civilnet.am: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Minval.az կայքին տված ծավալուն հարցազրույցում անդրադարձել է նաև Ղարաբաղյան բանակցությունների փուլին։  

«Ադրբեջանական կողմն աջակցում է հակամարտության կարգավորման շուրջ առարկայական և արդյունքին միտված բանակցություններին, և մենք միշտ հայտարարել ենք, որ բանակցությունները կշարունակենք, քանի դեռ տեսանելի են խաղաղ կարգավորման հնարավորությունները։ Միևնույն ժամանակ, միանգամայն ակնհայտ է՝ հաշվի առնելով ինչպես մեր պետության բարձրագույն օրենքը, այնպես էլ միջազգային իրավունքը, Ադրբեջանն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու լիակատար իրավունք ունի բոլոր միջոցներով իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ինչպես դա ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, Փարիզի խարտիայի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի բանաձևերում»,- ասել է Մամեդյարովը:

Մամեդյարովը հիշեցրել է, որ Հայաստանի արտգործնախարարի հետ մարտի 21-ի իր տեսակապով հանդիպումից առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե քննարկվում է հակամարտության կարգավորման փուլային տարբերակ, որը ենթադրում է հայկական ուժերի ետքաշում որոշ տարածքներից․

«Ի պատասխան՝ Հայաստանի արտգործնախարարը կրկնեց, որ հողերի վերադարձի հարցը չի քննարկվում, ինչպես նաև անդրադարձավ ժողովուրդների անվտանգության և ինքնորոշման սկզբունքին։ Պարզ է, որ այդ հռետորական հարձակումը նրանց կողմից արվել է ներքին լսարանին հանգստացնելու նպատակով։ Հակառակ դեպքում, նույն Մնացականյանը չէր միանա այդ հայտարարությունից մի քանի ժամ անց տեսակոնֆերանսի ձևաչափով բանակցությունները շարունակելուն»։

«Բանակցային գործընթացի շրջանակներում իրեն փակուղում զգալով՝ Հայաստանը քայլեր է ձեռնարկում այն վիժեցնելու ուղղությամբ, սադրանքներ է իրականացնում։ Սա է այն, ինչին նրանք ցանկանում են հասնել՝ վնաս հասցնել բանակցային գործընթացին՝ պատասխանատվությունը բարդելով Ադրբեջանի վրա»։

Լրագրողի հարցին, թե ինչ է իրականում կատարվում բանակցությունների ժամանակ, Մամեդյարովը պատասխանել է․

«Հայտնի է, որ բանակցությունները գաղտնի են։ Դրանց մանրամասները չեն հրապարակվում, սակայն բանակցությունների ընդհանուր շրջանակը մինչ օրս բազմիցս ուրվագծվել է համանախագահների կողմից, ինչպես նաև համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով արված հայտարարություններում։

Նրանց մեջ իրենց արտացոլումն են գտել հակամարտության փուլային կարգավորման տարրերը, այսինքն՝ հակամարտության հետևանքների վերացումը, որտեղ սկզբնական փուլում նշվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավյալ տարածքների ազատագրումը, այդ տարածքներից վտարված ադրբեջանցիների վերադարձը հայրենի օջախներ, Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցությունների բացումը։ Ենթադրվում է Լեռնային Ղարաբաղի երկու համայնքների համատեղ բնակության համար պայմանների ապահովում որոշ ժամանակ՝ հետագա փուլերում Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում տարածաշրջանի կարգավիճակի դիտարկմամբ: Հայկական կողմը,- որը պնդում է, թե այդ տարրերն իբր չեն քննարկվել, իսկ բանակցությունների սեղանին դրված չէ որևէ փաստաթուղթ,- իր հայրենակիցներին խաբելու փոխարեն, ավելի լավ կլիներ, ժամանակ չկորցնելով, սեփական ժողովրդին նախապատրաստել խաղաղության, ինչպես համաձայնել է միջազգային հանրության առաջ»։ 

Ավելին կարդացեք Civilnet.am կայքում։