Մեկ միլիոն բնակչին ընկնող թեստերի թվով մենք բավական լավ դիրքերում ենք աշխարհում․ Արսեն Թորոսյան
11:49 - 16 ապրիլի, 2020

Մեկ միլիոն բնակչին ընկնող թեստերի թվով մենք բավական լավ դիրքերում ենք աշխարհում․ Արսեն Թորոսյան

Անցնող օրվա դրությամբ ունեցել ենք նոր 48 հաստատված դեպք և 61 առողջացում։ Այս մասին այսօր՝ Կառավարության նիստի ժամանակն հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Կարող ենք ասել, որ դրական բալանսով ենք փակել օրը, այսինքն՝ մեր ակտիվ դեպքերի թիվը 14-ով կրճատվել է։ Մոտավորապես 1500 հոգուց ավելի մարդ այս ամբողջ ընթացքում կարանտինից դուրս է եկել»,- նշեց նա։ 

Արսեն Թորոսյանն ասաց, որ այս ընթացքում կարանտինում գտնվող մոտավորապես 300 անձի մոտ հաստատվել է դրական արդյունք։

«Կարանտինային միջոցառումները շատ էֆեկտիվ են, այսինքն ՝ եթե մենք դրանք արած չլինեինք, ապա մոտ 300 քաղաքացու փաստորեն հետազոտած և հաստատած չէինք լինի, և հնարավոր է, որ ավելի մեծ տարածում ունենայինք»,- նշեց նա։

Նախարարի խոսքով՝ մահճակալային ֆոնդն այս պահին կիսով չափ է ծանրաբեռնված։ Նա ասաց, որ եթե հանրությունը նախարարության բոլոր խորհուրդներն իրականացնի, գործատուները պահպանեն բոլոր սանիտարահամաճարակային կանոնները, կարող ենք հույս ունենալ, որ այս իրավիճակը կմնա կառավարելի դեռ երկար ժամանակ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե քանի թեստ է արվել վերջին 24 ժամում։ Նախարարը պատասխանեց, որ 24-ժամյա ցիկլով իրականացվել է ֆիքսված 537 թեստ, բայց քանի որ թեստերի մի մասը հաջորդ օրն է մուտքագրվել համակարգ, իրականում արված թեստերի քանակը  810 է։

«Մենք նաև համեմատում ենք այլ երկրների հետ։ Մեկ միլիոն բնակչին ընկնող թեստերի թվով մենք բավական լավ դիրքերում ենք աշխարհում՝ նույնսիկ մեր հարևանների և մոտ գործընկերների հետ համեմատած։ Մենք անում ենք բավական մեծ թվով թեստեր, իհակե, կրկին ցուցումներով, ցուցումների շրջանակն էլ աստիճանաբար լայնացնում ենք»,- նշեց նա։

Նախարարի խոսքով՝ եթե կարիք լինի կարող են մտածել նոր լաբորատորիա ներգրավելու և ծավալները մեծացնելու շուրջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել