news.am: Երկուշաբթի հրապարակված վերջնական արդյունքների համաձայն Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի գլխավորած իշխող կոալիցիան հաղթել է երկրի խորհրդարանի Խորհրդականների վերին պալատի ընտրություններում, սակայն չի կարողացել ստանալ տեղերի 2/3-ը, որոնք անհրաժեշտ են Սահմանադրության վերանայման համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Լիբերալ-դեմոկրատական կուսակցության եւ Կոմեյտո կուսակցության կոալիցիան Խորհրդականների պալատում ընդհանուր առմամբ ստացել է 141 տեղ, իսկ ընդդիմությունն ու մյուս կուսակցությունները՝ 104 տեղ:

Ընտրություններից առաջ իշխող ճամբարն ուներ 147 տեղ, իսկ ընդդիմությունը 90, թափուր էր մնում հինգ տեղ: Այսպիսով, ընդդիմությունմ ամրապնդել է իր դիրքերը խորհրդարանի վերին պալատում:

Վերին պալատի ընթացիկ ընտրությունների արդյունքներով վարչապետը հայտարարել է, որ ընտրողները կողմ են արտահայտվել քաղաքական կայունությանը:
«Կարծում եմ, որ մենք ժողովրդից երկրի մանդատ ենք ստացել, որպեսզի խթանենք քաղաքական կայունության հիման վրա միջոցները եւ հենվելով դրա վրա՝ դիվանագիտություն իրականացնենք եւ պետության շահերը պաշտպանենք: Մենք ցանկանում ենք արդարացնել այդ ակնկալիքները », - ասել է վարչապետը:

Իր հերթին ընդդիմադիր Սահմանադրական Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Յուկիո Էդանոն հայտարարել է, որ ստորին պալատի հաջորդ ընտրություններում ընտրողները կկարողանան երկրում փոփոխությունների հասնել:

Կիրակի անցկացված քվեարկության ընթացքում ընտրվել են վերին պալատի 124 նոր անդամներ, 50-ը՝ կուսակցական ցուցակներով եւ 74 մեծամասնական ընտրակարգով: Վերին պալատում իշխող կոալիցիան ստացել է 71 տեղ, ընդդիմությունը՝ 53 տեղ:
Ճապոնիայի կառավարության տվյալներով, ներկայիս ընտրություններում ընտրողների մասնակցությունը կազմել է 48,8 տոկոս:

Ամենացածր մասնակցությունը եղել է 1995 թվականի ընտրություններին, երբ քվեարկել է ընտրողների միայն 44.4 տոկոսը:

Վերին պալատում տեղերի երկու երրորդը իշխող կոալիցիային անհրաժեշտ են երկրի սահմանադրության փոփոխությունների անխոչընդոտ հավանության համար: Փոփոխությունները պետք է ընդունվեն նաեւ Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների ստորին պալատի օրենսդիրների երկու երրորդի կողմից, որտեղ փոփոխությունների կողմնակիցներն ունեն տեղերի անհրաժեշտ թիվը։