Հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում ընթանում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի տարեկան ամառային 28-րդ նստաշրջանը |aravot.am|
12:53 - 05 հուլիսի, 2019

Հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում ընթանում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի տարեկան ամառային 28-րդ նստաշրջանը |aravot.am|

aravot.am: Հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում ընթանում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) տարեկան ամառային 28-րդ նստաշրջանը: Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվեց Ալան Ֆարելի հեղինակած «Անվտանգության ապահովման հարցում կայուն զարգացման ապահովում. խորհրդարանների դերակատարությունը» խորագրով զեկույցը:

Այստեղ կան խնդրահարույց դրույթներ: Մասնավորապես բանաձևի 10-րդ կետում նշված է. «Մտահոգություն ենք հայտնում կառուցողական երկխոսության հաստատման համար կայուն զարգացման բացակայության հետ կապված ԵԱՀԿ տարածքում հակամարտող կողմերի միջև, մասնավորապես Վրաստանում Աբխազիայի, Ցխինվալիի, Հարավային Օսեթիայի շրջաններում, Դոնեցկում, Լուգանսկում, Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում, Սևաստոպոլում և Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի 7 շրջաններում»:

19-րդ դրույթում Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ մեկ հարթությունում կոչ է արվում հարգել նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս խնդրահարույց ձևակերպումների հետ կապված մտահոգություններ հայտնեցին ինչպես ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները, այնպես էլ ԵԱՀԿ այլ պատվիրակներ: Մասնավորապես այլ երկրների պատվիրակները մտահոգություն հայտնեցին, որ չի կարելի բոլոր այս հակամարտությունները ներկայացնել մեկ պարբերությամբ, քանի որ դրանք առանձին և առանձնահատուկ մոտեցման կարիք ունեն:

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը ևս մտահոգություն հայտնեց, որ յուրաքանչյուր հակամարտություն առանձնահատուկ է, և դրան պետք է մոտենալ առանձնահատուկ կերպով, ինչը չի նկատվում զեկույցում. «Մենք կգնահատեինք, եթե զեկույցը պատրաստվեր՝ հաշվի առնելով մարդու իրավունքներն անվտանգության հարցում:

Մենք կարծում ենք, որ մարդու իրավունքները պետք է հակամարտության կարգավորման կենտրոնում լինեն՝ հիմնված անձի կամարտահայտության իրավունքի վրա: Զեկույցում հղում է կատարվում աշխարհագրական տերմինների, որոնք հակասում են ԵԱՀԿ տերմինաբանությանը, ինչպես նաև հակասության մեջ են հակամարտության էության հետ:

Ղարաբաղյան հակամարտությունն իրական մարդկանց մասին է, որոնք ապրում են իրենց ծննդավայրում, իրավունք ունեն որոշելու իրենց և իրենց հայրենիքի ապագան ու ճակատագիրը: Սա հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքն է: Սա ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ հղում կատարելով ազգերի ինքնորոշման իրավունքին և անձերի հավասար իրավունքներին: Ի դեպ, Ադրբեջանը ևս ընդունել է այս սկզբունքները՝ միանալով 2009-ին Աթենքում ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակներում ընդունված ԼՂ հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել