Հայաստանի շրջափակումը, միջազգային փաստաթղթեր և ինքնապաշտպանության իրավունք #FreeZone
16:31 - 16 մայիսի, 2019

Հայաստանի շրջափակումը, միջազգային փաստաթղթեր և ինքնապաշտպանության իրավունք #FreeZone

Պատերազմը քաղաքականության շարունակությունն է` ուրիշ միջոցներով... 
Կառլ Կլաուզեվից՝ պրուսական գեներալ, ռազմական տեսաբան

Նախաբան՝ հիշողությունների և զգայական մաս

Հերթական ամառային հանգստի տրամադրություն էր 1990 թվականին, մեկնում էինք Լենիգրադ քաղաքի մերձակա խորհրդային ճամբարը: Գնացքի ճանապարհը պետք է անցներ Ադրբեջանի ԽՍՀ-ի տարածքով: Առաջին անգամն էր, երբ երեխաներով լի գնացքի վրա Ադրբեջանի տարածքում քարերի տարափ էր թափվում, որին հաճույքով պատասխանում էինք գնացքում ունեցած սննդամթերքով, մինչև այն պահը, երբ կոտրվեցին պատուհանների զգալի մի մասը, սպառնալիքը մեկն էր՝ ոչնչացումը, իսկ գնացքում արդեն խորհրդային զինվորներն էին: Հետճանապարհը միայն ինքնաթիռով․ ասում էին, թե ճանապարհները փակ են անգամ Վրաստանի տարածքով:

1991թ.-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը պաշտոնապես հաստատվեց․ փակվեցին ճանապարհները, երկաթգիծը, գազամուղը և այլն:

1993թ.-ին սկսվեց Հայաստանի շրջափակումը Թուրքիայի կողմից:

Այդ տարիներին Հայաստանում միայն մեկ բան կար՝ ոչինչ չկար: Առաջինն տպավորությունն այն էր, որ քեզ կամաց-կամաց ոչնչացնում են:

Առանց պատերազմ հայտարելու, հարևանին ոչնչացնելու մաս

«Ադրբեջանը օգտագործում է և կօգտագործի բոլոր միջոցները Հայաստանը մեկուսացնելու համար և դա կշարունակվի այնքան ժամանակ մինչև մերը տարածքները չեն ազատագրվի»: Իլհամ Ալիև

«Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Պատերազմը դեռ չի ավարտվել: Ավարտվել է առաջին փուլը»։ Իլհամ Ալիև

«Ովքեր գրավել են մեր եղբայրների տարածքների քսան տոկոսը, ով չի թողնում վերադառնան իրենց տները, իզուր հույսեր են կապում, թե մենք իրենց համար կբացենք մեր սահմանները: Այս իրավիճակում զավթիչները պետք է իրենք առաջին քայլը կատարեն»: Ռեջեփ Էրդողան

«Ասելով, որ մենք ժողովուրդ ենք ապրող տարբեր երկրներում, մենք ընդգծում ենք, այն գիտակցումը, որ մենք ուղնուծուծով եղբայրներ ենք»։ Ռեջեփ Էրդողան

Փաստացի մաս
Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը ոչ միայն նպատակ է հետապնդում ի ցույց դնել այդ երկու երկրների միասնությունը, այլ նաև հստակ մատնանշվում է դրա կապը Արցախի խնդրի լուծման հետ:

Հայաստանի հանրապետության շրջափակմամբ խնդիր է դրվում.

1. Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն չտալ բարելավելու իր սոցիալ-տնտեսական վիճակը:
2. Հայաստանին զրկել գործարար գրավչությունից:
3. Էժան և դյուրին ճանապարհներով անհրաժեշտ ռեսուրսների ձեռք բերումը դժվարացնել կամ անհնարին դարձնել:
4. Հայաստանի բնակչության արտագաղթի խթանումը:
5. Ռազմատնտեսական մրցակցությունից զրկել:
6. Տարածաշրջանային և համաշխարհային գործընթացներից դուրս թողնել:
7. Վերը նշվածից ածանցվող այլ խնդիրներ:

Նշվածի ապացույցներից են նաև Հայաստանը շրջանցող մի շարք տարածաշրջանային նշանակություններ ունեցող ծրագրերը, որոնցից են՝ Հարավկովկասյան գազատարը, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, Բաքու-Նովորոսիյսկ նավթատարը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը: Սակայն Ադրբեջանի գլոբալ տնտեսական ծրագիրը՝ Հարավային միջանցք կոչվող գազատարն է, որն անցնում է Բաքու-Թբիլիսի-Անկարա-Սան Ֆակա քաղաքների մոտակայքով (կառուցման ծախսերը կազմել են 31.8 մլդ. Ամերիկյան դոլար)։ Ապագայում նպատակ կա այն հասցնել մինչև կենտրոնական Եվրոպա, որի համար հավելյալ կծախսվի 10 մլդ․ ամերիկյան դոլար: Ծրագրով հետաքրքված են նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բուլղարիան, Հունաստանը և Ալբանիան:

Ըստ ադրբեջանական մամուլի, «Թանափ» կոչվող գազատարը սկսել է կառուցվել  Ռուսատանի գազային խողովակաշարերից Ադրբեջանի կախումը նվազեցնելու համար: Ասվածը տրամաբանական է հնչում, եթե Ռուսաստանը ընդհանրապես մաս չունենար: Այսպես, գազատարի մտահղացումը ադրբեջանաթուրքական է, բայց այն ոչ թե պատկանում է Ադրբեջանին, այլ՝ գործընկեր են հանդիսանում բրիտանական BP ( 28,8%), ադրբեջանական SOCAR (16,7%), նորվեգական Statoil (15,5%), իրանական NICO (10,0%), ֆրանսիականTotal (10,0%), ռուսական LUKoil (10,0%), թուրքական TPAO (9,0%) ընկերությունները։

Այս կազմակերպությունները տիրապետում են նաև գազատարը և ադրբեջանական Շախ-Դենիզ հանքը, իսկ Ադրբեջանը ստանալու է միայն վարձակալական գումարը: Միանգամայն պարզ է դառնում, որ սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի միջազգային դերի բարձրացման և Հայաստանի միջազգային շրջափակման փորձ:

Նմանատիպ աշխատանք է կատարվում նաև այլ ուղղություններով, որոնք թույլ են տալիս Ադրբեջանին ներկայանալ որպես միակ տարանցիք և տնտեսապես շահավետ երկիր, իսկ Հայաստանը՝ հակառակը: Վառ օրինակ է Ադրբեջանի բանակցությունները Չինաստանի հետ, որոնք ուղղված են Հայաստանը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունից դուրս թողնելուն: Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ տարածաշրջանային խաղացողների բարդ քաղաքատնտեսական իրավիճակում որոշակի առավելություն ունի:

Հատկանշական են նաև ադրբեջանական բանակի մեծածավալ զորավարժությունները, որոնք անցկացվում են տարածաշրջանում ցանկացած փոքր լարման կամ այնպիսի իրավիճակում, երբ որևէ բան Ադրբեջանի սրտով չէ: Թարմ օրինակ է ԱՄՆ-Իրան հակամարտության ստվերին սույն թվականի մայիսի 20-ին բազմահազարանոց զորավարժությունների անցկացման մասին լուրերը: Ընդ որում, նմանատիպ զորավարժությունները անցկացվում են Վիեննայի և Բուդապեշտի փաստաթղթերի կոպիտ խախտմամբ, ուղղորդված՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ ռազմական գործողություններ սկսելու իրական վտանգով:

Այսպիսով, Հայաստանը պահելով տնտեսական շրջափակման մեջ, զրկելով երկիրը տնտեսական զարգացման հնարավորությունից, հանրագումարային վերցրած ստացվում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման միակ նպատակը Հայաստանի Հանրապետության ոչնչացումն է:

Միջազգային իրավունքի մաս

1. Թուրքիայի Հանրապետությունն իր կնքած Լոզանի պայմանագրով (24 հուլիսի, 1923թ.) հանձն է առել ազատ և ոչ խտրական տարանցիկ փոխադրումներն ապահովող Բարսելոնի կոնվենցիայի (միջազգայնագրին), կանոնակարգի և առդիր արձանագրությամբ դրույթների կատարումը (Convention, Statute and supplementary Protocol, Conference of Barcelona, April 1921):
Լոզանի պայմանագրի 101-րդ հոդվածի համաձայն՝ «Թուրքիան պարտավորվում է հավատարիմ մնալ Տարանցիկ փոխադրումների ազատության վերաբերյալ կոնվենցիային և կանոնակարգին, որոնք ընդունվել են Բարսելոնում կայացած կոնֆերանսի կողմից 1921թ. ապրիլի 14-ին, ինչպես նաև միջազգային հետաքրքրություն ներկայացնող ջրուղիների աշխատակարգի վերաբերյալ նույն կոնֆերանսում 1921թ. ապրիլի 19-ին ընդունված կոնվենցիային, կանոնակարգին և առդիր արձանագրության»։

Լոզանի պայմանագրի 101-րդ հոդվածում հիշատակվող Տարանցիկ փոխադրումների ազատության վերաբերյալ Բարսելոնի կանոնակարգի (Statute on Freedom of Transit, Barcelona) 2-րդ հոդվածի համաձայն՝ հանձնառու կողմը պետք է «նպաստի իր ինքնիշխանության (sovereignty) կամ իշխանության (authority) տակ գտնվող տարածքով՝ երկաթուղով, ջրային ճանապարհով կամ ցամաքային ուղով, միջազգային փոխադրումների իրականացմանը: Ոչ մի խտրականություն չպիտի դրվի անձանց քաղաքացիության, նավերի պատկանելության (flag), ապրանքի ծագման, մեկնակետի, մուտքի, ելքի կամ վերջնահասցեի, կամ որևէ այլ հանգամանքի պատճառով, որը վերաբերում է ապրանքների կամ նավերի սեփականությանը, բեռների պահեստավորմանը կամ բեռնափոխադրման եղանակին»:

Լոզանի պայմանագրի մեկ այլ՝ 104-րդ հոդվածով, Թուրքիան պարտավորվում է «հավատարիմ մնալ Բարսելոնի կոնֆերանսի կողմից միջազգային երկաթուղիների վերաբերյալ արված (20-ը ապրիլի, 1921թ.) հանձնարարականներին» (recommendations):
Թուրքիան վերահաստատել է Բարսելոնի Տարանցիկ փոխադրումների ազատության կոնվենցիային և կանոնակարգին հավատարիմ մնալու իր պարտավորությունը 1933թ. հուլիսի 27-ին՝ միանալով վերոհիշյալ փաստաթղթերին:

Կարևոր է մատնանշել՝ ՄԱԿ-ի Գլխավոր համաժողովի թիվ 656 լիագումար նիստն (20 փետրվարի, 1957թ.) իր 1028(11) բանաձևով առաջին անգամ անդրադարձել է Ծով ելք չունեցող երկրների խնդրին և միջազգային առևտրի ընդլայնմանը (Land-locked countries and the expansion of international trade): Բանաձևը, ճանաչելով միջազգային առևտրի զարգացման համար անծով երկրներին համապատասխան տարանցիկ հնարավորությունների տրամադրման անհրաժեշտությունը, «կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրների կառավարություններին տարանցիկ առևտրի առումով լիակատար ընբռնում դրսևորել ծով ելք չունեցող անդամ երկրների կարիքներին, ուստի և տրամադրել համապատասխան տարանցիկ հնարավորություններ միջազգային իրավունքի և պրակտիկայի հիման վրա»:

3. Թուրքիայի Հանրապետությունը՝ 1969թ. մայիսի 25-ին միացել է Ծով ելք չունեցող երկրների տարանցիկ առևտրի կոնվենցիային (Նյու Յորք, 8 հուլիսի, 1965թ.) (Convention on Transit Trade of Land-locked States): Սույն կոնվենցիայի 1-ին սկզբունքը ճանաչում է, որ «ծով ելք չունեցող երկրներից յուրաքանչյուրի համար դեպի ծով ազատ ելքը վճռորոշ սկզբունք է միջազգային առևտրի ընդլայնման և տնտեսական զարգացման համար»:
Նույն կոնվենցիայի 3-րդ սկզբունքը միանշանակորեն ճանաչում է անծով երկրների դեպի ծով ազատ ելքի իրավունքը. «Որպեսզի ծովեզերք չունեցող երկրները ծովեզերք ունեցող երկրների հետ հավասարապես օգտվեն ծովերի ազատությունից, նրանք պետք է ունենան ազատ ելք դեպի ծով»:

Ավելին, նշյալ կոնվենցիայի 4-րդ սկզբունքը հաստատակամորեն պնդում է, որ «տարանցիկ ապրանքների համար չպիտի գանձվի որևէ մաքս»: Իսկ «տարանցիկ փոխադրումներ իրականացնող փոխադրամիջոցները չպիտի վճարեն հատուկ տուրքեր կամ ենթարկվեն գանձումների, որոնք ավելի բարձր են, քան վճարում են տարանցիկ երկրի տրանսպորտային միջոցները»:

Հատկանշանական է նաև, որ Վրաստանը ևս միացել է Ծով ելք չունեցող երկրների տարանցիկ առևտրի կոնվենցիային (2 հունիսի, 1999թ.): Հետևաբար, վրացականի համեմատ հայկական բեռնափոխադրողներից կատարելով ավելի մեծ գանձումներ, Վրաստանը խախտում է միջազգայնորեն ստանձնած իր պարտավորությունները, որը սույն խնդրից ածանցվող հարց է և նույնպես քննարկման առարկա է:

Միացյալ Ազգերի Կազմակերպության կանոնադրություն՝ հոդված 51-րդ հոդվածի համաձայն․ «Սույն կանոնադրությունը ոչնչով չի խաթարում անհատական կամ կոլեկտիվ ինքնապաշտպանության անքակտելի իրավունքը Միավորված ազգերի
կազմակերպության որևէ անդամի հարձակման ենթարկվելու դեպքում, քանի դեռ
Անվտանգության խորհուրդը չի ձեռնարկել միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման միջոցառումներ: Անդամների կողմից իրենց ինքնապաշտպանության իրավունքն իրականացնելու միջոցառումների մասին անմիջապես հաղորդվում են»: 

Հայաստանի Հանրապետությունը, որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, ՄԱԿ-ի կանոնակարգի 35-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա, լիովին իրավասու է «Անվտանգության խորհրդի կամ Գլխավոր համաժողովի ուշադրությանը բերել ցանկացած վեճ կամ իրավիճակ, որն իր բնույթով համապատասխանում է [սույն կանոնակարգի] 34-րդ հոդվածում վկայակոչվածին»:

ՄԱԿ-ի կանոնակարգի 34-րդ հոդվածն արձանագրում է. «Անվտանգության խորհուրդը կարող է քննության առնել ցանկացած վեճ կամ իրավիճակ, որը կարող է հանգեցնել միջազգային դիմակայության կամ առաջ բերել վեճ՝ որոշելու համար, թե արդյոք տվյալ վեճի կամ իրավիճակի շարունակումը կարող է վտանգել միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումը»:

Վերջաբան՝ ինքնապաշտպանության անհրաժեշտության մաս

Այս պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետության գոյության պայմանը հարևան երկրները առկախել են միայն իրենց կողմից սահմանները բացելու հանգամանքից, ապա նշվածը ինչ է, եթե ոչ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանին առանց պատերազմ հայտարարելու հարձակման ենթարկելու փաստ:

Ուստի գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը, բացի իրավական, տնտեսական և բանակցային միջոցներից, պետք է նաև հայտարարի Թուրքիայի և Ադրբեջանի կողմից առանց պատերազմ հայտարարելու հարձակման ենթարկվելու մասին և ցանկացած պահի բոլոր նախատեսված միջոցներով ինքնապաշտպանության իրավունքի իրագործելու հնարավորության մասին:

Այս իրավիճակում Հայաստանը ոչ միայն ցանկացած պահի իրավունքի ուժով կարդարացնի իր սահմաններին հարող հարևան երկրների կողմից մեզ շրջափակման աքցանի մեջ վերցնող տնտեսական նախագծերը ի չիք դարձնելը, այլ նաև բոլոր խաղացողներին հստակ ուղերձ կհղի, որ չարժի հայոց պետականության ոչնչացման գնով ագրեսորների հետ գնալ տնտեսական կասկածելի համատեղ ծրագրերի իրականացման, առավել ևս՝ բարիդրացիական հարաբերություններ կառուցել ագրեսոր այդ երկու երկրների հետ:

 Նարեկ Ներսիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել