Հյուսիս-հարավի աշխատանքն իրականացնող 19 կազմակերպություն փակել է Աշտարակ-Թալին մայրուղին |24news.am|
07:48 - 30 մայիսի, 2019

Հյուսիս-հարավի աշխատանքն իրականացնող 19 կազմակերպություն փակել է Աշտարակ-Թալին մայրուղին |24news.am|

24news.am։ Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունն իրականացնող իսպանական «Կորսիան Կորվիամ» ընկերության ենթակապալառու 19 շինարարական կազմակերպությունների աշխատակիցներ այսօր՝ մայիսի 30-ին, փակելու են Աշտարակ-Թալին մայրուղին և բողոքի ակցիա են իրականացնելու՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձը։ Այդ մասին  հայտնեց կազմակերպություններից մեկի աշխատակից Գուրգեն Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ երեկ աշխատավարձերի հարցին անդրադարձել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը, ըստ Գորգեն Հովհաննիսյանի լղոզված պատասխան է տվել հարցին։

«2018-ի օգոստոսից մինչև հիմա 19 ընկերությունների շուրջ 800 աշխատակից աշխատավարձ չի ստացել։ Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակում Աշտարակ-Թալին 47 կմ հատվածի աշխատանքները դադարեցված են։ «Կորսիան Կորվիամ» ընկերությունը հարցը գցում է կառավարության վրա, կառավարությւոնը՝ այս ընկերության վրա» ,- նշեց շինարարական կազմակերպության աշխատակիցը։

Ըստ նրա՝ ամիսներ շարունակ այս հարցը ենթակապալառու ընկերությունները բարձրաձայնում են, հանդիպումներ են ունեցել և՛ նախարարի, և՛ փոխնախարարի, և՛ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչների հետ, սակայն ապարդյուն։

Երեկ էլ այդ մասին կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ բարձրաձայնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ Նա հետաքրքրվեց, թե Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարություն իրականացնող «Կորսիան Կորվիամ» ընկերության կուտակած պարտքերով՝ ե՞րբ է ընկերությունը վերադարձնելու ենթակապալառու ընկերությունների պարտքերը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարության առաջին և երկրորդ տրանշերի հետ կապված կան խնդիրներ, որոնք վերաբերում են և՛ աշխատանքների որակին, և՛ կատարման ժամկետներին:

«Մենք հիմա փաստացի նաև բանակցում են «Կորսիան Կորվիամ» ընկերության հետ և ուզում ենք հասկանալ արդյոք գնո՞ւմ ենք միջազգային արբիտրաժ, թե՞ չենք գնում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, պարտավորություն չունի ենթակապալառուների նկատմամբ:

Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այս պահի դրությամբ պարտավորություն չունենք «Կորսիան Կորվիամ» ընկերության նկատմամբ: Բանակցությունների պրոցեսում մենք պետք է հասկանանք, թե ի՞նչ լուծումներ ենք փորձելու գտնել: Բայց էդ լուծումները պետք է լինեն ընդհանուր հանրային շահից բխող»,- նշել էր փոխվարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել