Հավակնություն եմ ցուցաբերում Աբովյանում վերջ տալ կլանային կառավարման բարքերին,  ախրանիկների ինստիտուտներին․ Կոտայքի մարզպետ
09:09 - 09 հունիսի, 2019

Հավակնություն եմ ցուցաբերում Աբովյանում վերջ տալ կլանային կառավարման բարքերին, ախրանիկների ինստիտուտներին․ Կոտայքի մարզպետ

tert.am:  Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը  լրագրողների հետ զրույցում ասաց, որ ահազանգեր կան, որ որոշակի պետական ինստիտուտների առումով փոքր-ինչ կաշկանդումներ կան նախկին իրողությունները կանխարգելու գործում։

Նա նշեց, որ ինքը շրջել է մեկ-երկու տեղամասերի շրջակայքով և համոզվել, որ, բարեբախտաբար, այդպես չէ։ Պետրոսյանը նշեց, որ չի լսել տեղեկատվությունը, որ իրենց թեկնածուի պաստառները մեքենաների վրա փակցված տեղամասերի մոտով շրջում են։ «Մենք մեր պաստառները և գրությունները բոլորը պոկել ենք, մենք օրենքի տառը հարգում ենք, և մեր գործողությունները բխում են օրենքի տառից»,-ասաց նա։

Անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած միջադեպին, երբ այրել էին իրենց ենթաշտաբի պետի մեքենան և տան նախամուտքը, մարզպետը նշեց, որ այս պահին չի կարող ասել, թե դա նախընտրական կրքերով պայմանավորված միջադեպ էր, թե ոչ։ Նշեց, որ ընդգրկուն քննչական գործողություններ են իրականացվում։

Իսկ թե քննարկվում է քաղաքական դրդապատճառ, Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ քրգործը հարուցվել է ուրիշի գույքը կանխամտածված փչացնելու հոդվածներով, բայց բոլոր վարկածները՝ մոտիվացիայի հետ կապված, այս պահին քննարկման մեջ են, այդ թվում՝ քաղաքական, անձնական, ընտանեկան:

Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե երկու օր առաջ քաղաքապետարանում չարաշահումների մասով հարուցված քրգործը արդյոք չի կարող ազդել ընտրությունների ընթացքի վրա, մարզպետն արձագանքեց, որ կարող է նման տպավորություն ստեղծվել։

«Բայց պատասխանատու կերպով ասում եմ, որ դեռևս նոյեմբեր-փետրվար ամիսների միջակայքում բազմաթիվ աշխատանքային հանդիպումների ժամանակ՝ մարզխորհրդի նիստերին, ինչպես նաև մամուլի շրջանի թողարկումները դիտարկելով կարող են տեսնել, որ բազմաթիվ հորդորներ եմ հղել, որ զերծ մնան հողային աճուրդներից։ Մասնավորապես, 67 լոտային աճուրդների մեջ կոռուպցիոն մեխանիզմներ կան, ռերևույթ հանցակազմ կա, և միշտ կոչ եմ արել, որ Աբովյանում, երբ կան ֆոնդային բյուջեում զգալի միջոցներ, դրանց կարիքը չկա, և պետք է զերծ մնան, եթե չունեն զարտուղի ճանապարհով պայմանավորվածություններ։ Ականջալուր չեղան, և բնական է, որ իրավապահները պետք է արձագանքեին, և դա զուգադիպեց ընտրությունների հետ, այն դեպքում, երբ չորս ամիս առաջ ենք դրա մասին խոսել»,-ասաց նա։

Հարցին, թե քարոզարշավը հարթ չէ, իրավիճակը լարված է, մարզպետը պատասխանեց, որ իրենք առարկայական քննադատություններ են հնչեցրել, փաստերով։ «Մենք առողջ քաղաքական դիսկուրս ենք վարել, հակառակ ճամբարում ինչ է եղել, ինքներդ տեսեք»,-ասաց նա:

Խոսելով ԱԺ ԲՀԿ պատգամավոր Էդուարդ Բաբայանի այն հայտարարություններից, որ մարզպետը ամբիցիոզ հայտարարությունն է անում, որ քաղաքում մթնոլորտը լավ, է և նա էլ փորձում իր քայլերով իրավիճակը սրել, Պետրոսյանը նշեց, որ այո, ինքը հավակնություն է ցուցաբերում Աբովյանում վերջ տալ «կլանային կառավարման բարքերին, վերջ տալ ախրանիկների ինստիտուտների կառավարմանը. «Պատասխանատու հայտարարություն եմ անում, այո, այդ առումով ամբիցիոզ քայլեր եմ արել։ Իսկ առհասարակ իմ մասնակցությունը քարոզարշավին առողջ է, տրամաբանված, քանի որ ես հանդիսանում եմ ՔՊ վարչության անդամ և պետք է ներգրավված լինեմ»:

Նա շարունակեց․ «Հակադարձ հարց է առաջնում՝ Էդուարդ Բաբայանն ինքն ի՞նչ է անում Աբովյան քաղաքի համար»։

Լրագրողոները մեջբերեցին նրա խոսքերը, որ ինքը Վահագն Գևորգյանի մանկության ընկերն է։ «Այո մանկության ընկերն է․․․ 100 մետր հեռու Վահագն Գևորգյանի առանձնատունն է վեր խոյանում, որը ուղիղ հանդիպակաց է Էդուարդ Բաբյանի առանձնատանը, ես իրենց գործունեության ու պաշտոնավարման ընթացքում միայն այդ երկու տեղաշարժն եմ տեսել Աբովյանում որպես Աբովյանի քաղաքացի»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե մարդիկ, ովքեր ոչինչ չեն արել Աբովյանի համար, խոսում են, և «մուտիլովկայի» ժամանակը չէ, Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ ինքը, երբ 2017-ին «Ելք» դաշինքի կողմից որպես ընդդիմադիր գործիչ առաջադրված էր պատգամավորի թեկնածու, տեղամասերի առջև կուտակված էին 30-40 «հաստավիզ ախրանիկներ»։ «Ես նրանց այստեղից վտարելու գործընթացի մեջ լուրջ աշխատանք եմ ունեցել, և հիմա աբովյանցին, երբ այնտեղից անկաշկանդ քայլում է տեղամաս, անկաշկանդ ընտրություն է կատարում՝ առանց հաստավիզ ախրանիկի սևեռուն հայացքի առանց ցուցակի, պարտավորության և իր կամքով իշխանություն է ձևավորում, իմ համեստ ներդրման արդյունքն է, ահա թե ինչ եմ արել քաղաքում»։

Մարզպետն ասաց, որ սա կենաց-մահու պայքար չէ, այլ պետական ինստիտուտների ամրապնդման պայքար է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել