Հանրային հեռուստաընկերությունը, կուրթանցի ընտանիքն ու Նիկոլ Փաշինյանը․ առանց եզրակացության
19:07 - 11 մարտի, 2020

Հանրային հեռուստաընկերությունը, կուրթանցի ընտանիքն ու Նիկոլ Փաշինյանը․ առանց եզրակացության

Այս տարվա մարտի 7-ին սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզի Գյուլագարակ գյուղ, որտեղ նրան մոտեցավ Մեխակ Առաքելյանը՝ նշելով, որ երկրաշարժի ժամանակ տուն են կորցրել և հիմա բնակվում են վագոն-տնակում։

Նիկոլ Փաշինյանը բնակչին պատասխանեց հետևյալը․

«Զբոսաշրջության աճ ենք ապահովել, ճանապարհ ենք կառուցել, հետն էլ բնակարան երիտասարդ ընտանիքին ծրագիր ենք դրել, եկամտահարկի վերադարձման ծրագիր ենք դրել, աշխատիր Հայաստան ծրագիր ենք դրել: Ձեռդ, ոտդ տեղը տղա ես, մի հատ բան ստեղծի, աշխատի, գնա տունդ սարքի, վարչապե՞տն է քո տունը սարքելու: Բա քեզ նման տղեն բա՞ն է, կներես, մի քիչ էլ արժանապատվության հարց է, առողջ տղամարդը կգա ուրիշ առողջ տղամարդուն կասի՝ արի իմ տան հարցը լուծի, իմ հացի հարցը լուծի՞, բա մեր հացի հարցը ո՞վ է լուծել, լուծել ենք՝ չարչարվելով»:

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց այցի տեսանյութը հետևյալ վերտառությամբ՝ «Անակնկալ կանգառ Գյուլագարակում եւ շատ կարեւոր խոսակցություն վերջում»:

Մեխակ Առաքելյանի սոցիալական անապահովության խնդրի վերաբերյալ մարտի 7-10-ը հրապարակումներ չեղան։ Կառավարող ուժի ներկայացուցիչները ևս չանդրադարձան տեղի ունեցածին։

Երեկ՝ մարտի 10-ին news.am լրատվականը հրապարակեց ռեպորտաժ Մեխակ Առաքելյանի ընտանիքի, սոցիալական պայմանների, առողջական խնդիրների վերաբերյալ, ինչը մեծ տարածում գտավ և  խնդրի վերաբերյալ հանրային քննարկում առաջ բերեց։

Արդեն այսօր առավոտյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրեց, որ այցելելու է Կուրթան գյուղ՝ Մեխակ Առաքելյանի ընտանիքին։

Ժամը 13։43-ին Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց, որ Կուրթան գյուղի ճանապարհին է և հավելեց, որ Մեխակ Առաքելյանի ընտանիքի համար լավ լուր ունի․ արտերկրում բնակվող մեր հայրենակիցները պատրաստվում են օգնել ընտանիքին՝ այն բանից հետո, երբ տեղեկացել են, որ Մեխակ Առաքելյանն առողջական խնդիր ունի։

Սիփան Փաշինյանի ուղիղ եթերից րոպեներ անց՝ 13։55-ին, Նիկոլ Փաշինյանը Սիսիանում ընթացող հանրահավաքի ելույթի ժամանակ ներողություն խնդրեց Մեխակ Առաքելյանից՝ մարտի 7-ին Գյուլագարակում տեղի ունեցած խոսակցության համար։

Ժամը 14։10-ին Հանրային հեռուստաընկերության 1lurer.am կայքը Սիսիանում ընացող քարոզարշավց հրապարակեց Նիկոլ Փաշինյանի ներողության հատվածը։

Ժամը 14։26-ին 1lurer.am-ը հրապարակեց Մեխակ Առաքելյանի մասին պատմող ռեպորտաժ՝ 2 րոպե 14 վայրկյան տևողությամբ։ Ռեպորտաժի ընթացքում 33 վայրկյան խոսվում է ընտանիքի կենսապայմանների մասին, 13 վայրկյան՝ Մեխակ Առաքելյանի առողջական խնդիրների, 16 վայրկյան՝ հանրության կողմից առաջարկվող օգնության մասին, իսկ մնացած 72 վայրկյանը նվիրված է Նիկոլ Փաշինյանին ճշմարտացիության հիմնավորմանը, խոսակցությունից հետո Փաշինյանից չհիասթափվելուն, «Այո»-ի քարոզչական բուկլետը հանդիսացող «ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր»-ը խնամքով պահելուն ու նորից Նիկոլ Փաշինյանին ընտրելու պատրաստակամությանը։ 

Ժամը 14։56 - ին 1lurer.am-ը  լուսաբանում է Սիփան Փաշինյանի այցը Կուրթան գյուղ՝ «Կուրթանցի Մեխակի խնդիրները կլուծվեն» վերտառությամբ։

Եզրակացությունները թողնում ենք ընթերցողին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել