Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով առաջարկվում է հինգաստիճան հարկային համակարգի փոխարեն ունենալ երեքը
11:34 - 07 հունիսի, 2019

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով առաջարկվում է հինգաստիճան հարկային համակարգի փոխարեն ունենալ երեքը

armenpress.am: ՀՀ կառավարությունը Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով առաջարկում է հինգաստիճան հարկային համակարգի փոխարեն ունենալ երեքը: Ինքնազբաղված անձանց և ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների հարկման համակարգերի փոխարեն կներդրվի մեկ միասնական միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ: Փոփոխությունների փաթեթը ԱԺ հունիսի 7-ի արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Այսօր ունենք փոքր և միջին ձեռնարկատիրության համար նախատեսված 3, երբեմն նաև 4 համակարգեր՝ ինքնազբաղված անձանց հարկային համակարգ, ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների հարկման համակարգ, շրջանառության հարկի համակարգ, արտոնագրային և ավելացված արժեքի հարկ վճարողների հարկային համակարգեր: Հարկային համակարգի բազմազանությունը բերում է հարկային օրենսդրության բարդության: Դրա արդյունքում մի կողմից տնտեսավարող սուբյեկտների համար բարդանում է հարկային հաշվառումը, մյուս կողմից հարկային մարմինների համար բարդանում է հարկային վարչարարությունը: Հետևաբար` առաջարկում ենք էականորեն պարզեցնել այս բազմազանությունը: Մասնավորապես ինքնազբաղված անձանց հարկման համակարգի և ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների հարկման համակարգի փոխարեն կներդրվի մեկ միասնական միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ՝ ընդ որում ընդլայնելով միկրոձեռնարկատիրության միջավայրը»,-ներկայացրեց Պողոսյանը:

Ինքնազբաղված անձանց հարկման համակարգի առավելագույն շեմը 9 մլն դրամ է, իսկ ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգինը՝ 18 մլն դրամ: Միկրոձեռնարկատիրության համար առաջարկվում է 24 մլն դրամ իրացման շրջանառության շեմ: Ինքնազբաղված անձինք չենք կարող ունենալ վարձու աշխատողներ, իսկ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները՝ միայն ընտանիքի անդամներից: Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում այդպիսի սահմանափակում չկա: Այս հարկման համակարգում չկա նաև գործունեության իրականցման վայրի քանակի սահմանափակում:

Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել