Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը |hetq.am|
14:20 - 06 մայիսի, 2020

Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, քիչ առաջ հրապարակել է որոշում, որով Վատիկանում Հայաստանի արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։  

Մինասյանը գտնվում է հետախուզման մեջ։ Վերջինս «Ֆեյսբուքի» իր էջով պարբերաբար տեսանյութեր է հրապարակում ու անդրադառնում իր վերաբերյալ քրեական գործին ու  Հայաստանի իշխանությունների գործելաոճին։

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործով, որը հարուցվել է 2018 թվականին, Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել 2020 թվականի մարտի 17-ին՝ Քրեական օրենսգրքի 310.1 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի հարստացման 2  դրվագ, 314.3 հոդվածով՝ հայտարարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը և 190-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը):

Խոսքն, ըստ քրեական գործի,  1 մլն 200  հազար դոլարի փողերի լվացման մասին է։ Նրան  կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացվել մարտի 23-ին, իսկ խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու համար դատարանը խորհրդակցական սենյակ է հեռացել երեկ՝ մայիսի 5-ին, այսինքն՝ միջնորդությունը ստանալուց ավելի քան 40 օր անց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել