hhpress.am: Ջերմոցային տնտեսությունների բնականոն գործունեության համար, բնականաբար, ստեղծված իրավիճակը չէր կարող նպաստավոր պայմաններ ստեղծել։ Այն, որ տնտեսավարողը հույսը դնում է այս սեզոնին բերքի իրացման վրա, այս տարի չի կարող շահութաբեր համարել, քանի որ արտակարգ դրության պայմաններում բանջարեղենի եւ ծաղկի ոլորտում գնողունակության անկումը ֆինանսական խնդիրների առջեւ է կանգնեցրել նաեւ այս տնտեսություններին։ Շատ տնտեսավարողներ, որոնք զբաղվում են ծաղկի ու տարբեր մշակաբույսերի աճեցմամբ եւ չեն կարողացել արտադրանքն իրացնել՝ գազով ջեռուցելով ջերմատունը, այս ընթացքում պարտքեր են կուտակել սպառած գազի դիմաց։

«Ջերմոցային ասոցիացիա» ՀԿ նախագահ Պողոս Գեւորգյանը նշեց, որ թիրախում հայտնվել են հատկապես ծաղկի մշակությամբ զբաղվող տնտեսավարողները։ Նշենք, որ օդային հաղորդակցության փակ լինելու պատճառով այն տնտեսավարողները, որոնք կարողանում էին, օրինակ, վարդի մեծ խմբաքանակ արտահանել դեպի ՌԴ, որտեղ սպառման պահանջարկը մեծ էր, այս անգամ աճեցրածն անգամ ներքին շուկայում սպառելու խնդիր են ունեցել։ Ոչ բարենպաստ վիճակում են հայտնվել նաեւ բանջարեղեն մշակող ջերմոցները։ Օրինակ, երբ ապրիլ ամիսը սովորաբար լոլիկի ստացման եւ իրացման ամենաբարենպաստ շրջանն է, գազի պատճառով չեն կարող դադարեցնել գործունեությունը, որ արտադրանքը չփչանա։

Հիմնական աջակցությունը, որն ակնկալում են ջերմոցային տնտեսությունները, գազի վարձավճարների մարման հետաձգումն է, որի ուղղությամբ ասոցիացիան արդեն աջակցության փաթեթ է ներկայացրել ԱԺ։ «Ցանկալի է, որ յուրաքանչյուր ֆերմերի հետ առանձին բանակցություններ տարվեն ժամկետների երկարացման հետ կապված։ Սա միակ արդյունավետ միջոցն է, որ տնտեսավարողը շարունակի աշխատել արտադրանքի մշակման ուղղությամբ եւ կարողանա պահպանել բերքատվությունը։ Նախնական տվյալներով, բանակցություններ են տարվել «Գազպրոմ» ՓԲԸ-ի հետ, եւ հավանական է, որ գազի մարման ժամկետները երկարաձգվեն։

Այդ մասին հստակ որոշում կկայացվի առաջիկա օրերին»,–նշեց Պողոս Գեւորգյանը՝ հավելելով, որ ջերմոցային տնտեսություններում գրանցված բոլոր աշխատակիցները կարողացել են աջակցության գործիքներից օգտվել։ Գերխնդիրը, որն այժմ տնտեսավարողի «ուսերին» է, գազի սպառած վարձավճարի երկարաձգումն է, ինչը կընձեռի հնարավորություն ապրանքն իրացնելու եւ որոշ եկամտաբերություն ապահովելու։ «Ջերմոցների համար արտադրանքի սպառման լավագույն շուկա էին նաեւ ռեստորանները, ուստի դրանց փակ լինելու եւ չիրացված ապրանքի պատճառով պետք է գոնե գազի սպառման դիմաց վարձավճարի մարման հարցում տնտեսավարողներին օժանդակենք»,–ընդգծեց «Ջերմոցային ասոցիացիայի» ղեկավարը։

Շարունակությունը՝ hhpress.am-ում