Մեկ բանկային հաշվեհամարից մեկ այլ հաշվեհամար գումար տեղափոխելը «փողերի լվացում» որակելը Միքայել Մինասյանի նկատմամբ իրականացվող պարզ պատվերի ցայտուն ապացույց է․ փաստաբան
11:43 - 23 ապրիլի, 2020

Մեկ բանկային հաշվեհամարից մեկ այլ հաշվեհամար գումար տեղափոխելը «փողերի լվացում» որակելը Միքայել Մինասյանի նկատմամբ իրականացվող պարզ պատվերի ցայտուն ապացույց է․ փաստաբան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախօրեին ՊԵԿ-ի տարածած հայտարարությանն առ այն, որ Միքայել Մինասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Փաստաբանը նշել է, որ միջնորդում են հարցաքննության հրավիրել այն անձանց, ում գործողությունների արդյունքում դեսպան Մինասյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Անդրադառնալով երեկ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին առնչվող գործով ՊԵԿ-ի կողմից մամուլում տարածված հայտարարությանը՝ հարկ եմ համարում նախ նշել, որ «նախաքննության գաղտնիության և զսպվածության» վերաբերյալ հրապարակային հորդոր անելուն զուգահեռ, կարելի էր հանձնարարել, որ թեկուզ այդ պահից սկսած «քրեական գործը» առնվազն քննվեր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ընթացակարգային պահանջների մինիմալ պահպանմամբ, այլ ոչ թե պաշտոնապես հայտարարվեր հաջորդ օրենքի խախտման մասին, այն է՝ հետախուզում է հայտարարվել առանց խափանման միջոց կիրառելու որոշման առկայության:

Ինչ վերաբերում է առանց նախորդող հանցանքը նկարագրելու կամ վկայակոչելու պայմաններում օրինական ծագում ունեցող գումարները մեկ բանկային հաշվեհամարից մեկ այլ հաշվեհամար տեղափոխելը որպես «փողերի լվացում» որակելու աննախադեպ փաստին, ապա դա, ի թիվս այլնի, Միքայել Մինասյանի նկատմամբ իրականացվող պարզ պատվերի ցայտուն ապացույց է։

Հ.Գ. ԶԼՄ-ների համար հաղորդագրություններ տարածելու փոխարեն կամ դրան զուգահեռ կրկին միջնորդում ենք առնվազն հարցաքննության հրավիրել այն անձանց, ում գործողությունների արդյունքում դեսպան Մինասյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել