Հրանտ Դինքի սպանության գործով եռօրյա դատական նստաշրջանը կսկսի հունիսի 11-ից |azatutyun.am|
12:37 - 08 հունիսի, 2019

Հրանտ Դինքի սպանության գործով եռօրյա դատական նստաշրջանը կսկսի հունիսի 11-ից |azatutyun.am|

azatutyun.am: Պոլսահայ նշանավոր մտավորական, «Ակօս» պարբերականի հիմնադիր, խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստերը տեղի կունենան հունիսի 11, 12 և 13-ին:

«Ակօս»-ի փոխանցմամբ՝ եռօրյա դատական նստաշրջանի ընթացքում որպես վկա հարցաքննվելու են այն ժամանակ Ստամբուլի նահանգապետի պաշտոնը զբաղեցնող Մուամմեր Գյուլերը և Ազգային հետախուզության ծառայության շրջանային աշխատակիցները: Նրանց հարցաքննելու որոշումը կայացվել էր մարտի 14-ին՝ այս գործով վերջին դատական նիստի ժամանակ:

Նախկին նահանգապետից բացի, վկայի կարգավիճակով հարցաքննվելու են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաններ, մասնավորապես, 2004 թվականի փետրվարի 24-ին Ստամբուլի նահանգապետարանում Հրանտ Դինքի հետ հանդիպած ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ:

Տարիներ շարունակ Դինքի սպանության դատական գործին հետևող «Հրանտի ընկերներ» նախաձեռնողական խումբը հունիսի 11-ին նախատեսված դատական նիստից առաջ հավաքվելու է Ստամբուլի Չաղլայան դատարանի առաջ՝ կրկին բարձրացնելու արդարության պահանջը:

2007 թվականի հունվարի 19-ին թուրք ազգայնական Օգյուն Սամասթի ձեռքով սպանված ստամբուլահայ նշանավոր լրագրողի մտերիմները այսօր էլ հայտարարում են, որ սպանությունը նախապես ծրագրված է եղել, և իրավապահ մարմինները, տեղյակ լինելով նախապատրաստվող մահափորձի մասին, չեն կանխել այն։ Հանցագործությունից 12 տարի անց նրանց պահանջը նույնն է՝ բացահայտել ու դատապարտել սպանության պատվիրատուներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել