Հայկական պատվիրակությունը մասնակցում է ԵՄ սննդամթերքի անվտանգության լիազոր մարմնի կողմից կազմակերպված տարածաշրջանային աշխատաժողովին
08:20 - 23 հոկտեմբերի, 2019

Հայկական պատվիրակությունը մասնակցում է ԵՄ սննդամթերքի անվտանգության լիազոր մարմնի կողմից կազմակերպված տարածաշրջանային աշխատաժողովին

Հոկտեմբերի 21-22-ն ընկած ժամանակահատվածում ԵՄ սննդամթերքի անվտանգության լիազոր մարմինը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կազմակերպել էր քիմիական և մանրէաբանական ռիսկերի գնահատման պրակտիկ աշխատաժողով, որին հրավիրված էին Արևելյան գործընկերության երկրների ռիսկերի գնահատման ոլորտի ներկայացուցիչները:

Հայաստանն՝ ի դեմս ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի, սերտորեն համագործակցում է ԵՄ սննդամթերքի անվտանգության լիազոր մարմնի հետ։ Աշխատոժողովին ՀՀ-ն ներկայացնում էին սննդի ռիսկերի կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանն ու փորձագիտական խմբի ղեկավար Մելինե Բեգլարյանը: Աշխատաժողովի նպատակն էր քննարկել նոր մարտահրավերներն ու պրակտիկ քննարկումների միջոցով հասկանալ արևելյան գործընկեության երկրներում առկա փորձն ու առաջնահերթությունները:

Հայկական պատվիրակությունը ներկայացրեց ՀՀ-ում ոլորտի վերջին ձեռքբերումները, մասնավորապես սննդի սպառման միջազգային մեթոդների ներդրման ուղղությամբ FoodEx համակարգի կիրարկման, ինչպես նաև ներկայացրեց քիմիական վտանգների ռիսկի գնահատման ոլորտի միջազգային հեղինակավոր ամսագրերում վերջին տպագրությունները: Պատվիրակության անդամները ներառված լինելով տարբեր աշխատանքային խմբերում՝ ընտրվել են որպես խմբերի խոսնակներ։

ԵՄ սննդամթերքի անվտանգության լիազոր մարմինն այս տարի ֆինանսավորել էր նաև ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի ներկայացուցչի մասնակցությունը EU-FORA ծրագրին, ինչն աննախադեպ էր՝ հաշվի առնելով, որ ծրագիրը նախատեսված է ԵՄ անդամ պետությունների համար և ԵՄ աջակցության շնորհիվ Հայաստանը կարողանում է բարեհաջող ներդնել ՀՀ-ում սննդի ռիսկի գնահատման առաջավոր փորձը:

ԵՄ սննդամթերքի անվտանգության լիազոր մարմնի համագործակցության հանձնակատար Ստիլիլանոս Կոլորիսն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել EU-FORA ծրագրի շրջանավարտ Մելինե Բեգլարյանին ու Վրաստանի ներկայացուցչին՝ մանրէաբանական ռիսկերի կանխագուշակման ոլորտում հիանալի շնորհանդեսի համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել