Հրաչյա Հակոբյանը ներկայացրեց լրատվամիջոցներով ինտերնետ շահումով խաղերի գովազդը սահմանափակող նախագծերի փաթեթը
07:24 - 07 մայիսի, 2019

Հրաչյա Հակոբյանը ներկայացրեց լրատվամիջոցներով ինտերնետ շահումով խաղերի գովազդը սահմանափակող նախագծերի փաթեթը

Ազգային ժողովին ներկայացվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հեղինակած՝ «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը։

Հրաչյա Հակոբյանը նշեց․ «Դեռ նախորդ գումարման Ազգային ժողովից սկսած աշխատում ենք այս նախագծի վրա, մանրակրկիտ քննարկումներ են տեղի ունեցել։ Խոսքը վերաբերում է տոտալիզատորների, ինտերնետ շահումով խաղերի գովազդին։ Օրենքով առաջարկվում է, որ դրանք թույլատրվի գովազդել հեռուստատեսությամբ ժամը 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում։ Իսկ ռադիոյի ոլորտի ներկայացուցիչները ներկայացրին, թե որքանով է իրենց ոլորտը սպեցիֆիկ և խնդրեցին, որ իրենց լրատվամիջոցով գովազդը թույլատրվի ժամը 08:00-ից մինչեւ 20:00-ն ընկած ժամանակահատվածում, այլապես ընդհանրապես անիմաստ է լինելու այդ գովազդը։

Հեռուստահաղորդմամբ ժամը 07:00-ից մինչեւ 22:00-ն ընկած ժամանակահատվածում սպորտային միջոցառումների հեռարձակումների ժամանակ գովազդ թույլատրվում է ոչ ավելի, քան մեկ անգամ՝ յուրաքանչյուր հաղորդումից հետո եւ միայն հովանավոր կազմակերպության անվան հիշատակմամբ:

Արտաքին գովազդն ամբողջովին վերանում է։ Ինչ վերաբերում է կայքերին, նույնպես աշխատանքային քննարկում ենք ունեցել այս լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և գնացել ենք փոխզիջումների․ թույլատրելի սահմանը 20%-ն է, այսինքն՝ կայքի մակերեսի 20%-ը չգերազանցի գովազդը»։

Ըստ նախագծի՝ հեռուստատեսությամբ այդ թույլատրված ժամանակահատվածում գովազդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 3 րոպեն, որը մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երկու անգամից ոչ ավելի և ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 60 վայրկյանը:

««Լուսավոր Հայաստան»-ի մեր գործընկերը առաջարկեց, որ լինի տեսանելի նախազգուշացում, որ «Խաղին մասնակցությունը նյութական վնասի ռիսկ է պարունակում», կամ նախազգուշացում, որ «Խաղին մասնակցելու դեպքում Դուք կարող եք կրել նյութական վնասներ»։ Ինչպես նաև տեսանելի պիտի լինեն «21+» գրառումները»,- ասաց Հակոբյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել