Ճգնաժամը երկրի զարգացման մասին ռազմավարական պատկերացումներում շատ բան չի փոխել․ Փաշինյան |civilnet.am|
12:34 - 09 ապրիլի, 2020

Ճգնաժամը երկրի զարգացման մասին ռազմավարական պատկերացումներում շատ բան չի փոխել․ Փաշինյան |civilnet.am|

civilnet.am: Կառավարության ապրիլի 9-ի նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց  գործադիրի՝ կորոնավիորւսի տնտեսական հետևանքների վերացմանն ուղղված հակաճգնաժամային միջոցառումների մասին: Նա տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն իսկ բաշխվել է 3,6 մլրդ դրամ:

«Այս թիվը մեր նախատեսածի 10 տոկոսից էլ պակաս է: Այն լրացվելու է: Կառավարությունն արդեն իսկ հրապարակել է այն էլեկտրոնային պատուհանը, որով քաղաքացիները կարող են ստուգել՝ արդյոք իրենք տվյալ սոցիալական ծրագրերի շահառու են, թե ոչ: Այս օրերին բազմաթիվ շահառուներ իրենց անունները չեն գտել, բայց նշեմ, որ ամենօրյա ռեժիմով տվյալները թարմացվում են: Բազան ամենաուշը հաջորդ շաբաթվա սկզբին կամբողջանա, և աջակցության փաթեթները հասանելի կլինեն բոլոր շահառուներին», - ասաց նա:

Այնուհետև Փաշինյանը նշեց, որ ՀՀ առևտրային բանկերն արդեն իսկ 250 հազար քաղաքացիների տրամադրել են վարկային արձակուրդ՝ 9,3 մլրդ դրամի չափով: 

«Վարկային արձակուրդ է տրամադրվել նաև 5 300 իրավաբանական անձանց 15,4 մլրդ դրամի չափով: Բոլոր հիմքերն առկա են, որ այս գործընթացը շարունակվի», - ասաց Փաշինյանը՝ հատուկ ընգծելով, ո այս որոշումները կայացվել են առանց որևէ վարչական ներգործության:

«Սա շատ կարևոր է ասել, քանի որ ճգնաժամի մեկնարկին շատ գործընկերներ, ուժեր մեզ փորձում էին դրդել, որպեսզի մենք վարչական որոշում կայացնենք, որը կպարտադրվի բանկերին: Մենք գնացինք այլ ճանապարհով: Բանկային համակարգը մեր քաղաքական հորդորներին արձագանքել է, և սա վկայում է այն բանի մասին, որ ամենազգայուն համակարգերից մեկը վստահություն է տածում կառավարության հակաճգնաժամային քաղաքականության նկատմամբ», - ասաց վարչապետը:

Բանկային համակարգի վստահության մասին, ըստ վարչապետի, վկայում են նաև ֆինանսական շուկայում առկա գործընթացները․ «Մի քանի օրվա լարվածությունից հետո արտարժույթի շուկան գտնվում է շատ հանդարտ վիճակում: Ընդհակառակը, վերջին օրերին բանկային ավանդների աճի որոշակի միտում է նկատվում: Ընդ որում կան արդեն իսկ տեսանելի դեպքեր, երբ քաղաքացիները դոլարային ավանդները փոխարկում են դրամային ավանդների»։

Վերջում Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ ճգնաժամը Հայաստանի կառավարության՝ երկրի զարգացման մասին ռազմավարական պատկերացումներում «շատ բան չի փոխել»․ «Ռազմավարական առաջնահերթությունները մնում են նույնը, ինչ որ նախկինում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել