Մեզ միկրոհեղափոխություններ են պետք, որ դրանք վերափոխենք մինի հեղափոխությունների. Ն. Փաշինյանը՝ ԼՂ հակամարտության կարգավորման մասին |tert.am|
11:34 - 16 փետրվարի, 2020

Մեզ միկրոհեղափոխություններ են պետք, որ դրանք վերափոխենք մինի հեղափոխությունների. Ն. Փաշինյանը՝ ԼՂ հակամարտության կարգավորման մասին |tert.am|

tert.am: Մենք հավատարիմ ենք խաղաղության գործընթացին, դրա համար ես կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության ձևաչափով: Այս մասին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակներում Արցախյան հարցին նվիրված քննարկման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու՞ հակամարտության կողմերը չեն դիմում Արդարադատության միջազգային դատարան:

«Մենք շատ ինտենսիվ ենք աշխատում, և ինչպես ասացինք՝ մենք պատրաստ ենք իրական ջանք գործադրել՝ իրոք հակամարտության փոփոխության հասնելու համար»,-նշեց նա:

Անդրադառնալով բանակցային գործընթացում իր նախաձեռնած «մինի հեղափոխություններին»՝ վարչապետն ասաց.

«Իմ սկզբունքային պատկերացումը հետևյալն է՝ հնարավոր չէ այս երկար տևած հակամարտությունը 1 կամ 2 քայլով լուծել, մեզ միկրոհեղափոխություննր են պետք, որ դրանք վերափոխենք մինի հեղափոխությունների, որից հետո իրոք բեկում ունենանք բանակցային գործընթացում»,-ասաց նա՝ նշելով, որ 2018-ի սեպտեմբերին ինքը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար:

«Ինչու է սա միկրոհեղափոխություն, քանի որ ես Հայաստանի առաջին առաջնորդն եմ, ով ասում է, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար: Իսկ հիմա անցել է ավելի քան 1 տարի այդ հեղափոխությունից, ես ոչ միայն Հայաստանի միակ առաջնորդն եմ, այլև Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներից միակն եմ, ով ասում է, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար»,-ասաց Փաշինյանը:

Վերջինիս խոսքով՝ հաջորդ միկրոհեղափոխությունն այն է, որ իր ասուլիսներից մեկի ժամանակ սոցցանցերի հայ և ադրբեջանցի օգտատերերին կոչ է արել սոցցանցերը չօգտագործել իրար վիրավորելու, սպառնալու համար:

«Կոչ արեցի սոցիալական մեդիան, նոր տեխնոլոգիաներն օգտագործել՝ փորձելու համար իրար ավելի լավ հասկանալ: Դա էլ մոտեցում է, և ես փորձել եմ ուղղակիորեն խոսք ուղղել Ադրբեջանի ժողովրդին, եթե նախագահ Ալիևը դեմ չէ, ես էլ դեմ չեմ լինի, եթե նախագահ Ալիևը խոսի հայ ժողովրդի հետ: Բայց մենք մի շատ տարօրինակ փաստ ունենք՝ նախագահ Ալիևը հրաժարվում է խոսել ԼՂ ներկայացուցիչների հետ, և դա շատ տարօրինակ փաստ է՝ ինչպես է հնարավոր լուծել ԼՂ հակամարտությունը՝ չխոսելով ԼՂ ներկայացուցիչների հետ: Իմիջիայլոց՝ ԼՂ-ն ճանաչվել է որպես հակամարտության կողմ և բանակցությունների կողմ ԵԱՀԿ-ի կողմից: Դա երկու անգամ տեղի է ունեցել՝ 1992 թ.-ի մարտի 24-ին և 1994թ,-ին՝ Բուդապեշտում ԵԱՀԿ գագաթնաժողովին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել