Մահակով ցուցմունք կորզելու քրգործով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ նախկին
18:39 - 21 փետրվարի, 2020

Մահակով ցուցմունք կորզելու քրգործով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ նախկին

ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Վ. Ն.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի համար, որ նա, 2008 թվականի նոյեմբերին զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը, խմբով, դիտավորությամբ կատարել է բռնությամբ և հատուկ միջոցի գործադրմամբ զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել անձի իրավունքներին ու պետության օրինական շահերին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, ըստ առաջադրված մեղադրանքի` Վ. Ն.-ն 2008 թվականի նոյեմբերի սկզբին` իր աշխատասենյակում, նույն բաժանմունքի ծառայողների մասնակցությամբ, բնակարանային գողության փորձ կատարելու դեպքի շուրջ զրուցել է հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման ենթարկված Արմեն Մարտիրոսյանի հետ: Վերջինիս կողմից դեպքին առնչություն ունենալու հանգամանքը հերքելուց հետո Վ. Ն.-ն և ոստիկանության մի շարք այլ ծառայողներ, գողության փորձ կատարելու դեպքը խոստովանելու պահանջ ներկայացնելով, Արմեն Մարտիրոսյանին գցել են գետնին, գլխին անցկացրել հակագազ և ձեռքերով ու մահակով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

 Նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել