tert.am: Ֆրանսիան հանդես է եկել ի աջակցություն Հունաստանի և Բուլղարիայի՝ հայտարարելով, որ պատրաստ է օգնություն ցուցաբերել ԵՄ սահմանները փախստականներից պաշտպանելու հարցում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է ria.ru-ն:

Օրերս Թուրքիան Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակի սրումից հետո հայտարարել էր, որ այլևս չի կարողանա զսպել փախստականների հոսքը երկիր և ԵՄ-ի հետ բացել է իր սահմանները:

«Լիակատար աջակցություն հատնելով Հունաստանին և Բուլղարիային՝ Ֆրանսիան պատրաստ է ներդրում ունենալ եվրոպական երկրների՝ օպերատիվ օգնություն ցուցաբերելու և սահմանները պաշտպանելու համար գործադրվող ջանքերում: Մենք պետք է համատեղ գործենք, որպեսզի խուսափենք մարդասիրական և միգրացիոն ճգնաժամից»,- Twitter-ում գրել է Մակրոնը:

Կիրակի Հունաստանի ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստից հետո կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը հայտարարել է, որ փախստականների հետ կապված իրադրությունը «լուրջ, բացառիկ և անհամաչափ սպառնալիք է ներկայացնում երկրի ազգային անվտանգությանը»: