Հիմնական փուլի մրցույթի արդյունքները ԳԹԿ-ն տրամադրել է բուհերին, բուհերը դրանք տեղադրել են իրենց կայքերում. ԳԹԿ փոխտնօրեն |aysor.am|
08:24 - 16 հուլիսի, 2019

Հիմնական փուլի մրցույթի արդյունքները ԳԹԿ-ն տրամադրել է բուհերին, բուհերը դրանք տեղադրել են իրենց կայքերում. ԳԹԿ փոխտնօրեն |aysor.am|

aysor.am: Քննություններն ընթացել են ընդունելության կարգի պահանջներին համապատասխան, լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով քննությունների արդյունքները՝ ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։

«Արտառոց ոչ մի բան կամ կարգից դուրս որևէ բան տեղի չի ունեցել, եթե չհաշվենք դիմորդների կողմից հեռախոսների, ժամացույցների, ծածկագրերի օգտագործումը», - ասաց Նասիբյանը։

Նա նշեց, թե հիմնական փուլի մրցույթի արդյունքները ԳԹԿ-ն տրամադրել է բուհերին, բուհերը դրանք տեղադրել են իրենց կայքերում։

Եղել են նաև բողոքարկումներ։ Դրանց առյուծի բաժինը, Կարո Նասիբյանի խոսքով, ընկել է հայոց լեզու և հայ գրականության և քիմիայի միասնական քննությանի թեստերին։
«6000 դիմորդից 180 դիմում-բողոք է ստացվել, դրանց ճնշող մեծամասնությունը խնդրանք է եղել։ Եղել են բողոքներ նաև թեստի վերաբերյալ՝ մինչև դրա բովանդակությանը ծանոթանալը։

Տարածեցին, թե իբր հայոց լեզու և հայ գրականություն առարկայի թեստի առաջադրանքները կազմված են եղել շտեմարաններից դուրս առաջադրանքներից, սակայն ԳԹԿ մասնագետներն առաջադրանք առ առաջադրանք մատնանշեցին շտեմարանի այն հատվածները, որտեղից կազմված են եղել դրանք։ Շտեմարաններում պատասխանների տեղերը փոխվեցին և անգիրները չաշխատեցին։ Դա էր պատճառը, որ այս տարի հայոց լեզու և հայ գրականություն առարկայից ունեցանք ավելի շատ անբավարար գնահատականներ՝ քննություն հանձնողների 19.6 տոկոսը», - տեղեկացրեց ԳԹԿ փոխտնօրենը։

Կարո Նասիբյանն ասաց, թե տարիներ շարունակ հայոց լեզու առարկայի դասաժամերն անընդհատ կրճատվում են.

«Ինքս եղել եմ ուսուցիչ, և եթե իմ դասավանդման ժամանակ գոյականին տրվում էր 55 դասաժամ, այսօր տրվում է ընդամենը 20 դասաժամ։ Թեմաներ կան, որ ընդամենը մեկ դասաժամով ուսուցիչը պետք է ավարտի։ Սա լուրջ խնդիր է և լուրջ քննարկման նյութ։ Կարծում եմ, որ կրթության կառավարման մարմինը շատ արագ կանդրադառնա այս հարցին։ Չի կարելի, որ երեխան 7 տարի խոսի հայերեն, դպրոցում 12 տարի գրի, կարդա, խոսի հայերերն, ու հետո ստուգենք և ասենք, թե դու անբավարար գիտելիք ունես հայերենից։ Սա աբսուրդ է»։

4540 դիմորդից հայոց լեզու և հայ գրականություն առարկայից բացասական գնահատական է ստացել 1162 դիմորդ։
Նասիբյանն ասաց, թե ամենաբարձր միավորները՝ 19-20, դիմորդները ստացել են օտար լեզու առարկայից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել