Հայ և լեհ պատգամավորները ակտիվացնում են խորհրդարանական համագործակցությունը
06:26 - 04 հուլիսի, 2019

Հայ և լեհ պատգամավորները ակտիվացնում են խորհրդարանական համագործակցությունը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը՝ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ հուլիսի 2-4-ը գտնվում է Վարշավայում՝ Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ ԵՄ հարցերով հանձնաժողովի հետ համատեղ նիստի աշխատանքներին մասնակցելու համար: 

ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում են նաեւ «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավորներ Սոս Ավետիսյանը եւ Անուշ Բեղլոյանը, «Բարգավաճ Հայաստան»-ից` Արման Աբովյանը, «Լուսավոր Հայաստան»-ից` Արման Բաբաջանյանը:

Համատեղ նիստի ընթացքում հայ եւ լեհ պատգամավորները հանդես են եկել զեկույցներով՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության եւ Հարավային Կովկասում համագործակցության ու կայունության հարցերի, ինչպես նաեւ հայ-լեհական երկկողմ հարաբերությունների վերաբերյալ:

Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է հայ-լեհական երկկողմ հարաբերություններին՝ կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը:

Այս համատեքստում կողմերը համոզմունք են հայտնել, որ ոլորտային համապատասխան երկու հանձնաժողովների միջեւ համագործակցությունը, օրենսդրական գործունեության հետ կապված փորձի փոխանակումը, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ քննարկումների անցկացումը կնպաստեն Հայաստանի Հանրապետության եւ Լեհաստանի Հանրապետության խորհրդարանների միջեւ երկկողմ կապերի խթանմանը:

Նշվել է, որ համատեղ լսումների կազմակերպումը, փոխադարձ այցերը, միջազգային հարթակներում ակտիվ փոխգործակցությունը եւս իրենց նպաստը կբերեն վերոնշյալ նպատակների իրականացմանը:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործակցության օրակարգին՝ հանձնաժողովի նախագահն իր գոհունակությունն է հայտնել Լեհաստանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման առնչությամբ եւ հույս հայտնել, որ ԵՄ մյուս երկրների ազգային խորհրդարանները եւս Համաձայնագիրը հնարավորինս արագ կվավերացնեն:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հրամայականը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են համատեղ հայտարարություն՝ հաջորդ համատեղ նիստը նախատեսելով անցկացնել 2020 թվականին՝ Երեւանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել