Հայաստանի քաղաքացիներն անհամբերությամբ սպասում են դեպի ԵՄ ազատ ճանապարհորդելու հնարավորությանը. Փաշինյանը՝ Տուսկին |lragir.am|
13:48 - 05 մարտի, 2019

Հայաստանի քաղաքացիներն անհամբերությամբ սպասում են դեպի ԵՄ ազատ ճանապարհորդելու հնարավորությանը. Փաշինյանը՝ Տուսկին |lragir.am|

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ Բրյուսելում կայացած հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, որը կարևորագույն գործիք է երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու Հայաստանի բարեփոխումների օրակարգի իրականացման համար:

Մենք համակարծիք ենք, որ բոլոր անդամ պետությունների կողմից համաձայնագրի հնարավորինս արագ վավերացումն էական նշանակություն ունի և թույլ կտա լիարժեքորեն օգտվել այս փաստաթղթով նախատեսված բոլոր հնարավորություններից, որոնք ժամանակավորապես կիրառվում են 2018 թվականի հունիսից: Այս համատեքստում, մենք քննարկեցինք վավերացման գործընթացի արագացման ուղիները»,- հանդիպումից հետո իր հայտարարության ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ իրենք երկուստեք համաձայնել են, որ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը բխում է CEPA-ով ստանձնած փոխադարձ պարտավորություններից, ինչպես նաև Արևելյան գործընկերության գագաթաժողովներում արված համապատասխան հայտարարություններից:

«Հայաստանի քաղաքացիներն անհամբերությամբ սպասում են մոտ ապագայում դեպի Եվրամիություն ազատ ճանապարհորդելու հնարավորությանը: Մենք հուսով ենք, որ այս հարցում քաղաքական որոշում կարձանագրվի, քանի որ դա շոշափելի արդյունք կլինի մեր քաղաքացիների համար ու առավել տեսանելի կդարձնի մեր գործընկերությանը»,- ասաց ՀՀ վարչապետը:

Ըստ նրա՝ նախագահ Տուսկի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արևելյան գործընկերության առաջիկա 10-րդ տարեդարձին: «Ես վերահաստատեցի Արևելյան գործընկերության 10-ամյակի համատեղ նախապատրաստական աշխատանքներում ակտիվորեն ներգրավվելու մեր պատրաստակամությունը»,- ասաց նա:

lragir.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել