Հայաստանում բժշկական ապահովագրությունը պետք է պետական ապահովագրության հիմնադրամի միջոցով իրականացվի․ նախարար
09:22 - 13 մայիսի, 2019

Հայաստանում բժշկական ապահովագրությունը պետք է պետական ապահովագրության հիմնադրամի միջոցով իրականացվի․ նախարար

Ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ Հայաստանում համընդհանուր բժշկական ապահովագրության անցնելու վերաբերյալ հարցին։

Նախարարը մասնավորապես նշեց․ «Այո, մենք ասում ենք, որ պետք է ներդնենք համընդհանուր առողջապահական ծածկույթի գաղափարը՝ կոնկրետ էս դեպքում ապահովագրության ներդրման կամ ընդլայնման միջոցով, որովհետև երբ ասում ենք համընդդհանուր առողջապահական ծածկույթ, նկատի չունենք միայն ֆինանսավորումը, այլ նաև աշխարհագրությունը, մատուցվող ծառայությունների հավասարաչափ բաշխվածությունը։

Մենք այսօր էլ Հայաստանում առողջության առաջնային պահպանման մակարդակում  ունենք էդ համընդհանուր առողջապահական ծածկույթը, որտեղ բոլոր քաղաքացիներն առնվազն կարող են օգտվել հիվանդանոցային ծառայություններից՝ առանց հավելյալ վճարումների, և մենք հենց հիմա շատ լուրջ քայլեր ու հաշվարկներ ենք անում այդ համակարգի ներդրման ուղղությամբ»։

Նա վերահաստատեց իր մտադրությունը՝ անել դա հանրային կամ պետական ապահովագրական հիմնադրամի միջոցով՝ նշելով, որ պատճառը ոչ թե այն է, որ ինքը պարզապես սիրում է դա, այլ որովհետև հիմնավորված է փաստերով։ «Պետական առողջապահական հիմնադրամներն ունեն մի քանի առավելություններ։ Դրանցից մեկն ավելի էժան ադմինիստրատիվ ծախսերն են, որովհետև մասնավոր ապահովագրությունները, օրինակ, Հայաստանում հինգ տոկոս շահույթ և հինգ տոկոս ադմինիստրատիվ ծախսեր են վերցնում իրենց ապահովագրության գումարից, իսկ պետական առողջապահական գործակալության ծախսերը մեր դեպքում մի տոկոսն էլ չի անցնում, իսկ աշխարհում տատանվում է 0,8-2 տոկոսի շրջանակներում»,- ասաց առողջապահության նախարարը՝ պարզաբանելով՝հավելյալ գումարը, որ մասնավոր ապահովագրականն էր վերցնում, նորից կծախսվի առողջապահական, բժշկական ծառայությունների վրա։

Ըստ Թորոսյանի՝ հաջորդ կարևոր առավելությունը ռիսկերի համաչափ բաշխումն է։ «Որովհետև երբ որ մասնավոր ապահովագրություն ունես, այն շահագրգռված է առողջ ազգաբնակչությանը ապահովագրելու մեջ, որոնք շատ քիչ են հիվանդանում, իսկ պետականի համար, երբ որ դու հավաքում ես բոլորին նույն տեղում՝ առողջ, հիվանդ, երիտասարդ, ծեր, երեխա, մեծահասակա, մեղմում ես ռիսկերը և ունենում բոլորի համար հավասարաչափ ծածկույթ»,- նշեց նախարարը։

Նա բացատրեց, որ սա ոչ թե դասական, այլ սոցիալական ապահովության համակարգ է։ «Տարբերությունը մեծ է, որ դու չես կապում դա բիզնես շահի հետ, այսինքն՝ դու սոցիալական համերաշխության վրա հիմնված, տարբեր քաղաքացիների առողջական ռիսկերը հաշվի առնող համակարգ ես ներդնում, որպեսզի նրանք չանեն այնպիսի աղետալի առողջական ծախսեր, որոնք բերում են աղքատության»,- ասաց Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ մեր երկրում առողջապահական ծախսեր կատարող ընտանիքների մոտ կեսը աղքատանում է դրա պատճառով։

Նախարարն ասաց, որ պատմում են՝ մասնավոր ապահովագրական ընկերությունները իրենց գրասենյակները հատուկ տեղադրում են երրորդ հարկում՝ առանց լիֆտով շենքերում, ու ով կարողացավ հասնել այդ հարկ, միայն նրանց են ապահովագրում, որովհետև դա տնտեսապես շահավետ է։

«Էդ ռեպլիկի կարգով, բայց ընդհանուր առմամբ ամբողջությամբ հիմնավորված է ունենալ ադպիսի համակարգ, բազմաթիվ երկրների օրինակներ կան, այդ թվում նաև ձախողված երկրների օրինակներ կան, որոնք չեն արել էդպես՝ հետո վերադարձել են․ նույն մեր հարևան Վրաստանը։ Սահակաշվիլիի կառավարության ժամանակ ինչքան էլ որ դրական փոփոխություններ Վրաստանում սկսվեցին, նաև սուպերլիբերալ որոշումներ կայացվեցին, երբեմն նեոլիբերալ, որոնք որ հետագայում ձախողման բերեցին էդ համակարգերը։ Մասնավոր առողջապահական ապահովագրությունը դրանցից մեկն էր, և հետագա կառավարությունը ամբողջությամբ վերացրեց այդ համակարգն ու բացեց մեկ պետական առողջապահական հիմնադրամ, որը որ այսօր Վրաստանում ապահովում է այդ համընդհանուր ծածկույթը»,- նշեց նախարարը։

Արսեն Թորոսյանը նաև փաստեց, որ Վրաստանը առողջապահության վրա պետական միջոցներից մոտավորապես երկու անգամ շատ է ծախսում, քան Հայաստանը։ «Էստոնիան Հայաստանի չափ փոքր երկիր է, Հարավային Կորեան, որը գիտեք՝ ինչքան զարգացած երկիր է, բայց, միևնույնն է, պետական առողջապահական հիմնադրամի միջոցով է անում։ Միևնույն ժամանակ դա չի բացառում մասնավոր ապահովագրականների ներգրավվածությունն էդ համակարգում։ Նույն Հարավային Կորեայում 100 տոկոսանոց ծածկույթ կա պետական հիմնադրամի միջոցով ամբողջ ազգաբնակչությանը, և ևս 70 տոկոս ծածկույթ կա մասնավոր ապահովագրականների միջոցով, որոնք որ հավելյալ ծառայություններ են առաջարկում, օրինակ շքեղ պալատներ, առանց հերթի միջամտություններ, պլաստիկ վիրաբուժություն»,- ասաց Թորոսյանը։

Նա բացատրեց՝ երբ որ իրենք համընդհանուրը, բազային, կյանք փրկող փաթեթը տրամադրում են, մասնավորները կարող են արդեն հավելյալի վրա աշխատել։

«Մեր քննարկումների ժամանակ, որոնք որ կհանգուցալուծվեն 1-2 շաբաթվա մեջ, պետք է հասնենք կոնսենսուսի, որ գնանք իմ ասած ուղղությամբ։ Ժամկետների առումով դեռ հույս ունեմ, որ 21 թվականին հասցնելու ենք, որվհետև ահռելի մեծ աշխատանք պիտի կատարվի՝ սկսած մաթեմատիկական հաշվարկներից վերջացրած բյուտջետային հատկացումներ ապահովելով»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ ապահովագրությունը չի ենթադրում, թե պետությունը ձեռքերը լվանում է, այլ լրիվ հակառակը՝  նշանակում է՝ պետությունը նաև հավելյալ միջոցներ պետք է ներդնի իր քաղաքացիների ապահովագրելու համար։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել