armtimes.com: Հաշմադամություն ունեցող անձինք անհանգստացած են, որ կարող են պետության կողմից տրվող թոշակից զրկվել: Քանի որ երկրում արտակարգ դրություն է հայտարարված եւ շուտով լրանում է շատերի հաշմանդամության կարգի ժամկետները, նրանք չգիտեն, թե ինչ կլինի, եթե չհանձնեն պարտադիր բժշկասոցիալական փորձաքննությունը: 

Բանն այն է, որ հաշմանդամություն ունեցող անձինք պետք է յուրաքանչյուր տարի դիմեն ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի համապատասխան բաժին, որպեսզի անհրաժեշտ ախտորոշիչ միջոցառումների արդյունքում վերահաստատվի վերջիններիս հաշմանդամության կարգն ու շարունակեն թոշակ ստանալ: Այս խնդրով անհանգստացած որոշ մարդիկ դիմել էին նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Աննա Կոստանյանին, որն էլ ֆեյսբուքյան գրառմամբ բարձրաձայնել էր հարցը:

«Տեղեկացված չեմ՝ արդյոք հանձնաժողովն այս օրերին գործում է, թէ ոչ, սակայն նույնիսկ գործելու դեպքում, առողջական խնդիրներով շահառու հանդիսացող քաղաքացիները գտնվում են ռիսկային խմբում եւ լավ կլիներ, որպեսզի արտակարգ դրությամբ պայմանավորված՝ նրանք շարունակեին վճարվել պետության կողմից՝ առանց տարածքային բժշկասոցիալական փորձաքննական բաժին այցելելու»,-ֆեյսբուքյան իր էջում գրել էր պատգամավորը:

Կոստանյանն առաջարկել էր, որ մինչեւ կարանտինի ավարտը պետությունը քաղաքացիներին նախատեսված գումարից չզրկի, եթե նույնիսկ լրացել է նրանց կարգի ժամկետը:

Պարզվում է՝ պետությունն այս հարցին մասին հոգացել էր ավելի վաղ, քան շահառուները կսկսեին անհանգսանալ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը արձագանքել էր պատգամավորի գրառմանն ու մեկնաբանություններում նշել, որ այդ հարցը դեռեւս մեկ ամիս առաջ է լուծվել եւ անհանգստանալու կարիք չկա: Նախարարը վստահեցրել էր, որ համանդամություն ունեցող անձինք շարունակելու են համապատասխան թոշակ ստանալ քանի դեռ կարանտինում են: Ըստ Բաթոյանի, եթե հրատապ փորձաքննության կարիք լինի, դա էլ է արվում: Ոչ մի աշխատանք կասեցված չէ: