Հանքերի իրական սեփականատերերը կարող են և չբացահայտվել |civilnet.am|

07:57 - 07 հունիսի, 2019

civilnet.am: Փետրվարի 21-ին մեծ շուքով ազդարարվեց, որ Հայաստանում բացահայտվելու են հանքերի իրական սեփականատերերը։ Սակայն խորհրդարանի ընդունած օրենքը պարունակում է դրույթ, որը թույլ կտա հանքարդյունաբերող ընկերություններին խուսափել այս պահանջից։ Թեմայի շուրջ ՍիվիլՆեթին մեկնաբանություն է տվել Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Հանքերի իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը սկսվել էր 2017-ից, երբ Հայաստանը դարձավ արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) անդամ։ ԱՃԹՆ ստանդարտը պահանջում էր, որ նախաձեռնությանը մասնակից երկրները հրապարակեն հանքարդյունաբերական ընկերությունների իրական սեփականատերերի հանրային ռեեստր։ Այս տարվա փետրվարի 21-ին կառավարությունն ընդունեց օրենքի նախագծերի փաթեթ, որը ապրիլին սկսեց քննարկվել խորհրդարանում։

Արդեն իսկ խորհրդարանում ընդունված օրենքի համաձայն՝ իրական սեփականատերեր են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք տիրապետում են իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի առնվազն 10 տոկոսին։ Այլ կերպ ասած՝ հանքարդյունաբերական ընկերությունում մինչև 10 տոկոս բաժնեմաս ունեցող իրավաբանական կամ ֆիզիակական անձը ազատվում է այդ բաժնեմասի իրական սեփականատիրոջը բացահայտելու պարտադրանքից։

Սա էլ իր հերթին կարող է հնարավորություն տալ հանքարդյունաբերական ընկերությունում 10 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձին «մասնատել» բաժնեմասերը այնպես, որ դրանք ստացվեն 10 տոկոսից ցածր ու չվերաբերեն իրական սեփականատերերի բացահայտման անհրաժեշտությանը։

Խորհրդարանում քննարկումների ժամանակ, սակայն, պատգամավորները այդ հարցով հիմնական զեկուցող, էներգետիկայի և բնական պաշարների արդեն նախկին նախարար Գարեգին Բաղրամյանից չհետաքրքրվեցին՝ ինչու է սահմանվել բաժնեմասերի նման սահմանաչափ։ Իսկ կառավարությունում այս հարցով քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ փորձեց հավաստիանալ, որ հանքերի իրական սեփականատերերի մասին ինֆորմացիան ամբողջական ու մատչելի է լինելու։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը վստահեցրեց՝ հանքերի իրական սեփականատերերի շղթան բացվելու է մինչև վերջին շահառու ֆիզիկական անձը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Սիվիլնեթի հետ զրույցում, պատախանելով հարցին, թե ինչու է որոշվել իրական սեփականատիրոջ բացահայտման դրույթը սահմանել ընկերությունում 10 և ավելի տոկոս բաժնեմաս ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա, ասաց, որ օրենքի բոլոր դետալներին չի տիրապետում։

«Առհասարակ որևէ օրենքում սողանցքներ միշտ կարելի է գտնել։ Կարելի է ճիշտ կամ սխալ մեկնաբանել օրենքը, ու առաջ է գալիս օրենքի՝ իրական կյանքում կիրառելիության հարցը»,- նշեց Ավինյանը։ Նրա խոսքով՝ հնարավոր է այնպիսի ընթացակարգ սահմանել, որը շատ ու շատ կբարդացնի հանքերի իրական սեփականատերերին թաքցնելը։

Շարունակությունը՝ civilnet.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել