Հռոմից Երևան հատուկ չվերթով վերադարձող քաղաքացիներին կտրամադրվեն դիմակներ, նրանք կգտնվեն 14-օրյա կարանտինում. մանրամասներ չվերթի մասին
19:05 - 13 մարտի, 2020

Հռոմից Երևան հատուկ չվերթով վերադարձող քաղաքացիներին կտրամադրվեն դիմակներ, նրանք կգտնվեն 14-օրյա կարանտինում. մանրամասներ չվերթի մասին

Կիրակի՝ մարտի 15-ին, Հռոմի ժամանակով ժամը 18:30-ին հայկական «Atlantis EuropeanAirways» ավիաընկերության կողմից Հռոմի Ֆիումիչինո (Fiumicino Airport) օդանավակայանից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան ներկայումս Իտալիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների համար, հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ 

«Թռիչքի ընթացքում ուղևորներին կտրամադրվեն դիմակներ, կապահովվեն առողջապահական անվտանգության միջոցառումներ: Հայաստան վերադարձած մեր քաղաքացիները կգտնվեն 14-օրյա կարանտինում:

Հայտնում ենք, որ թռիչքի համար ՀՀ քաղաքացիների ցուցակագրման ընթացքում առաջնահերթությունը կտրվի հետևյալ սկզբունքով.
1. կարճաժամկետ այցելությամբ Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներ
2. ուսման և գործուղման նպատակով Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներ
3. Իտալիայում կացության թույլտվություն ունեցող ՀՀ քաղաքացիներ
Թռիչքի հնարավորությունից օգտվելու ցանկություն ունեցող ՀՀ այն քաղաքացիները, ովքեր դեռ կապ չեն հաստատել սույն դեսպանության հետ, խնդրում ենք անհապաղ տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագրի, մուտքի արտոնագրի կամ կացության թույլտվության պատճենները, կոնտակտային տվյալները (Իտալիայում գտնվելու նպատակ, հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե և Իտալիայում կեցության հասցե)։

Ֆիումիչինո օդանավակայան ժամանման և ուղևորների ցուցակագրման նպատակով դեսպանությունը կապ կհաստատի նախապես գրանցված ՀՀ քաղաքացիների հետ անհատապես։

Թեժ գիծ՝ +393775226710 կամ +393898296324, +393423382875, +393442451433։ Էլ. հասցե՝ [email protected]», - ասված է դեսպանության հայտարարության մեջ։

Նշենք, որ հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից դեպի Երևան կազմակերպված չվերթի ֆինանսական ծախսերը կհոգան ՀՀ կառավարությունը, «Atlantis European Airways» ավիաընկերությունն ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ շատ սերտորեն աշխատում են ՀՀ արտաքին գործերի նախարարության, առողջապահության նախարարության հետ, որպեսզի կազմակերպեն կիրակի օրվա չվերթն այնպես, որ նվազեցնեն հավանականությունը իրար վարակելու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել