Հաջորդ շաբաթվա ընթացքում կամ մինչև այս շաբաթվա վերջ գործունեության նոր տեսակներ կարող են թույլատրվել․ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ
13:06 - 15 ապրիլի, 2020

Հաջորդ շաբաթվա ընթացքում կամ մինչև այս շաբաթվա վերջ գործունեության նոր տեսակներ կարող են թույլատրվել․ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ երկուշաբթի օրվանից գործում է տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ պարետի որոշման փոփոխությունը, համաձայն որի՝ տնտեսական գործունեության որոշ նոր տեսակներ արդեն թույլատրվում են։ Խոսքը, մասնավորապես, ծխախոտային արտադրատեսակների արտադրության, շինարարության, շինանյութերի արտադրության մասին է՝ որոշ սահմանափակումներով։ 

«Այս պահի դրությամբ իրականացվում են աշխատանքներ, կարծում եմ՝ հաջորդ շաբաթվա ընթացքում կամ մինչև այս շաբաթվա վերջ, կախված իրավիճակից և տեղաշարժի սահմանափակումներից, գործունեության նոր տեսակներ կարող են թույլատրվել,- նշեց նա։ 

Վարոս Սիմոնյանն ասաց, որ շատ հարցեր են լինում, թե տնտեսական գործունեության մի քանի տեսակներ, մասնավորապես՝ տեքստիլի հետ կապված, ինչու են արգելված այս պահի դրությամբ։

«Հարցը քննարկվում է և կկայացվեն համապատասխան որոշումներ։ Փուլային տարբերակով գործունեության այդ տեսակները նույնպես կթույլատրվեն։ Կախված համաճարակի տարածումից և իրավիճակից՝ որոշումները կընդունվեն հընթացս, և մենք կունենանք գործունեության փուլային բացվածքի տեքսով տնտեսական գործունեության տեսակների գրեթե ամբողջական գործունեություն,- նշեց նա։ 

Վարոս Սիմոնյանը հայտնեց, որ բացի ԵԱՏՄ շրջանակում մինչև այս պահն իրականացված միջոցառումներից՝  ակտիվ քննարկվում է նաև այլ համատեղ միջոցառումների իրականացումը։

«Նախաձեռնություն է իրականացվել ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների կողմից,  և շուտով կա՛մ Հայաստանի կառավարության կողմից, կա՛մ ԵԱՏՄ-ի շրջանակում առաջարկ կներկայացվի, որ որոշ ապրանքատեսակների մասով, որոնք  օգտագործվում են տնտեսության մեջ և ունեն թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական նշանակություն, ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը ժամանակավորապես կա՛մ զրոյացվեն, կա՛մ հնարավորինս իջեցվեն, որը թույլ կտա խթանել արտադրությունը, արդյունաբերությունը,- նշեց նա։  

Վարոս Սիմոնյանի խոսքով՝ Էկոնոմիկայի նախարարությունը քննարկումներ է իրականացնում տնտեսվարողների հետ՝ հասկանալու համար, թե ապրանքատեսակների բաղկացուցիչ որ մասերը կամ հումքի որ տեսաները կարող են ունենալ մեծ նշանակություն տնտեսության մեջ։  Նա հայտնեց, որ ապրանքատեսակների ցանկը կկազմվի և կքննարկվի ԵԱՏՄ անդամ երկրների հետ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել