ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ
06:18 - 09 հուլիսի, 2019

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ

Հուլիսի 8-ին Միավորված ազգերի կազմակերպության Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերի (Peter Maurer) հետ։

ԱԳՆ տեղեկացմամբ, զրուցակիցներն անդրադարձել են վերջերս Ժնևում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերի միջև կայացած հանդիպմանը, քննարկեցին դրա ընթացքում արծարծված հարցերի իրագործման ընթացքը։

Դեսպան Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԿԽՄԿ մարդասիրական առաքելությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում` շեշտելով կազմակերպության կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակներում իրականացվող գործունեության կարևորությունը։

Անդրանիկ Հովհաննիսյանն ու Պետեր Մաուրերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փոխգործակցության օրակարգային հարցերի շուրջ։ Զրուցակիցները կարևորեցին Հայաստանի տարբեր գերատեսչությունների հետ ԿՄԽԿ ոլորտային համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային հումանիտար իրավունքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման գործում։

Դեսպան Հովհաննիսյանն ընդգծել է ԼՂ համակարտության գոտում բնակվող մարդկանց անօտարելի իրավունքների ապահովման կարևորությունը, նրանց հումանիտար իրավունքի անշեղ իրագործումը։ Հայաստանի մշտական ներկայացուցիչն առանձնահատուկ շեշտել է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը խաղաղ գործընթացի առաջմղման գործում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել