Հայաստանում հնարավոր է մեկ-երկու շաբաթում տասնյակ հազարավոր թեստեր արտադրել․ Արսեն Առաքելյան
 |armtimes.com|
21:47 - 07 ապրիլի, 2020

Հայաստանում հնարավոր է մեկ-երկու շաբաթում տասնյակ հազարավոր թեստեր արտադրել․ Արսեն Առաքելյան |armtimes.com|

armtimes.com: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտնեց, որ կառավարությունը 550․000 դոլար է հատկացրել Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին՝ COVID-19-ի թեստեր արտադրելու համար։

Այս թեմայով Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ նշելով․ «Հարգելի՛ լրագրողներ, ինչպես երեկ նշեց ՀՀ վարչապետը, կառավարությունը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետ քննարկում է կորոնավիրուսի տեղական թեստերի արտադրության հարցը և այդ նպատակով ֆինանսավորում է հատկացվելու: Իհարկե, տրամաբանական ու գնահատելի է լրատվամիջոցների ուշադրությունը և հետևողականությունը՝ լուսաբանելու այս գործընթացը։ Սակայն հաշվի առնելով իրավիճակի հրատապությունը, ինչպես նաև ինստիտուտի հանձնառության սեղմ ժամկետները՝ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ հարցազրույցներ ու պարզաբանումներ տալու անկարողությանը։

Միաժամանակ ուզում ենք տեղեկացնել, որ այս պահին վարչապետի հայտարարությունն ու մինչև այժմ հնչած տեղեկություններն առավելագույնն են, որ հնարավոր է տրամադրել լրատվադաշտին։ Շնորհակալ ենք ձեր հետաքրքրվածության և տեղեկությունն ամբողջական ներկայացնելու ջանքերի համար։ Առաջին իսկ հնարավորության դեպքում մենք կտրամադրենք հավելյալ տեղեկություն։ Միասին սպասենք լավ լուրերի․․․»։

Արսեն Առաքելյանն, այդուհանդերձ, Հանրային ռադիոյի լրագրողի հետ զրույցում որոշակի տեղեկատվություն է հաղորդել։ Նշել է, որ կորոնավիրուսի թեստեր արտադրելու առաջարկը իրենք են ներկայացրել, քանի որ Կառավարությունը թեստավորումների քանակի ավելացումը համարել էր գերակա խնդիր։

Նա նշել է, որ արտադրությունը հիմնված է արդեն հայտնի տեխնոլոգիայի վրա։ Անհրաժեշտ պարագաներն ու նյութերն էլ կարելի է ձեռք բերել։ Այժմ բանակցություններ են ընթանում եվրոպական, չինական, սինգապուրյան ու մալայզիական արտադրողների հետ՝ համապատասխան նյութերը ձեռք բերելու համար։

Առաքելյանը լրագրողի հետ զրույցում վստահեցրել է, որ պատրաստ են մեկ-երկու շաբաթում տասնյակ հազարավոր թեստեր արտադրել։ Այդ ամենին նպաստում է Կառավարության որոշումն ու աջակցությունը։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել