Հրապարակվել են Արշակ Կարապետյանի ու Սերժ Սարգսյանի ցուցմունքներից դրվագներ |aysor.am|
12:33 - 15 մայիսի, 2019

Հրապարակվել են Արշակ Կարապետյանի ու Սերժ Սարգսյանի ցուցմունքներից դրվագներ |aysor.am|

aysor.am: Այսօր Երևանի ընդանուր իրավասության դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցի քննարկման ժամանակ, երբ դատարանը որոշեց մերժել դատախազների՝ նիստը դռնփակ անցկացնելու միջնորդությունը, որոշվեց հրապարակել գործով վկա, վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանի ցուցմունքը։

Ալումյանը սկսեց կարդալ Կարապետյանի ցուցմունքը.

«Իմ հիշելով 2008 թվականի փետրվարի 23-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտպանության նախարարության, ԱԱԾ և ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել։ Եթե չեմ սխալվում` մինչև ՊՆ ստորաբաժանումների ղեկավարության դահլիճ մտնելը, նախագահն առանձին խորհրդակցություն է անցկացրել ԱԱԾ և ոստիկանության բարձրաստիճան ղեկավարության հետ։

Ուժային անձնակազմի դուրս գալուց հետո, ՀՀ ՊՆ ղեկավար կազմն է ներս մտել, այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։ Ի դեպ, մեր հետ խորհրդակցությանը մասնակցում էին այլ ուժային կառույցների միայն ղեկավարները։ Քոչարյանի հետ սենյակում էր նաև ՀՀ վարչապետ, հաղթած թեկնածու Սերժ Սարգսյանը։

Խորհրդակցությունը սկսվեց լարված մթնոլորտում։ Բառացի դժվար թե կարողանամ մտաբերել...»։

Ցուցմունքը կարդալու այս հատվածում մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկություն ներկայացրեց՝ հայտարարելով, որ պետք չէ հրապարակել ցուցմունքն ամբողջությամբ, մանրամասներով։ Նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանն ընդունեց առարկությունը և հորդորեց Ալումյանին ցուցմունքից հատվածներ մատնանշել ու դրանց վերաբերյալ ներկայացնել պաշտպանական կողմի կարծիքը։

Ալումյանը շարունակեց կարդալ ցուցմունքը.

«Խոսք գնաց Պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանի և Երկրապահ կամավորական միության մասին։ Մասնավորապես, որ Մանվել Գրիգորյանն ու ԵԿՄ այլ անդամներ միացել էին ընդդիմադիր քաղաքական ուժերին։ Խոսք գնաց նաև ԵԿՄ-ի անդամների ու Մանվել Գրիգորյանի զինված լինելու մասին, ինչն իրենից վտանգ է ներկայացնում։

Նախագահը հետաքրքրվեց Միքայել Հարությունյանից՝ որտե՞ղ է Մանվել Գրիգորյանը, իսկ Միքայել Հարությունյանը զինվորականին վայել կեցվածքով ոտքի կանգնեց ու ասաց՝ «չգիտեմ»։ Նրան մեղադրեցին, որ չի տիրապետում իրավիճակին, քանի որ տեղյակ չէ, թե իր նախարարությունում ինչ է կատարվում»։

Այնուհետև, Ալումյանի փոխնանցմամբ, Կարապետյանն ասել է, թե նախագահն ասել է արտակարգ ռեժիմ հայտարարելու մտադրության մասին, իսկ Սերժ Սարգսյանն էլ առաջարկել է ստեղծել զինվորական վարչակազմ՝ այդ ժամանակ Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի նախագահությամբ։

«Խորհրդակցությունից հետո որոշ սպաների մոտ դժգոհություն առաջացավ՝ ինչո՞ւ պետք է ընդգրկվեն Երևանում տեղի ունեցող իրադարձություններին», - ցուցմունքում ասել է Կարապետյանը։

Նույն անձի ցուցմունքից մեկ այլ հատվածի համաձայն.

«Նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008թ.-ի Մարտի 1-ին հրապարակել է արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիր, չնայած Ռոբերտ Քոչարյանը Զինված ուժերիում արտակարգ դրություն հայտարարել էր փետրվարի 23-ին, այսինքն՝ գերագույն գլխավոր հրամանատարն առնվազն բանավոր հրաման էր տվել, ինչն էլ ՊՆ Միքայել Հարությունյանը կատարել էր»։

Պաշտպան Ալումյանը նկատեց, որ այս դրվագը հենց այն է, ինչին մեղադրող կողմը հղում է անում՝ մեղադրանքը մատնանշելիս։

Արշակ Կարապետյանի ցուցմունքն իր ցուցմունքում հերքել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ավելին, ըստ Ալումյանի, Կարապետյանի ցուցմունքը հերքել են նաև մյուց հարցաքննված սպաները։ Մեկ այլ ուշագրավ հանգամանք էլ նկատեց փաստաբանը՝ նշելով, որ այս ցուցմունքները նախորդ բոլոր դատական նիստերում՝ խափանման միջոցի հարցը քննելիս, նախաքննական մարմինը չի ներկայացրել։

Սերժ Սարգսյանն իր ցուցմունքում հերքելով Կարապետյանին, ասել է.

«Խորհրդակցության մանրամասների մասին չեմ հիշում, բայց կարող եմ ասել՝ խորհրդակցությունը հրավիրել է Ռոբերտ Քոչարյանը, մասնակցել է զինված ուժերի սպայական կազմը։ Ընդհանուր նպատակն է եղել զգուշացնել, որ ցուցարաների ղեկավարները քաղաքական պրոցեսների մեջ են փորձում ներգրավել Զինված ուժերի ղեկավար կազմին»։

Ալումյանն ընդգծեց Սարգսյանի ցուցմունքի այն դրվագը, որ խորհրդակցության նպատակն է եղել զգուշացնել ԶՈւ սպայական կազմին չներգրավել քաղաքական գործընթացների մեջ։
Փաստաբանը բացատրեց՝ Սարգսյանն իր ցուցմունքով ասել է, որ ցուցարարների պարագլուխներն ամեն ինչ արել են, որ բանակի սպաներին ներքաշեն պրոցեսների մեջ ու քաշեն իրենց կողմը։

«Եվ դա առիթ հանդիսացավ, որ Հայաստանի նախագահն իրավացիորեն հանձնարարական տվեց՝ կա՛մ դիմում են գրում ու դուրս են գալիս Զինված ուժերի համակարգից և շարունակում մնալ ԵԿՄ-ում, կա՛մ դիմում են գրում, դուրս գալիս ԵԿՄ-ից և շարունակում ծառայել Զինված ուժերում», - իր ցուցմունքում ասել է Սերժ Սարգսյանը։

Ըստ փաստաբանի, Սերժ Սարգսյանի այս ցուցմունքը հաստատում է խափանման միջոցի վերաբերյալ նախորդ դատական նիստերում իրենց հնչեցրած պնդումները։
Նկատենք՝ դատարանում նստած դատախազների խումբը չառարկեց Ալումյանի հայտարարությանը, թե նախկինում դատական նիստերում խափանման միջոցի հարցի քննարկումների ժամանակ չեն ներկայացվել սպաների ցուցմունքները, բացի՝ Արշակ Կարապետյանի ցուցմունքից։

Այնուհետև Սերժ Սարգսյանն իր ցումցունքում ասել է, որ զինված ուժերը զորանոցային կարգավիճակի բերելը որևէ կապ չունի ռազմական դրության հետ ու ավելացրել.

«Անկեղծ ասած, եթե ես էլ լինեի պաշտպանության նախարար, ապա ես էլ նման կերպ կվարվեի՝ հրաման կստորագրեի զորքը զորանոցային կարգավիճակի բերելու մասին։ Իմ կարծիքով, դա եղել է ամենաարդյունավետ միջոցը՝ զորքը հեռու պահելու քաղաքական ազդեցություններից, միջամտություններից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել