Առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի համագործակցության շրջանակներում Հայաստան է ժամանել ԱՀԿ փորձագիտական առաքելությունը:

ՀՀ առողջապահության նախարարությունից, փորձագետների հետ հանդիպել են առողջապահության նախարարի տեղակալներ  Լենա Նանուշյանը և  Արսեն Դավթյանը:
Հյուրերը ներկայացրել են այցի նպատակը, որ գնահատելու են առողջապահության ոլորտում մարդկային ներուժի պլանավորման ու զարգացման համակարգը և հավելել, որ պատրաստ են տեխնիկական աջակցություն ցուցաբերել առավել արդյունավետ քաղաքականության մշակմանը:

Լենա Նանուշյանը ներկայացրել է առողջապահության ոլորտում մարդկային ներուժի պլանավորման առկա իրավիճակը, բժշկական և բուժքույրական կադրերի հետբուհական կրթության, շարունակական մասնագիտական զարգացման ներկա կարգավորումները, հավաստագրման նոր համակարգը:

5-օրյա այցի շրջանակում փորձագետները հանդիպել են բժշկական կրթական հաստատությունների և մասնագիտական ասոցիացիաների ներկայացուցիչների հետ: Ի թիվս այլ հարցերի` քննարկվել են նաև մարդկային ներուժի ռեգիստրի ստեղծման հնարավորությունները:
ԱՀԿ փորձագիտական առաքելությունը նախատեսում է իրականացնել մարզային այցեր` գնահատելու կադրերի համալրման խնդիրը:

armenpress.am