Ճապոնիան կոչ է արել Իրանին անհապաղ վերադառնալ միջուկային գործարքի համաձայնագրի կատարմանը
08:52 - 08 հուլիսի, 2019

Ճապոնիան կոչ է արել Իրանին անհապաղ վերադառնալ միջուկային գործարքի համաձայնագրի կատարմանը

news.am: Ճապոնիայի կառավարությունն անհնագստություն է հայտնել Իրանի մտադրության հետ կապված՝ սկսել 3,67 տոկոսի մակարդակից բարձր ուրանի հարստացումը, եւ կոչ է անում անհապաղ վերադառնալ Գործողությունների համապարփակ համատեղ ծրագրի (ԳՀՀԾ) պարտավորությունների կատարմանը։ Այս մասին մամուլի ասուլիսում ասել է երկրի կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալ Յասուտոսի Նիսիմուրան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք տեղյակ ենք իրանական կողմի հայտարարություններին. դրանք մեզ լրջորեն անհանգստացնում են։ Մենք կողմ ենք կայունությանը Մերձավոր Արեւելքում եւ կոչ ենք անում Իրանին անհապաղ վերադառնալ միջուկային գործարքի պարտավորությունների կատարմանը եւ խախտումներ թույլ չտալ»,- ընդգծել է նա։

Նիսիմուրան նաեւ նշել է, որ ճապոնական կողմը հույս ունի, որ առաջիկայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) կկարողանա ստուգել, թե արդյոք Իրանը կատարել է այն քայլերը, որոնց մասին հայտարարել է անցած հանգստյան օրերին։

Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արագչին տեղեկացրել է, որ Թեհրանը հուլիսի 7-ից անցնում է ԳՀՀԾ պարտավորությունների կրճատման երկրորդ փուլին եւ սկսում է ուրանի հարստացումը 3,67 տոկոս մակարդակից ավելի։ Առաջիկայում Թեհրանը մտադիր է հասնել ուրանի հարստացման հինգտոկոսանոց մակարդակի, ինչն անհրաժեշտ է «Բուշեհր» ատոմակայանի էներգաբլոկների սնուցման համար։

Փոխնախարարի խոսքով՝ միջուկային գործարքի պարտավորությունների կրճատումը տեղի կունենա ամեն 60 օրը մեկ, եթե դրա մասնակիցները չպահպանեն ձեռք բերված պայմանավորվածությունները։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել