Հայ-շվեդական համագործակցությունը խորանալու հեռանկարներ ունի
12:41 - 22 մարտի, 2019

Հայ-շվեդական համագործակցությունը խորանալու հեռանկարներ ունի

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կառավարության կողմից իրականացվող աշխատանքների շրջանակում նախատեսում է մի շարք ոլորտներում նոր ռազմավարությունների մշակում, նոր ծրագրերի իրականացում, և այս փուլում հատկապես շատ կարևոր է հանդիպումը ձեզ հետ։ Մասնավորապես, մեզ համար շատ կարևոր են մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումները՝ երեխաների, հաշմանդամություն ունեցող անձնանց, կանանց, տարեցներին վերաբերող քաղաքականության մշակման և իրականացման գործում»,- այս մասին ասել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման նախարար Փիթեր Էրիքսոնի հետ հանդիպման ընթացքում։

Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է․

«Մենք բաց ենք համագործակցության համար և ունենք հստակ ծրագրեր, ռազմավարություններ, որոնք պլանավորում ենք մշակել, այդ թվում նաև նախարարության կառուցվածքային փոփոխություններ՝ ի նպաստ այդ ռազմավարությունների իրականացման»։

«Շվեդիան աշխարհում հայտնի է իր բարեկեցության ուժեղ մոդելով, և այս առումով նույնպես հնարավոր ապագա համագործակցությունն ի շահ երկու երկրների կլինի»,- ասել է փոխնախարարը։

Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման հարցերի նախարարը ողջունել է մեր երկրում կատարվող փոփոխությունները, մասնավորապես ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ: Նա նշել է, որ Շվեդիան, որպես 10 տարի առաջ «Արևելյան գործընկերության» ծրագիրը նախաձեռնած երկրներից մեկը, պատրաստ է խորացնել կապերը Հայաստանի հետ տարբեր բնագավառներում, այդ թվում՝ գենդերային հավասարության, մարդկանց իրավունքների պաշտպանության և այլ հարցերում:

Հանդիպման ընթացքում նախարար Զարուհի Բաթոյանը խոսել է նաև այն խնդիրների մասին, որոնք առկա են ոլորտում և որոնց ուղղությամբ արդեն իսկ ծրագրեր են մշակվում և իրականացվում։ Շվեդական պատվիրակության անդամները ողջունել են այն փաստը, որ Հայաստանում կանանց մասնակցությունը քաղաքականության և որոշումների կայացման գործընթացներում դրական տեղաշարժ է արձանագրել, և հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաները կարևորում են կանանց մասնակցայնության հարցը։ Նրանք նաև ուրախությամբ լսել են այն ծրագրերի մասին, որոնք իրականացնում է նախարարությունը կանանց զբաղվածության ապահովման, աշխատող մայրերին երեխայի խնամքի համար աջակցության և այլ հարցերում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել