետաքրքիր տեղեկություններ ստացա, որոնք նույնպես առաջիկայում կփորձեմ ճշտել։

Ասպամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել